Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական աճ, որը ժողովրդին քիչ է մխիթարում

Հունվար 22,2002 00:00

Տնտեսական աճ, որը ժողովրդին քիչ է մխիթարում Ամանորի նախօրեին ՌԴ նախագահը հեռուստաեթերով ուղիղ կապի մեջ էր մտել իր ժողովրդի հետ՝ փորձելով սպառիչ պատասխանել վերջիններիս հուզող սոցիալական բազմաբնույթ հարցերին, միաժամանակ հարցի լուծման ուղիներ մատնանշելով։ Նույն ժամանակ, մեր երկրի ղեկավարներն իրենց շքախմբով շարունակում էին արտասահմանյան շրջագայություններ կատարել (բյուջեի սղության պայմաններում) եւ կարճատեւ դադարների ընթացքում տնտեսական աճ արձանագրել մեր երկրում։ Այն դեպքում, երբ Ռուսաստանում ընդամենը 5 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել, պարզվում է, մեզ մոտ դա շուրջ 9 տոկոս է։ 5 տոկոս աճի պայմաններում ՌԴ-ում պարբերաբար ավելանում են կենսաթոշակն ու աշխատավարձը (չնայած կոմունալ վարձերն էլ են ավելանում, բայց ոչ այնքան, որ դրանք «կուլ տան» թոշակներն ու աշխատավարձերը)։ 9 տոկոս աճի պայմաններում մեր երկրում նո՜ր-նոր ցանկանում են ավելացնել կենսաթոշակի չափերը՝ այն էլ չնչին գումարով եւ, թեպետ, կոմունալ վարձերը չեն ավելանում (քանի որ ավելանալու «տեղ չունեն»), դրա փոխարեն մթերքների գներն են բարձրանում (օրինակ՝ թռչնամիսը, հավկիթը, բուսական յուղը եւ այլն)։ Տնտեսական աճի պայմաններում շարունակում են անթույլատրելի չափով ուշանալ պետական վճարումները (մասնավորապես՝ առողջապահական առանձին հիմնարկներում, էներգահամակարգում՝ 8 ամսից մինչեւ 1 տարվա կտրվածքով)։ Այս տարվա հունվարի դրությամբ, աշխատանքի եւ զբաղվածության Վանաձորի տարածքային կենտրոնում գրանցված գործազուրկները չէին ստացել 2000թ. ապրիլ-դեկտեմբեր եւ 2001թ. հունիս-դեկտեմբեր ամիսների նպաստը։ Ընդհանրապես, անհասկանալի է, թե ինչպե՞ս է պատահում, որ նախորդ ժամանակահատվածը «սառեցվում» է, հետո վճարումներ են կատարվում մեկնարկային նոր կետից, ու էլի սառեցվում։ Նշենք, որ նույն հիմունքներով, անհետ կորածի կամ սառեցվածի կարգավիճակում էր հայտնվել 2000 թվականի 2 ամսվա ընտանեկան նպաստը։ Նույն կերպ երբեմն աշխատավարձեր են «կորչում» բյուջետային հիմնարկություններում։ Եթե տնտեսական աճ կա՝ ինչո՞ւ բյուջեն բավականաչափ գումար չի մտնում։ Եթե մուծումներ են արվում բյուջեին՝ ինչո՞ւ ժողովրդի վճարումները ժամանակին չեն տրվում։ Եթե մուծումներ չեն արվում՝ ինչո՞ւ մեղավորներին պատասխանատվության չեն ենթարկում։ Ինչո՞ւ անվճարունակ քաղաքացուն ավելի հեշտությամբ են պատժում վարձեր չմուծելու համար, քան վճարումներից չարամտորեն խուսափող պաշտոնյաներին։ Եզրակացությունը սա է. տնտեսական աճ կա ինչ-որ չափով, բայց այդ աճը դեռեւս հօգուտ ժողովրդի չէ, քանի որ չկա պատշաճ վերահսկողություն՝ տնտեսությունից ու առեւտրից ստացվող եկամուտների նկատմամբ։ Տնտեսական աճի պայմաններում էներգահամակարգը, ջրային տնտեսությունը շարունակում են կքել պարտքերի տակ, քանի որ ժողովուրդն անվճարունակ է, իսկ մեծամեծ հարկատուները՝ տնտեսող, եթե հարցը վերաբերում է «բյուջեանպաստ վճարումներ կատարելուն»։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել