Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանի վճիռը՝ թղթի վրա

Հունվար 22,2002 00:00

Դատարանի վճիռը՝ թղթի վրա Մի ժամանակ ծեծված կարգախոսներ կային, թե մարդն է ամենաթանկ կապիտալը կամ էլ՝ ոչինչ չի կարող համեմատվել մանկան արցունքի հետ։ Սակայն ժամանակները այնպես են փոխվել, որ անբնական արարքները վաղուց չեն զարմացնում։ «Առավոտն» արդեն անդրադարձել է առանց Սոնիկ Սիմոնյանի գիտության նրա դստերը՝ Գավառի մանկատան սան Մարիետա Սիմոնյանին Արտաշատի բնակչուհի Ժենիկ Կարապետյանի խնամակալությանը հանձնելուն։ Նշենք նաեւ, որ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը ընդունել էր վճիռ՝ խնամակալության մասին որոշումը անվավեր ճանաչելու եւ երեխային կրկին Գավառի մանկատուն վերադարձնելու մասին։ Այն, սակայն, մնացել է թղթի վրա եւ շարունակում է չգործել։ Անարդյունք են եղել Մարիետայի տատիկի՝ Մարիետա Դուրգարյանի տարբեր գերատեսչություններ, այդ թվում եւ արդարադատության նախարարություն ուղարկված դիմում-բողոքները։ Իսկ անցյալ տարի, բառացիորեն տարեմուտին, վերջինիս ամանորի «անակնկալ» է մատուցվել։ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն (ԴԱՀԿ) ապահովող վարչության կազմատեսչական բաժնի պետ Ջ. Ռաբինյանի անունից ստացվել է պատասխան, ըստ որի, արդարացվել է Մարիետա Սիմոնյանին Ժ. Կարապետյանի խնամակալությանը թողնելը՝ հաշվի առնելով Արտաշատի քաղաքապետարանի խնամակալության եւ հոգաբարձուների հանձնաժողովի եզրակացությունը։ Սակայն Սոնիկ Սիմոնյանը երեխային մանկատուն էր հանձնել ժամանակավորապես եւ երբեք չի հրաժարվել մայրական պարտականություններից։ Մինչդեռ մորից թաքուն երեխան հանձնվել է ուրիշի խնամակալության։ Վերջիններս նաեւ պնդում են, որ երեխայի հետ հարցազրույցը անց է կացվել խնամակալին ծանոթ մանկավարժի ներկայությամբ, որը երեխային տրամադրել է իր բիոլոգիական մոր դեմ։ Այնուհանդերձ, չկամենալով հոգեկան տրավմա պատճառել փոքրիկ Մարիետային, Սոնիկ Սիմոնյանն ու Մարիետա Դուրգարյանը պատրաստ են նրան թողնել խնամակալի մոտ, պայմանով, որ վերջինս հնարավորություն ընձեռի իրենց գոնե ժամանակ առ ժամանակ այցելել երեխային։ Կարծում ենք, որ Արտաշատի քաղաքապետարանի խնամակալության եւ հոգաբարձուների խորհուրդը չնչին գթասրտություն ցուցաբերելու դեպքում կարող է օժանդակել մոր՝ զավակին տեսնելու օրինական ցանկության իրականացմանը։ Էլ չենք խոսում դատարանի օրինական վճռի մասին։ ՎԵՐԳԻՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել