Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏԵՐ՝ ԱՌԱՆՑ ԴԵՏԵԿՏՈՐԻ

Հունվար 23,2002 00:00

ՍՏԵՐ՝ ԱՌԱՆՑ ԴԵՏԵԿՏՈՐԻ Զինդատախազության Քննչական բաժնի պետ Արտակ Հարությունյանը նշեց, որ թեեւ հարգում է լրատվություն ստանալու մեր իրավունքը, բայց հրաժարվում է մեկնաբանություններից։ Այս պատասխանը հետեւեց մեր հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են հրապարակված պնդումները, թե «Հոկտեմբերի 27»-ի գործով պոլիգրաֆ հետազոտում անցկացրած ռուս մասնագետներին՝ սարքավորմամբ հանդերձ, Հայաստան էր բերել պաշտպանության նախկին նախարարը, ներկայացրել զինդատախազին, որպեսզի նա իրենց ցանկալի ուղղությամբ հետքեր սարքեր։ Առնվազն զարմանալի է, որ այս բավական լուրջ մեղադրանքին՝ թե կողքից որեւէ մեկը կարող էր իրենց մասնագետներ պարտադրել՝ նախաքննական մարմնի ղեկավար Արտակ Հարությունյանը գերադասեց պատասխանել լռությամբ։ Փոխարենը պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը մեր հարցին ի պատասխան հաստատեց, որ ռուս մասնագետներին իրոք ինքն էր բերել. «Ինձ դիմել էր Գագիկ Ջհանգիրյանը եւ ասել, որ ճիշտ է, Հայաստանի ԱԱՆ-ն անցկացրել է հետազոտում, բայց մեր պոլիգրաֆ սարքը թույլ է (հիմա լավ չեմ հիշում՝ մեր դետեկտորը 5 ալիք ուներ կամ 3, իսկ ռուսներինը 12 էր կամ 24՝ ավելի հզոր էր շատ պարամետրերով եւ պատասխաններն ավելի ճշգրիտ էին ստացվում), եւ մասնագետները փորձ չունեն։ Նա խնդրեց, որ ես մասնագետներ հրավիրեմ Ռուսաստանից»։ Այլ՝ իշխանությանն այժմ էլ մերձ աղբյուրներ հաստատեցին, որ զինդատախազն իրոք ինքն էր այդ սարքավորման առնչությամբ աջակցություն խնդրել պաշտպանության նախարարից եւ այդ մասին հայտնի էր ե՛ւ հանրապետության նախագահին, ե՛ւ նրա աշխատակազմի ղեկավարին, ե՛ւ շատ ուրիշների։ «Ես ընդհանրապես չեմ միջամտել նախաքննությանը,- ասաց պաշտպանության նախկին նախարարը։- Իհարկե, ես աջակցություն ցուցաբերել եմ զինդատախազությանը, երբ նրանք դիմում էին ինձ։ Եթե մեքենաներ էին պետք քննչական խմբի համար՝ ես օգնում էի։ Կամ պետք էր ուժեղացնել պահպանությունը՝ Ջհանգիրյանը դիմեց ինձ, եւ ես ուժեղացրի ինչպես զինդատախազության, այնպես էլ նրա տան պահպանությունը»։ Սակայն Վաղարշակ Հարությունյանը կտրականապես հերքեց, թե կատարելով զինդատախազի խնդրանքները, ինքը նաեւ «Հոկտեմբերի 27»-ի գործի քննության ցանկալի ընթացք էր թելադրել. «Սա ակնհայտ սուտ է»։ Այն հարցի առնչությամբ էլ, թե ինչու պոլիգրաֆ հետազոտման մասնագետներ հրավիրվեցին ՌԴ-ից եւ ոչ ԱՄՆ-ից կամ եվրոպական որեւէ երկրից, Վաղարշակ Հարությունյանն ասաց. «Դե, քանի որ Քոչարյանը Ռուսաստանին էր դիմել ու կանչել «Ալֆա» ջոկատը, ես էլ գնացի այդ ճանապարհով»։ ՊՆ նախկին նախարարը մի հանգամանքի վրա էլ ուշադրություն հրավիրեց. «Եթե հիմա նրանք դժգոհում են, թե պոլիգրաֆ սարքը բերված էր ուղղորդելու համար, իրենց հրապարակումներից ակնհայտ է, որ գոհ են այդ տվյալներից եւ հիմնվում են դրանց վրա՝ ապացուցելու համար, որ Ալիկը կապ չունի։ Էլ ինչո՞ւ են բողոքում»։ Սակայն մեր կողմից նշենք, որ այդ հետազոտությունների արդյունքներին բավականաչափ «նոր տվյալներ» են վերագրվել, որոնք իրականում գոյություն չունեն։ Օրինակ, նշվել էր, թե պոլիգրաֆ հետազոտման եզրակացությամբ արձանագրվել է, որ Ալեքսան Հարությունյանը ճիշտ եւ անկեղծ էր պատասխանել, ասելով, թե նախապես չի իմացել հոկտեմբերի 27-ին կատարվածի մասին, ինչպես եւ այդ հարցերով չի խոսել Սամվել Բաբայանի հետ։ Մինչդեռ ռուս մասնագետների անցկացրած ստուգման ժամանակ նման հարցեր ընդհանրապես չեն տրվել։ Կա այլ հարց. «Դուք Նաիրի Հունանյանի հետ քննարկել եք այն նամակը, որ նրան հասցեագրել էր Սամվել Բաբայանը։ Ահաբեկչության նախօրեին Դուք Նաիրի Հունանյանի հետ քննարկե՞լ եք հեղաշրջման ծրագիրը»։ Եվ սրան հետեւած եզրակացությունը բնավ ձեռնտու չէ Ալեքսան Հարությունյանին. «Հետազոտվողի ռեակցիան չի կարող գնահատվել ոչ որպես կեղծ, ոչ էլ ճշմարտացի, եւ տվյալ դեպքում, հնարավոր է, հետազոտվողն արձագանքում է «քննարկե՞լ եք Նաիրի Հունանյանի հետ» հարցին եւ ոչ թե որոշակի «նամակ» կամ «ծրագիր» բառերին»։ Սրանք առաջին՝ փետրվարի 5-ի հետազոտման արդյունքներն են։ Իսկ փետրվարի 10-ին այդ հարցը երկու մասի են բաժանել։ Եվ ստացված եզրակացության համաձայն, Ալեքսան Հարությունյանը ճիշտ էր ասում, թե Նաիրի Հունանյանի հետ չի քննարկել Սամվել Բաբայանի նամակը։ Սակայն բացասական պատասխանն այն հարցին, թե արդյոք ահաբեկչության նախօրեին Նաիրի Հունանյանը քննարկել էր այդ ծրագիրը նախագահի խորհրդականի հետ, գնահատվել է այսպես. «Հետազոտվողի ռեակցիան անորոշ է»։ Մեջբերումներից ակնհայտ է, թե հորինված է վերոնշյալ չեղած հարցերը եւ դրանց պատասխաններն իբր անտեսելու «փաստով» հիմնավորված այն կշտամբանքը, որ շրջանցել ենք հետազոտությունների մեզ ոչ ձեռնտու արդյունքների հրապարակումը։ Ի դեպ, «27»-ի գործի նյութերից, մեղմ ասած, խեղաթյուրված մեջբերում էր ներկայացրել նաեւ մեկ այլ նախկին մեղադրյալ՝ Հարություն Հարությունյանը, որը նշել էր, թե 2000 թ. փետրվարի 1-ի իր ցուցմունքի տակ իր փաստաբանը գրել էր. «Ցուցմունքը վերցված է առանց իմ ներկայության», եւ մեր անաչառության համար էլ փորձաքար էր դիտել այն, թե արդյոք կմեջբերե՞նք նաեւ այդ տողը։ Ամենամեծ ցանկության դեպքում անգամ չէինք կարող մեջբերել այն, քանի որ իրականում Ռուբեն Ռշտունին գրել էր. «Ներկա եմ գտնվել հարցաքննությունը ընդհատելու պահից»։ Այնպես որ, թեեւ մեկ այլ նախկին մեղադրյալի պաշտպան Ռուբեն Սահակյանը կոչ էր արել տուրք չտալ հիմքերին ու փաստերին, մենք գերադասում ենք տուրք տալ բացառապես դրանց։ Եվ անմիջականորեն ուսումնասիրել փաստերը եւ ոչ թե գործի նյութերի մասին ուղղորդված «փոխադրություններ» լսել զանազան գործիչներից, փաստաբաններից ու նրանց պաշտպանյալ նախկին մեղադրյալներից։ Վերջիններիս միայն մեկ հարց ենք ուզում ուղղել՝ եթե ոչինչ չունեք թաքցնելու, ինչո՞ւ էիք ստում։ Եվ ինչո՞ւ եք այժմ էլ շարունակում ստել։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել