Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՐԱԿԱԶՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԸ ՍԽԱԼ ՉԷՐ»

Հունվար 22,2002 00:00

«ՈՐԱԿԱԶՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԸ ՍԽԱԼ ՉԷՐ» Սակայն հարցը դեռ վերջնականապես փակված չէ «Առավոտի» ընթերցողներին տեղեկացրել էինք, որ հայաստանցի ծանրորդներ Ա. Մելիքյանը, Գ. Խաչատրյանը, Հ. Փիլոսյանն ու Ռ. Չախոյանը աշխարհի առաջնությունում դոպինգ օգտագործելու համար որակազրկվել են, ՀՀ ծանրամարտի ֆեդերացիային մեկ տարով արգելվել է որեւէ միջազգային մրցման մասնակցել։ Նույն օրը ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ եւ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Օգսեն Միրզոյանը «Առավոտին» ասել էր, թե ինքը IWF-ից ոչ մի պաշտոնական ծանուցում չի ստացել, ուստի ոչ կարող է հերքել, ոչ էլ հաստատել լուրը։ Նա խոստացել էր ստույգ տեղեկություններ տրամադրել հունվարի 19-ին՝ Բուդապեշտից վերադառնալուց հետո, որտեղ կայանալու էր IWF համաժողովը։ Հունվարի 18-ի լույս 19-ի գիշերը «Զվարթնոց» օդանավակայանում մեր մարզական մեկնաբան Աշոտ Հակոբյանը դիմավորեց Օ. Միրզոյանին ու ստացավ հետեւյալ մեկնաբանությունը։ – Հունվարի 17-ին առանձնազրույց ունեցանք IWF նախագահ դոկտոր Թամաշ Այանի հետ։ Հայաստանում տարածված ինֆորմացիան ընդհանուր առմամբ սխալ չէր։ Սակայն IWF-ի կայացրած վճիռներն այս շաբաթ պետք է քննարկվեն գործկոմի նիստում։ Մեզ համար ամենակարեւորն այն է, որ Հայաստանի մարզիկները մասնակցեն 2002թ. պաշտոնական մրցումներին։ – Ի վերջո, մեր ծանրորդները դոպինգ օգտագործե՞լ են։ – Դոպինգը չարիք է, որի դեմ, անշուշտ, պետք է պայքարել։ Հիմա շատ բան է փոխվել։ Բացատրեմ։ 2001թ. մեր հավաքականները մասնակցել են 5 պաշտոնական առաջնության, Եվրոպայի՝ 3 (պատանիներ, երիտասարդներ, մեծահասակներ) եւ աշխարհի՝ 2 (երիտասարդներ, մեծահասակներ)՝ նվաճելով 53 մեդալ։ Առաջին չորսում նվաճած մեդալները մնում են օրինական, միայն Անթալիայի երկու «արծաթն» է առայժմ չեղյալ համարվել։ Բանն այն է, որ նշածս 4 առաջնություններում դոպինգային ստուգումը կատարել է IWF-ն՝ իր պահանջներով ու չափանիշներով։ Իսկ ահա Անթալիայում այդ գործը ստանձնել է ՄՕԿ-ը՝ նոր, անհամեմատ ավելի խիստ պահանջներով։ ՄՕԿ-ի նորընտիր նախագահ Ռոգեն մասնագիտությամբ բժիշկ է եւ ՄՕԿ-ին կից ստեղծել է դոպինգային ստուգման նոր կազմակերպությունը, որը ստուգումները կատարում է Գերմանիայի եւ Իսպանիայի համապատասխան լաբորատորիաներում։ Այսուհետ ֆեդերացիաները շատ ձեւական մասնակցություն են ունենալու այդ գործին։ Այն ամբողջությամբ վերահսկելու է ՄՕԿ-ը։ – Ուրեմն դոպինգ այնուամենայնիվ եղել է ու մերոնք պարզապես անակնկալի՞ են եկել։ – Կուզեի, որ մարդիկ իմանային հետեւյալը։ Ժամանակակից սպորտում, բոլոր մարզաձեւերում, առանց դեղամիջոցների, մանավանդ, եթե բարձր ցեղերի ես հավակնում, յոլա գնալ հնարավոր չէ։ Պարզապես, կան նյութեր, որոնց պարունակությունն օրգանիզմում չափավորվում է կամ՝ արգելվում։ Դա կարգավորելն անչափ դժվար է։ Օրինակ, ասկոֆենը, որ օգտագործում են բոլորը, ՄՕԿ-ը դոպինգ է համարում, որովհետեւ դրա մեջ կա 0,000… տոկոս կոֆեին։ Մարզիկը կարող է մեղադրվել նաեւ, եթե օգտագործել է միս՝ չիմանալով, թե այդ կենդանին ինչ է կերել։ – Իսկ ինչո՞ւ IWF-ն որակազրկել է միայն հայերին։ – Բուդապեշտում տեղեկացանք, որ երկու տասնյակից ավելի ծանրորդներ եւ մեկ տասնյակից ավելի ֆեդերացիաներ ունեն ոչ պակաս պրոբլեմներ։ Անուններ, էթիկայից ելնելով, չեմ տա։ Ասեմ միայն, որ որակազրկվել է նաեւ Թամաշ Այանի հայրենակից, հունգարացի գերծանր քաշային Պավել Նայդեկը։ Եվ ընդհանրապես, աշխարհում տարբեր մարզաձեւերից որակազրկվում են հարյուրավոր մարզիկներ ու երկրների ֆեդերացիաներ։ Հիշենք «Տուր դը Ֆրանսի» սկանդալը։ Ինքներդ էլ կարող եք չվերջացող ցուցակ կազմել, որում կլինեն համաշխարհային առաջին մեծության աստղերի անուններ։ Մեղադրողները պայքարում են՝ ապացուցելու իրենց ճշմարտացիությունը, մեղադրվողները պայքարում են՝ ապացուցելու իրենց անմեղությունը։ Մնում է, որ մեզ մոտ արհեստականորեն կրքեր չբորբոքեն, հարցը չքաղաքականացնեն։ Դա կարող է բացասաբար անդրադառնալ կոնկրետ մեր մարզաձեւի հետագայի վրա ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Մինչեւ շաբաթվա վերջ սպասում եմ IWF-ից նոր տեղեկությունների, որի մասին անպայման կտեղեկացնեմ լրատվամիջոցներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել