Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՔՆԵՐԻ «ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ» ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունվար 22,2002 00:00

ՕՐԵՆՔՆԵՐԻ «ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ» ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ «Առավոտը» փորձում էր պարզել՝ ինչքանով է օրինական Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության կողմից իբրեւ «Թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոց» եւ «Մանուկ» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունների միացած տարբերակի տնօրեն վարչության պետ Համլետ Միրզոյանի եղբոր առաջադրումը։ Այնինչ, մինչ այդ, պարզվում է, ոչ պակաս անօրինական բաներ են կատարվում առվարչության շուրջը (կամ ներսում)։ Մասնավորապես, 10.01.02-ին ՀՀ կառավարությունը «Թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցը» եւ «Մանուկ» պոլիկլինիկան» վերակազմակերպելու որոշում է կայացրել։ Վերակազմակերպում ասվածը դրանց միաձուլումն է, որը եւս ամրագրված է վերոնշյալ որոշմամբ։ Կառավարությունը կամ հետեւողական չէ իր իսկ որոշումների մեջ, կամ նրան ձեռնտու է մոռանալ դրանք։ Բանն այն է, որ դեռեւս 2001թ. փետրվարի 5-ին վերջինս կայացրել է մի որոշում՝ «Առողջապահության համակարգի օպտիմալացման հայեցակարգը հաստատելու մասին»։ Դրա համաձայն մշակված քաղաքականությունն ասում է, որ առողջապահության առաջնային օղակը՝ ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգը, պետք է գործի առանձին։ Սա նշանակում է, որ «Մանուկ» պոլիկլինիկան՝ որպես առաջնային օղակ, թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցին, որն արդեն երկրորդային օղակ է համարվում, միացնելուց առաջ կառավարությունում պետք է չզլանային եւ կարդային իրենց իսկ ընդունած որոշումը։ Կամ առնվազն լիկբեզի համար դիմեին առողջապահության նախարարություն՝ իրենց համար ճշտելու առաջնային եւ երկրորդային օղակների՝ նույնը չլինելու հանգամանքը։ Այստեղ ամեն ինչ չէ, որ «անօրինական» է արված։ Օրենքը պահանջում է, որ կառավարության որոշման նախագիծը համաձայնեցվի շահագրգիռ նախարարությունների հետ։ Քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Հ. Միրզոյանը տեղեկանք-ամփոփագիր է ներկայացրել, որի համաձայն, որոշման նախագիծը համաձայնեցված է ՀՀ առողջապահության, պետական գույքի կառավարման, ֆինանսների եւ էկոնոմիկայի եւ արդարադատության նախարարությունների հետ։ Պրն Միրզոյանը «համաձայնեցված է» անվանել խնդրո առարկայի վերաբերյալ առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանի հետեւյալ պատասխանը Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին. «Հաշվի առնելով, որ խնդրո առարկա երկու բուժհաստատություններն էլ գտնվում են Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ներքո, կարծում եմ, նրանց միավորման վերաբերյալ որոշման կայացումը Ձեր իրավասության խնդիրն է։ Այսպիսով, առարկություն չունենալով ներկայացված որոշման նախագծի կապակցությամբ, այնուամենայնիվ հիշեցնում եմ, որ այն մասամբ հակասում է առողջապահական համակարգի բարեփոխումների ընդհանուր սկզբունքներին, որոնք հիմնականում ուղղված են հիվանդանոցային եւ պոլիկլինիկական ծառայությունների տարանջատմանը»։ Արտահայտությունների բարեկիրթ լինելը, թերեւս, չպետք է նսեմացներ դրանց բովանդակությունը։ Վերոնշյալ որոշման նախագծի վերաբերյալ տեղեկանք-հիմնավորման մեջ Հ. Միրզոյանը գրում է. «Երեւան քաղաքի առողջապահության համակարգում ընթացող օպտիմալացման գործընթացը ենթադրում է եղած միջոցների առավել նպատակային օգտագործում, միեւնույն գործառույթներն իրականացնող հաստիքների եւ կառուցվածքային ստորաբաժանումների միավորում»։ Այսինքն, դարձյալ անտեսվում են կառավարության որոշմամբ ամրագրված սկզբունքները՝ տարբեր օղակների վերաբերյալ։ Նշենք, որ այս «հիմնավորման» մեջ հիշատակված հիմքերից մեկն էլ «աշխատակիցների առաջարկներն են»։ Թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցի տնօրեն Լեւոն Մովսեսյանը այս մասին մեր հարցին ի պատասխան, հեռախոսով ասաց, որ իրենց կոլեկտիվի աշխատակիցները իրեն նման առաջարկով չեն դիմել։ Սակայն որոշ ժամանակ առաջ քաղաքապետարանի առողջապահության վարչության առաջարկությամբ ինքը ներկայացրել է հիվանդանոցի զարգացման ծրագիր, որտեղ մի կետով նշվել է «Մանուկի» եւ իրենց պոլիկլինիկայի հնարավոր միացման նպատակահարմարությունը։ Սա՞ է հիմք դարձել հետագա անօրինությունների համար, թե ոչ՝ հայտնի չէ։ Սակայն կարծում ենք համակարգի ընդունված սկզբունքներին հակասող առաջարկություն պրն Մովսեսյանն արել է՝ կամ անտեղյակ լինելով դրանց, կամ չակնկալելով, որ այն հետագայում կարող է իր դեմ գործել։ Ինչ-որ անորոշ շշուկներ կան, որ կառավարությունն իր իրավասությամբ (ոչ՝ վարչապետի) կարող է «իրավիճակային մոտեցում» հանդես բերել եւ անտեսելով իր նախորդ որոշումը, կայացնել կոնկրետ իրավիճակին անհրաժեշտ որոշում։ «Սողանցք» երեւի ա՛յս դեպքին են ասում։ Սակայն քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի 05.12.2001 կարգադրությունը պիտի որ ոչ մի «անցք» չգտնի՝ օրինականության սահմաններ ներխուժելու։ Այդ կարգադրությամբ «Մանուկ» պոլիկլինիկա» ՊՓԲ ընկերության գործադիր տնօրեն է նշանակվել Վահե Միրզոյանը, նույն ինքը՝ առվարչության պետ Համլետ Միրզոյանի եղբայրը։ Քաղաքապետի կարգադրության հիմքը, բացի Վ. Միրզոյանի դիմումից, առվարչության պետ Հ. Միրզոյանի երկու օր առաջվա գրությունն է։ Այս կապակցությամբ, այսինքն, թե ինչքանով է օրինական մերձավոր ազգականների՝ իրար ենթակայությամբ աշխատելը, «խոսք ունեն» ՀՀ աշխատանքային օրենսգիրքը եւ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքը։ Դրանցից վերջինը մասնավորապես իր 24-րդ հոդվածի («Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները») երրորդ կետում ասում է. «Քաղաքացիական ծառայողին արգելվում է համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր եւ քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ»։ Դե հիմա դո՛ւք հաշվեք, թե քանի օրենք է խախտվում Վ. Միրզոյանին աշխատատեղով ապահովելու համար։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել