Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱ ԿԱՐՈՂ ԷՐ ԿԱՆԽԵԼ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ

Հունվար 22,2002 00:00

ՆԱ ԿԱՐՈՂ ԷՐ ԿԱՆԽԵԼ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ Համաներմամբ «Հոկտեմբերի 27»-ի գործով մի քանի ամբաստանյալների ազատ արձակելու առնչությամբ դժգոհության հիմնական պատճառը ոչ թե երկու անզեն ոստիկաններին անփութության համար չդատելն էր, այլ՝ նախապատրաստվող պետական հանցագործության մասին իմացած եւ չհայտնած Արմեն Հարությունյանին պատասխանատվության չենթարկելը։ 39-ամյա Արմեն Հարությունյանը Հունանյաններին ճանաչում է 1993-94-ից, երբ ընտանիքով բնակվում էր Եվպատորիայում։ 1996-ի դեկտեմբերին վերադարձել էր Հայաստան։ «Աշխատանք չունենալու պատճառով սկսեցի ապրանք վաճառել տոնավաճառում»,- գրել էր դեռեւս վկա Արմեն Հարությունյանը 2000 թ. փետրվարի 28-ի իր ցուցմունքում։ Նրա պատմածի համաձայն, Հունանյաններն իրեն տոնավաճառում առաջարկել էին վաճառել նախ «շորերի տիպ», հետո լիտրով օծանելիք, եւ ձախողվել էին երկու դեպքում էլ։ «1999 թ. մարտին ես այլեւս չկանգնեցի տոնավաճառում ապրանք ծախելու եւ ընդունվեցի ՆԳՆ Պահակային ծառայության 5-րդ ռազմականացված ջոկատ»,- Արմեն Հարությունյանը այդ ջոկատի հրաձիգ է եղել եւ պահակություն իրականացրել «ԱրմենՏելի» Պահպանության ծառայությունում։ Բացի այդ՝ 1999 թ. հուլիսից աշխատել է Շենգավիթի էլցանցում՝ որպես տեսուչ։ 1999 թ. հոկտեմբերի 13-ին Կարեն Հունանյանն Արմեն Հարությունյանին կանչել էր իրենց տուն՝ խաշ ուտելու։ Որ դա ընդամենը պատրվակ էր՝ Արմեն Հարությունյանը պարզել էր տեղ հասնելուց հետո. «Կարեն Հունանյանն ինձ ասաց, որ որոշել են գնալ Ազգային ժողով ցույց կամ բունտ անելու։ Երբ ես հարցրեցի, թե իմ գործը ո՞րն է լինելու, Նաիրի Հունանյանն ինձ ասաց, որ իրենց շատ մարդիկ են պետք եւ, որ ինչքան շատ ժողովուրդ հավաքվի Ազգային ժողովի մոտ, այնքան լավ կլինի բոլորիս համար։ (…) Նաիրի Հունանյանն ասաց, որ իրենք պետք է ներս մտնեն ԱԺ, որտեղ իրենք պիտի սկսեին, իսկ ես իր հանձնարարությամբ պետք է դրսում մարդկանց հետ միասին ցույցը շարունակեի։ Երբ ես հարցրեցի, թե ովքեր պիտի ինձ հետ լինեն, նա ասաց, որ ես նրանց այնտեղ կհանդիպեմ»։ Արմեն Հարությունյանի այս առաջին ցուցմունքից անմիջապես հետո առերեսում էր անցկացվել նրա եւ հոկտեմբերի 13-ի զրույցին ավելի ուշ միացած Էդիկ Գրիգորյանի միջեւ։ Եվ նա հերքել էր Արմեն Հարությունյանի ցուցմունքի այն մասը, թե ինքը չգիտեր, որ ԱԺ պիտի գնան զինված եւ, որ զենքի մասին խոսակցություն չէր եղել։ Հավելենք, որ ըստ Հարությունյանի այդ առաջին ցուցմունքի, ամեն ինչ համեմատաբար ավելի «անմեղ» տեսք էր ունենալու. «Նաիրին ասաց, որ ինքը եւ Կարենը պետք է մտնեն Ազգային ժողովի շենք, դահլիճում աղմուկ բարձրացնեն, պահանջներ դնեն եւ հարցեր առաջ քաշեն ղեկավարության առաջ։ (…) Նաիրին ինձ ասում էր, որ ցույցի նպատակն այն է, որ ղեկավարությունը մտածի ժողովրդի վիճակը բարելավելու մասին»։ Արմեն Հարությունյանը չգիտեր, թե որոշակիորեն ինչ քայլերով պիտի իրականացվեր այդ «բարելավումը», բայց պնդել էր, թե խոսք չկար Վազգեն Սարգսյանի հրաժարականը պահանջելու կամ նրան սպանելու մասին։ Իսկ Էդիկ Գրիգորյանն Արմեն Հարությունյանին առերես ցուցմունք էր տվել. «Նաիրին Արմենին ասաց. «Զենքով ներս մտնելուց հետո պետք է պահանջել կառավարության հրաժարականը»։ Արմենն ասաց. «Ես զենքից չեմ կարող օգտվել, չեմ կրակել»։ Նաիրին ասաց՝ կրակելու անհրաժեշտություն չի լինելու, ուղղակի մարդիկ են պետք թվաքանակի համար»։ Ավելի ուշ՝ մարտի 4-ին տված իր ցուցմունքում, Արմեն Հարությունյանն էլ էր հաստատել, թե այդ օրը նրանց տանը տեսել էր զենք՝ հայտնի կտրած խզակոթերով ավտոմատները։ Հաստատել էր նաեւ այն ամենը, ինչն իրեն առերես պնդել էր Էդիկ Գրիգորյանը։ Այսպես, փետրվարի 29-ին արդեն կասկածյալ Արմեն Հարությունյանը գրել էր, թե Նաիրին իրեն իրականում ասել էր. «Պետք է զինված մտնենք ԱԺ, պատանդ վերցնենք կառավարությանը եւ պատգամավորներին»։ Նաիրի Հունանյանը նրան նաեւ վստահեցրել էր, թե դրսում ժողովրդի մեջ էլ են լինելու իրենց մարդիկ։ Ի դեպ, նախաքննության ավարտին՝ 2000 թ. հուլիսի 6-ի ցուցմունքում, Արմեն Հարությունյանը նշել էր. «Ես լիովին ճիշտ ցուցմունքներ եմ տվել որպես կասկածյալ եւ մեղադրյալ հարցաքննությունների ժամանակ։ Պնդում եմ այդ ցուցմունքները եւ կարիք չունեմ դրանք կրկնելու»։ Ոչ նախաքննության ընթացքում, ոչ էլ դատարանում, երբ դեռ ամբաստանյալի աթոռին էր, Արմեն Հարությունյանը չի վկայել իր նկատմամբ գործադրված բռնությունների կամ քննությանը խորթ որեւէ մեթոդի մասին։ Ուստի հիմք չկա կասկածելու նրա մեջբերված ցուցմունքների արժանահավատությանը։ Սակայն այդ ցուցմունքների ամենակարեւոր դրվագը թերեւս հետեւյալն է. Հունանյանն Արմեն Հարությունյանին վստահեցրել էր, թե ԱԺ գնալու են այդ օրը՝ հոկտեմբերի 13-ին։ Բայց հետո ինչ-որ բան էր փոխվել. «Նաիրի Հունանյանը գնաց եւ հեռախոսով ինչ-որ մեկի հետ զրուցեց, ետ գալով ասաց, որ ոչ մի տեղ էլ չենք գնում»,- գրել էր Արմեն Հարությունյանը։ Ո՞ւմ էր զանգել կատարողների պարագլուխը, ո՞վ էր որոշել, թե ահաբեկչությունը ոչ թե 13-ին պիտի լինի, այլ հոկտեմբերի 27-ին… Արմեն Հարությունյանի ցուցմունքը վկայում է՝ որոշողը հաստատ այդ 5-ը չէին։ Թե ով էր՝ նա չգիտեր։ Հոկտեմբերի 13-ին, ըստ Էդիկ Գրիգորյանի ցուցմունքի, Արմեն Հարությունյանը հեռացել էր միայն այն ժամանակ, երբ Հունանյանն ասել էր, թե այդ օրը ոչ մի տեղ չեն գնալու. «Իսկ մինչ այդ նստել եւ սպասել է»։ Իսկ Արմեն Հարությունյանը պատմել էր, որ պայմանավորվածի պես երեկոյան զանգել էր Հունանյանին, որպեսզի պայմանավորվեն ծրագրի կատարման նոր ժամկետի մասին, բայց «հեռախոսազրույցի ժամանակ Նաիրին ինձ ասաց, որ ես մոռանամ առավոտվա զրույցը եւ ընդունեմ դա որպես կատակ»։ Փետրվարի 29-ի իր ցուցմունքում Արմեն Հարությունյանն այսպես էր պատճառաբանել նրա այդ քայլը. «Իմ կարծիքով, Նաիրին, տեսնելով իմ վախը, վստահ չլինելով իմ վրա, այդ պատճառով երեկոյան ինձ ասաց, որ մոռանամ այդ խոսակցությունը»։ … Իր առաջին ցուցմունքից սկսյալ մինչեւ նախաքննության ավարտը Արմեն Հարությունյանն անընդհատ խորապես զղջացել եւ իրեն լիովին մեղավոր էր համարել, որ այդ ամենի մասին չի տեղեկացրել որեւէ մեկին. «Միգուցե եթե ես այդ մասին հայտնեի նախապես՝ այդ դեպքը կկանխվեր»։ Մարտի 1-ի ցուցմունքում լռելու պատճառը ներկայացրել էր վախը. «Նաիրիի պատմածից երեւում էր, որ նրանք լուրջ մտադրություն ունեն, եւ այլ ուժեր էլ կան իրենց հետ այդ ծրագիրը իրականացնելու համար, ու ես, չիմանալով ինչքան շատ են եւ ովքեր են, վախեցել եմ, որ եթե հայտնեմ իրավապահ մարմիններին, ապա Նաիրիենք եւ իրենց հետեւում կանգնած ուժերը հաշվեհարդար կտեսնեն իմ եւ իմ ընտանիքի հետ»։ Նրա նկատմամբ համաներում կիրառելով եւ դատարանի դահլիճից ազատ արձակելով իշխանությունները, փաստորեն, իրենց հովանու տակ առան եւ խրախուսեցին բոլոր նրանց, ովքեր ապագայում էլ տեղեկանալով նախապատրաստվող ահաբեկչության կամ պետական որեւէ այլ հանցագործության մասին՝ կմնան լուռումունջ ու կզգուշանան կազմակերպիչների հաշվեհարդարից, հուսալով դրա համար մնալ անպատիժ։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել