ՍԻՄ-ը խաբված չէ Սահմանադրական իրավունք միությունն էլ, որին նորաստեղծ կուսակցություն չես անվանի, 98-ից հետո միայն 4 տարի անց կրկին վերադառնում է ի շրջանս յուր՝ փորձելով տեղ զբաղեցնել ընդդիմադիր դաշտում: Մենք փորձեցինք ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանից ճշտել՝ նախընտրական փուլին նախորդող 2002-ին ՍԻՄ-ն ի՞նչ տեղ է զբաղեցնելու ներքաղաքական դաշտում, հնարավո՞ր է, որ վերջինս այլ ուժերի հետ միավորում կազմի կամ, որ «Ժողովրդավարական սահմանադրություն» համագործակցությունը վերաճի նախընտրական միավորման: «Այս տարի քաղաքական ուժերի միջեւ բանակցություններ են ընթանալու, վստահ եմ, որ վերջիններիս այսօրվա դասավորությունները, կողմնորոշումներն ու դիրքորոշումները դեռ փոխվելու են, գուցե, նաեւ էապես՝ նկատի ունենալով նախագահական դաշտում առկա սոսնձող հանգամանքները, նախագահի դիրքը: Չի բացառվում, որ 2002-ին նախագահ Քոչարյանի դիրքերը որոշակիորեն սասանվեն»,- նկատեց Հ.Խաչատրյանը: «Մենք, հավանաբար, այս ամբողջ տարին հանդես ենք գալու քաղաքական բոլոր ուժերի սուր քննադատությամբ, ովքեր առիթ կտան, բայց միաժամանակ անհարկի չենք այրելու կամուրջները որեւէ մեկի հետ՝ բացառությամբ նրանց, ում հետ կամուրջները վաղուց այրված են»,- հայտարարեց նա՝ նկատի ունենալով «հանցավոր ռեժիմի» կրողներին, որոնց հնարավոր վերադարձը նրա կանխատեսմամբ՝ քիչ հավանական է. «Չեմ կարծում, որ նրանք լուրջ փորձեր կանեն: Իհարկե, որպես քաղաքական միավորում պաշտպանվելու համար պետք է քաղաքական ակտիվություն ցուցաբերեն, ինչը չարեցին 98-ին կամ 99-ին: Բայց այդ իմաստով առանձնապես մեծ համարձակություն պետք է որ չունենան: Իսկ եթե պարզվի, որ մեր ժողովրդի հիշողությունը կարճ է, ուրեմն այս երկրում չարժե քաղաքականությամբ զբաղվել»: Ի՞նչ հիմքեր կան մտածելու, որ այս տարի հնարավոր է Ռ.Քոչարյանի դիրքերի թուլացում: «Շատ ամուր դիրքեր ունեցող նախագահի կողմնակիցները հիմա պետք է շատ վստահ խոսեին, բայց այդպիսի բան դեռ չի նկատվում: Բացի այդ, եթե Ռ.Քոչարյանի ասուլիսը համեմատենք Լ.Տեր-Պետրոսյանի հայտնի հեռուստաելույթի հետ, երբ նա դատախազի գործառույթներ ստանձնեց՝ «մերկացնելով» ՀՅԴ հանցավոր բնույթը, պետք է հիշենք, որ այն ժամանակ էլ ասում էինք, թե դա պետք է աներ ոչ թե հանրապետության նախագահը, այլ՝ մեկ ուրիշը: Այն ժամանակ նա, հավանաբար, մեկ ուրիշին չէր գտել ու ինքն էր անում՝ հասարակությանն ի ցույց դնելով իր հուսահատեցնող կեցվածքը: Նույնն արեց Ռ.Քոչարյանը, երբ մանրամասնորեն ներկայացրեց ավելի քան 40 հազար աշխատատեղերի ստեղծումը՝ սահուն անցում կատարելով խորհրդարանական համակարգի կողմնակիցների վրա հարձակումներին, ինչը դարձյալ ցույց տվեց, որ չէր գտնվել մեկը՝ նրա փոխարեն այդ բանն անելու համար: Իսկ Ռ.Քոչարյանի այդ օրվա կեցվածքը ուժեղ դիրքեր ունեցող նախագահի կեցվածք չէր: Նա ուզում էր պարզապես տպավորություն գործել իրականությունից անտեղյակ բնակչության մի հատվածի՝ գյուղաբնակների վրա»,- կարծիք հայտնեց Հ.Խաչատրյանը: Այդուհանդերձ, 98-ին ՍԻՄ-ն այն կուսակցությունների թվում էր, որոնք պաշտպանում էին Քոչարյանի թեկնածությունը ՀՀ նախագահի պաշտոնում: Նախկինների մեղքերի թողության մասին խոսող ՍԻՄ-ը, որ այսօր նույն այդ նախագահի ընդդիմախոսն է, մեղքի զգացում չունի՞ անցած տարիների կորստյան համար: «Քոչարյանին պաշտպանելու տպավորությունը ստեղծվել էր այն ժամանակ, երբ մի շարք այլ քաղաքական ուժեր՝ ՀՀՇ-ն, ապա՝ ԱԺՄ-ն լեգիտիմ չէին համարում Քոչարյանի առաջադրումը՝ որպես ՀՀ նախագահի թեկնածու: ՍԻՄ-ի համար դա շատ սկզբունքային հարց էր՝ հաշվի առնելով Հայաստանի եւ ԼՂ-ի վերամիավորման մասին 89թ. դեկտեմբերի 1-ի ԳԽ որոշումը: Մենք դրանով հիշեցրինք, որ ԼՂ բնակչությունը 89-ին ստացել է ՀՀ քաղաքացիություն: Սա պաշտպանություն չէր Ռ.Քոչարյանին, բայց այդպես էր ընկալվում եւ ես դեմ չեմ դրան: Ընտրությունների 2-րդ փուլում Ռ.Քոչարյանը լրացում կատարեց իր նախընտրական ծրագրում՝ կուսակցության մասնակցությամբ Քաղաքական խորհրդի ստեղծում, որը մեր պահանջն էր, բայց դա անկատար մնաց: Բացի այդ, 98-ին 2-րդ փուլի երկու թեկնածուներից Ռ.Քոչարյանը մեզ համար ավելի կանխատեսելի էր եւ այդպիսին էլ մնաց: Այդքանն է եղել մեր պաշտպանությունն ու, կրկնում եմ, որեւէ մոլորություն չի եղել: Հետագայում նախագահին դեմ փաստարկներն ավելացան նրանով, որ մեր եւ շատերի համար անսպասելի կերպով Քոչարյանը շարունակեց ծայրահեղ ազատականությունը»,- հայտարարեց Հ.Խաչատրյանը՝ մոռանալով կամ անտեսելով, որ Ռ.Քոչարյանն, ի վերջո, այդ գաղափարախոսությունը կրող իշխանությունների վարչապետն էր եւ այլ կերպ լինել չէր կարող, եւ խոստում չէր էլ տվել: «Որեւէ խոստում ուղղակիորեն չէր տվել, բայց շատերը կարծում էին, որ այդպես չի լինելու»,- արդարացավ ՍԻՄ նախագահը՝ մեղքերի թողությունը թողնելով միայն «նախկիններին» եւ այդպես էլ չորոշակիացնելով առաջիկա նախանախընտրական ժամանակաշրջանում քաղաքական դաշտում ՍԻՄ-ի պոտենցիալ դաշնակիցների շրջանակը: Թեեւ, իհարկե, առջեւում դեռ երկար ժամանակ կա: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ