Թափուր աթոռ ՀՖՆ-ում չկա Կամ՝ Լորիսի թա՞նն է լավը, թե՞ Թոփչյանի մածունը Սիմֆոնիկ նվագախմբերում ընդունված կարգ են մրցույթները, նվագախմբի արտիստների ունկնդրումը։ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտների համար սա նորույթ չէ։ Դեռ Լորիս Ճգնավորյանի ղեկավարած տարիներին նվագախմբի յուրաքանչյուր արտիստ ամենամյա լրջությամբ էր պատրաստվում ունկնդրումներին, դողալով իր աթոռի, իր տեղի համար։ Ֆիլհարմոնիկ նվագախմբում հունվարի 31-ին նշանակված է նվագախմբի արտիստների ունկնդրում եւ, մեր տվյալներով, նվագախմբում դժգոհություններ կան այս առիթով։ Էդուարդ Թոփչյանը ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի եւ գլխավոր դիրիժորի պաշտոնում նշանակումից մինչ օրս չի անցկացրել եւ ոչ մի ունկնդրում։ – Պրն Թոփչյան, ստանձնելով ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի եւ գլխավոր դիրիժորի պաշտոնը, երեւի թե, առաջին հերթին պետք էր անցկացվեր մրցույթ կամ ունկնդրում։ – Այո, իրավացի եք, բայց 2001թ. մեր նվագախմբի համար պատասխանատու եւ դժվար տարի էր, ոչ թե հագեցած, այլ գերհագեցած՝ համերգներով։ Պարզապես ժամանակ չկար ունկնդրում անցկացնելու։ Իհարկե, նվագախմբում աշխատում են բարձրակարգ երաժիշտներ, բայց գործիքը ձեռքը վերցնել միայն փորձերի ու համերգների ժամանակ՝ բավական կամ բավարար չէ։ Նաեւ կարող եմ բարձրաձայն ասել, որ նվագախմբում կան երաժիշտներ, որոնք այնքան չեն նվագել, չեն պարապել, որ պարզապես ժանգոտել են։ Մեր երաժիշտները թող իմանան, որ այսուհետ, տարին մեկ անգամ, անցկացվելու է ունկնդրում։ Ինձ մոտ կան երաժիշտներ, որոնք պարզապես գալիս են ու ասում. «Վերջին պուլտը իմ տեղը չի»։ Հասկանալի է, որ ես առանց լսելու, առանց ունկնդրման չեմ կարող տեղափոխություններ կատարել։ Գիտեք, ժամանակը արագ է անցնում եւ հարկավոր է ամենակարճ փորձային ժամանակամիջոցում ստեղծել անսամբլային հավասարակշռություն նվագախմբի բոլոր օղակներում։ Արդեն հայտնի է, որ երբեք ֆիլհարմոնիկի ծրագիրը, օրինակ, երկու անգամ չի կրկնվում։ Ամանորի ծրագրերից հետո, շարունակելով 2001-2002 համերգաշրջանը, հունվարի 18-ին կատարեցինք Շտրաուսի «Չղջիկը» օպերետի նախերգանքը, Շոստակովիչի թիվ 5 սիմֆոնիան եւ դաշնակահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Կատրին Ղազարյանի ու մեր նվագախմբի մեկնաբանմամբ հնչեց Շոպենի թիվ 1 կոնցերտը։ Հունվարի 20-ին ֆիլհարմոնիկ երգչախումբը, խմբավար Գեւորգ Մուրադյանի ղեկավարությամբ, Հայաստանում առաջին անգամ հնչեցրեց Ռոսինիի «Հանդիսավոր մեսսան»։ Մինչեւ համերգաշրջանի ավարտը նվագախմբի հետ կաշխատեն հրավիրված դիրիժորներ, ելույթներ կունենան ոչ միայն հայ, այլեւ արտերկրի ճանաչված երաժիշտներ։ Ձեր թույլտվությամբ վերադառնամ սկզբնական թեմային։ Այո, դժվար ու ծանրաբեռնված աշխատել ենք ու պետք է աշխատենք։ Այս բեռը թեթեւ տանելու համար պետք են նախեւառաջ բարձրակարգ երաժիշտներ եւ, իհարկե, լուրջ աշխատանք։ Այնպես որ, ունկնդրումը պետք է, եթե չասենք՝ անհրաժեշտ։ Ես բացակայելու եմ շատ կարճ ժամանակով, մեկնում են Գերմանիայի Շվերին քաղաքը, ղեկավարելու եմ երկու սիմֆոնիկ համերգ, բայց օպերային թատրոնի նվագախմբի հետ եւ արագ վերադառնալու եմ Երեւան, հասնելու հունվարի 31-ին։ – Նվագախմբի հինգ երաժիշտներ, փաստորեն, լքել են Ձեզ, թողնելով իրենց հիմնական աշխատանքը, ընկնելով Ճգնավորյանի խելքին, մի քանի կոպեկ ավել աշխատելու ակնկալիքով՝ մեկնել Իրան, Հայաստանում չգործող «Հայաստանի վիրտուոզներ» կամերային նվագախմբի կազմում… – Իհարկե ծիծաղելի է, որ Հայաստանում նման նվագախումբ չի եղել եւ չկա, բայց այդանուն նվագախումբը մեկնել է հյուրախաղերի… Ինչեւէ, ֆիլհարմոնիկը դրանից չի տուժել, մեզ մոտ կային եւ կան ստաժորներ, որոնք էլ, ինչպես տեսաք ու համոզվեցիք, հենց հունվարի 18-ի համերգում եւ այսուհետ նույնպես զբաղեցնում են «թափուր» մնացած հինգ աթոռները։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ