Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրաստ են ինքնասպան լինել

Հունվար 22,2002 00:00

Պատրաստ են ինքնասպան լինել «Պադպալկովնիկ մարդը կանանց հետ լեզվակռիվ էր տալիս»,- բողոքեց «ակադեմիա ավարտած» ոստիկանության աշխատակցի պահվածքի մասին մի շենգավիթցի։ «Մենք ուսումնարանի պլոմբած դուռը չենք ջարդում, որովհետեւ չենք ուզում այն հսկող ոստիկանության աշխատակիցների հացը կտրել»,- նրան լրացրեց բախտակից մեկ ուրիշը։ Իսկ ժամանակ առ ժամանակ բռնկվող լեզվակռիվների ու կազմակերպվող պիկետների պատճառը մոտ 20 ընտանիքներին ժամանակավորապես բնակարան ծառայած Արագածի 93 հասցեում գտնվող թիվ 6 ուսումնարանի շենքն է, որը Շենգավիթ համայնքում է։ Ուսումնարանի բնակիչների (այժմ արդեն նախկին) հավաստմամբ՝ դեկտեմբերի 21-ին ոստիկանության աշխատակիցները կոպտորեն մարդկանց դուրս են հանել շենքից՝ սպառնալով հակառակ դեպքում դիմել «դուբինկաների» օգնությանը։ Կնքվել է շենքի դուռը, իսկ մարդկանց կահկարասին ու իրերը մնացել են ներսում։ Ներկայումս մարդիկ հերթապահում են ուսումնարանի մոտ՝ փորձելով պաշտպանել կացարան ունենալու իրենց իրավունքը։ Շենգավիթի թաղապետարան այցելած նույն համայնքի «աստանդական» բնակիչները վիրավորված են, որ իրենց վստահության քվեն ստացած թաղապետը որեւէ անգամ չի այցելել իրենց, «չի էլ հետաքրքրվել կոնֆլիկտով ու բառացիորեն ուսումնարանի ճաշարանի հատակին քնող» իր համայնքի բնակիչներով։ Ու քանի որ հաճախ սարն է այցելում Մուհամեդին եւ ոչ հակառակը, իրենք էլ նույն կերպ էին վարվել։ Հավաքվել էին ու գնացել Շենգավիթի թաղապետ Մարտին Սարգսյանի մոտ, պատմել վեճի մասին, հիշեցրել բնակֆոնդի բարելավման տարիներ ձգված իրենց հերթի մասին։ Սակայն հիասթափվել էին, երբ թաղապետն ասել էր, թե «կռվածաղիկ դարձած շենքը հատկացված է քաղաքապետարանի կրթության վարչությանը»։ Եվ ինչպես չհիասթափվեին ուսումնարանի շենքում կարճ ժամանակով ծվարած ընտանիքները (բնակարանի կարիք ունեցող քաղաքացիներ), երբ ուսումնարանի լուծարվելուց հետո շինարարական վերանորոգումներ էին կատարել այնտեղ ու մի կերպ տեղավորվել։ Շենգավիթի թաղապետարանի քարտուղար Ա. Աբրահամյանից տեղեկացանք, որ ուսումնարանի շենքն իրենց տարածքում է, սակայն թաղապետարանի հաշվեկշռում չի գտնվում, «ուստի նրա հետ կապված որեւէ խնդիր թաղապետարանն ունենալ չի կարող»։ Ուսումնարանի շենքում ժամանակավորապես բնակված ընտանիքները համոզված են, որ իրենց շենքից դուրս են արել, որպեսզի այնտեղ վերաբնակեցնեն Աջափնյակ համայնքի Ֆուչիկի փողոցի վթարային շենքերի բնակիչներին։ Սակայն, ըստ նրանց, աջափնյակցիները հրաժարվել են իրենց առաջարկվող «փլված կարիճանոցից», որովհետեւ կառավարության որոշմամբ դրամական փոխհատուցման խոստում ունեին՝ նոր բնակարաններ ձեռք բերելու համար։ Նախկին ուսումնարանաբնակները նաեւ հայտնեցին, որ ուսումնարանի շենքով հետաքրքրվում է Կարմիր խաչը, որը, ըստ իրենց հասած շշուկների, մտադիր է գնել այն, վերանորոգել ու բաժանել փախստականներին։ Նրանց վկայությամբ, ուսումնարանի շենքից ակնկալիքներ ունեն տարբեր համայնքներում բնակվող ազատամարտիկներ, որոնցից ոմանք երբեմն զինված գալիս են ու ինչ-ինչ պահանջներ առաջադրում։ Աջափնյակի թաղապետի տեղակալ Ավետիք Մելքոնյանը չպատասխանեց մեր այն հարցին՝ ուղարկվե՞լ են իրենց համայնքի բնակիչները Շենգավիթ համայնքում գտնվող թիվ 6 ուսումնարանի շենքում բնակվելու, թե՞ ոչ։ Ընդամենն ասաց, որ Ֆուչիկի փողոցի վթարային շենքերում բնակվող բնակարանի օրդեր ունեցող քաղաքացիներին առաջարկվել է տեղափոխվել Էրեբունի հիվանդանոցի մոտ գտնվող պոլիկլինիկայի շենք։ Իսկ օրդեր չունեցող քաղաքացիների բնակարանի հարցը մնացել է առկախ։ Տեղեկացնենք նաեւ, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով փոխքաղաքապետ Վ. Վարդապետյանի գլխավորությամբ, որի կազմում է Աջափնյակի թաղապետը։ Ու այդ հանձնաժողովը զբաղվելու է ֆուչիկցիների խնդրով։ Ի դեպ, քաղաքապետարանի կրթության վարչության ուսումնարանների գծով տեսուչ Լեւոն Ղազարյանը ժխտեց ուսումնարանից հեռացված բնակիչներից լսած մեր այն լուրը, թե շենքից տարածք է հատկացվելու կրթության ոլորտի աշխատողներին։ Նրանից տեղեկացանք, որ թիվ 6 ուսումնարանը իսկապես միացվել է «Հայրենիք» կինոթատրոնի մոտ գտնվող սննդի քոլեջին եւ կառավարությունը դեռեւս առաջարկություն չի արել ազատված շենքը տնօրինելու վերաբերյալ։ Նա մեղադրեց ուսումնարանի տնօրենի պաշտոնակատար Հ. Շահնազարյանին՝ մարդկանց այնտեղ բնակվելու ապօրինի թույլտվություն տալու համար։ Ըստ տեսուչի, կրթվարչության պետ Օնիկ Վաթյանը կարգադրել է փակել շենքը՝ զանազան մութ գործարքներ բացառելու նկատառումներով։ «Այժմ ստեղծվել է խառնաշփոթ վիճակ, որը բախում է խոստանում»,- հայտարարում են բնակարանազուրկ ու հուսալքված շենգավիթցիները՝ վստահ, որ բախումն այդ շատ չի ուշանա։ Նրանք նաեւ համոզված չեն, թե կգտնվի հարցի լուծման օպտիմալ տարբերակ։ Առայժմ նրանց այցելած հատուկենտ պաշտոնյաները բավարարվում են վերջիններիս անունները ցուցակներում գրել-ջնջելով։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել