Համագործակցությունը կընդլայնվի՞ ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը հույս ունի «Ենթադրվում էր, որ 2003-ի նախընտրական տարվան նախորդող 2002-ին կուսակցությունները պետք է զբաղվեին իրենց կառույցների ամրապնդմամբ, նախընտրական միավորումների ձեւավորման բանակցություններով, պետք է մեղմանային հրաժարականի, արտահերթ ընտրությունների պահանջները: Ու թեեւ 2002-ի քաղաքական կարեւոր իրադարձությունը համարում էինք սահմանադրական բարեփոխումը, այդուհանդերձ, հույս ունեինք, որ այդ հիմնախնդիրը կտարանջատվի ներքաղաքական մյուս հարցադրումներից: Սակայն Ռ.Քոչարյանը սրեց իրավիճակը: Սահմանադրական բարեփոխման գործընթացն աստիճանաբար դառնում է ներքաղաքական պայքարը սրող եւ քաղաքական ուժերի հրապարակային ակտիվության բաղադրիչներից մեկը: Դրա պատճառն այն է, որ ունենալով դիրքային առավելություն, սահմանադրական բարեփոխման գործընթացը ցանկալի հունով տանելու անհրաժեշտ պայմաններ՝ խորհրդարանում ձայների անհրաժեշտ քանակ, նախագահը հանդես եկավ հայտարարությամբ՝ ըստ էության, մերժելով ե՛ւ ժողովրդի, ե՛ւ կուսակցությունների, ե՛ւ խորհրդարանի մասնակցությունը երկրի կառավարման ընտրության հարցում՝ դրանով իսկ մեզ պարտադրելով համապատասխան կեցվածք եւ դիրքորոշում որդեգրել: Ու թեեւ ժողովուրդն արդեն կարծրացրած պատկերացում ուներ, որ ստեղծված ճգնաժամից դուրս գալու կարեւոր նախապայման է նաեւ կառավարման համակարգի բարեփոխումն ու խորհրդարանական համակարգի անցումը, այդուհանդերձ, հիմա մենք Սահմանադրության մեր տարբերակի քարոզչությունը պետք է տանենք ավելի հարձակողական կեցվածքով եւ ավելի ակտիվ: Ազդեցությունը հակազդեցություն է ծնում»,- հայտարարեց ՍԻՄ նախագահը, որի գլխավորած կուսակցությունը Սահմանադրական այլընտրանքային տարբերակի համահեղինակն է: Այդ հակազդեցությունն արդեն ծնունդ է առել ոչ միայն ի դեմս հիշյալ վեց կուսակցությունների, թեեւ պարոն Խաչատրյանը հույս ունի, որ հիշյալ համագործակցությունը դեռ կընդլայնվի: Մեր հարցին՝ ինչպե՞ս ստացվեց, որ խորհրդարանական համակարգի կողմնակից ԱԺՄ-ն ու ՀՅԴ-ն այսօր հայտնվել են բարիկադների մի կողմում, իսկ ՍԻՄ-ն ու սկզբունքորեն նախագահական համակարգի կողմնակից «Հանրապետություն»-ը այլ ուժերի հետ միասին մեկ այլ ճամբարում, Հ.Խաչատրյանն պատասխանեց. «Բարիկադների այս կամ այն կողմում լինելու հանգամանքը որոշվում է մի քանի հանգամանքներով, նախ՝ արդյոք այդ կուսակցություններն ու անհատները, որ այսօր նախագահ Քոչարյանի կողմնակիցներն են, նրա հետ մարտավարական համագործակցության մե՞ջ են, թե՞ ոչ: Երկրորդ. կան ուժեր, որոնք մոլորության մեջ են, թե հաջորդ նախագահն անպայման իրենց առաջնորդն է լինելու, եւ փորձում են պահպանել գործող Սահմանադրությունը կամ նախագահի կիսանախագահական տարբերակը՝ կամա թե ակամա, պաշտպանելով այն աթոռը, որին տիրանալու ակնկալիք ունեն: Մեզ հետ համագործակցող ուժերը զերծ են այդպիսի հավակնություններից: Նրանց համար ավելի կարեւոր է մինչեւ 2003-ի ընտրությունները քաղաքական ուժերի մրցակցության ավելի լայն դաշտ ապահովել: Այսօր ե՛ւ ՀՅԴ-ն, ե՛ւ ԱԺՄ-ի անունից հանդես եկող Ս.Ավագյանը չեն մոռանում նշել, որ իրենք սկզբունքորեն խորհրդարանական կառավարման կողմնակիցներ են: Ջերմեռանդորեն պաշտպանելով նախագահի տարբերակը՝ նրանք, այնուամենայնիվ, կամուրջները չեն այրում նաեւ խորհրդարանական համակարգի կողմնակիցների հետ: Դա լուրջ փաստարկ է, պնդելու համար, որ վերջիններս կամ դեռ հստակեցնում են իրենց դիրքորոշումները, կամ դեռեւս բանակցությունների մեջ են»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ