Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՐԵՐԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Հունվար 22,2002 00:00

ՔԱՐԵՐԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ Քրիստոնեության հռչակման 1700-ամյակի տոնակատարությունների պետական հանձնաժողովի փոխնախագահ Խոսրով Հարությունյանը երեկ ամփոփեց հանձնաժողովի մեկուկես տարվա գործունեությունը։ Դարակազմիկ հոբելյանը հավուր պատշաճի նշելու համար նախապատրաստական աշխատանքները սկսել էին դեռ 90-ականների սկզբից։ Իսկ 2000թ. հուլիսի 7-ին կազմավորվեց պետական հանձնաժողովը՝ բավական ներկայացուցչական կազմով։ Հանձնաժողովն ուներ նաեւ գործադիր կառույց՝ «Քրիստոնյա Հայաստան-1700» հիմնադրամը, որի միջոցներով (մոտ 250 մլն դրամ) եւ պետբյուջեից արված հատկացումների (մոտ 750 մլն դրամ) շնորհիվ իրականություն դարձան 2001թ. միջոցառումները։ Սակայն ընդհանուր հաշվով ծախսված 1 մլրդ դրամից 200 մլն-ը տարբեր հարկերի տեսքով վերադարձվել է պետբյուջե։ 2001թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ, փաստացի ծախսերի գերազանցումը եկամուտների նկատմամբ (այսինքն՝ հիմնադրամի պարտքը ծառայությունների եւ աշխատանքների դիմաց) կազմել է 56,3 մլն դրամ։ Բայց ըստ Խ. Հարությունյանի՝ «ընդհանուր առմամբ, հիմնադրամի ամբողջ ունեցվածքի իրացումից հետո, կունենանք շուրջ 70 մլն դրամ եկամուտների գերազանցում մեր փաստացի ծախսերի նկատմամբ»։ Անդրադառնալով հիմնադրամի ունեցած պարտքերին ու չվճարումներին, պրն Հարությունյանն ասաց. «Այս պահի դրությամբ մենք ունենք 30 մլն դրամի չվճարումներ։ Պայմանագրով այդ վճարումների ժամկետները երկարացված են՝ կատարողների հետ համաձայնեցված։ Ենթադրում ենք, որ առաջիկա 2-3 ամիսների ընթացքում այդ ամենը լրիվ կմարվի։ Դեռ ավելին՝ 70 մլն դրամ ավելի գումար կլինի, որը կօգտագործվի կամ «Քրիստոնյա Հայաստան-1700» հիմնադրամի համար, կամ կփոխանցվի պետբյուջե»։ Նա պնդում էր, որ էներգետիկներին որեւէ պարտք չունեն, բայց քիչ անց ճշտեց, որ «գուցե մի 200 հազար պարտք լինենք»։ Պրն Հարությունյանը հատուկ շեշտեց, որ մշակույթի գործիչներին իրենք որեւէ պարտք չունեն՝ «բոլորը վարձատրված են», մնացել են պարտքեր միայն «հարկային պարտավորությունների տեսակետից, որոնք շուտով կմարվեն»։ Ողջ տարվա ընթացքում միջոցառումների պատրաստմանն ու անցկացմանը մասնակցել են ավելի քան 4600 մարդ, որոնցից 4060-ը Հայաստանից, իսկ 540-ը արտերկրից։ 4060 տարբեր մասնագետների՝ սկսած երգիչներից մինչեւ բանվորներ եւ մոնտաժողներ, աշխատավարձի եւ հոնորարի տեսքով վճարած գումարի ընդհանուր չափը կազմել է 250 մլն դրամ կամ, միջին հաշվով, մեկ մասնակցին տարվա կտրվածքով 54 հազար 340 դրամ։ Իհարկե, «միջին հաշիվ» ասածը շատ հարաբերական հասկացություն է, բայց այդ հարաբերականով ստացվում է, որ աշխատակիցները ամսական ստացել են միջինը 4500 դրամի չափ խղճուկ գումար։ Այնինչ, մեր ունեցած տվյալներով, պրն Հարությունյանի եւ նրա աշխատակազմի աշխատավարձերը անսահման հեռու էին ամսական 4500 դրամ գումարից։ Հոբելյանական տարվա ողջ ընթացքը նկարահանվել է, սակայն այն փաստագրական լիամետրաժ ֆիլմ դարձնելու համար անհրաժեշտ է առնվազն 100 մլն դրամ, ինչը հիմնադրամը չունի, սակայն պրն Հարությունյանը հաստատակամ էր անելու «ամեն ինչ, որ ֆիլմը պատրաստ լինի»։ Խոսելով զբոսաշրջիկների 100- 150-հազարանոց ենթադրյալ բանակից (չմոռանանք, որ ամենասկզբում այդ բանակը 300-հազարանոց էր) նա նկատեց, թե չի ասել, որ կլինեն 100-150 հազար տուրիստներ, այլ ասել է, թե պիտի պատրաստ լինենք այդքանին ընդունելու, անկախ այն բանից, թե քանիսը կգան։ Սակայն վերջերս պրն Հարությունյանը մամուլից տեղեկացել է, որ նախորդ տարվա 9 ամիսների կտրվածքով Հայաստան է եկել 91 հազար զբոսաշրջիկ։ Իսկ դա թի՜վ է։ Տարբեր առիթներով հիմնադրամը իր միջոցներով կատարել է «կապիտալ բնույթի ծախսեր»՝ վերանորոգումներ, բարեկարգում եւ այլն։ Այդ կարգի ներդրումների ծավալը գերազանցել է 35 մլն դրամը։ Ծանր ու լարված աշխատանքային տարուց հետո մոտ մեկ ամիս Խ. Հարությունյանը մտադիր է հանգստանալ, ապա անցնել իրեն հարազատ քաղաքական գործչի դերին. «Ես քաղաքական գործիչ եմ եւ միշտ էլ կգտնեմ քաղաքական, ներքաղաքական եւ ոչ միայն ներքաղաքական կյանքում իմ ակտիվ, գործնական մասնակցության որեւէ ձեւ եւ դրա միակ տարբերակը պետական պաշտոնյա լինելը չէ»։ Մ. ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել