Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՆԵԼ ԵՆ «ՋԱՆ-ՂՈՒՐԲԱՆ» ԱՍԵԼՈՎ

Հունվար 22,2002 00:00

ՍՊԱՆԵԼ ԵՆ «ՋԱՆ-ՂՈՒՐԲԱՆ» ԱՍԵԼՈՎ «Առագաստ» սրճարանում ՀՅԴ անդամ Պողոս Պողոսյանի սպանության նախաքննության ընթացքում պատասխանելով «Առավոտի» հարցերին, գլխավոր դատախազն ասել էր՝ «Եթե սպանելու մտադրություն ունենար, ատրճանակը մոտն էր, կհաներ ու կսպաներ»։ Դատավարությունն ապացուցում է, որ կանխակալ ընթացքը շարունակվում է եւ կհասնի տրամաբանական ավարտին՝ եթե ատրճանակը չի հանել ու այդպես չի սպանել, ուրեմն՝ չի սպանել, այլ հանգուցյալը սպանվել է։ «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած սպանության գործով ընթացող դատավարությանը այլեւս ՀՅԴ թիվ մեկ դեմքերից ոչ ոք չի մասնակցում։ Դատավճռի ելքը պարզ էր ի սկզբանե՝ դատարանը գործը նոր նախաքննության չի ուղարկելու, եւ ամբաստանյալի դերը կատարող Աղամալ Հարությունյանը կդատապարտվի ՀՀ քր. օր. 103 հոդվածով, որպես անզգույշ սպանության հանցանք կատարած մեկը եւ ոչ մի խոսք չի լինի ո՛չ պաշտոնեական դիրքի չարաշահման, ո՛չ իշխանազանցության, ո՛չ էլ՝ խմբակային սպանության մասին։ Վաղօրոք խմբագրված սյուժեն հար եւ նման է «Ի՞նչ եմ արել, որ, մի մուշտի եմ տվել» ասող կերպարի հոգեբանությանը։ Երեկվա նիստում դատարանի հարցերին պատասխանող ամբաստանյալ Աղամալ Հարությունյանը նույն ոգով էլ ներկայացրեց՝ «ջան-ղուրբան ասելով» Պողոս Պողոսյանի հետ մտել են «Պապլավոկ»-ի զուգարան, հետո Պ. Պողոսյանը նախագահի թիկնազորի աշխատակցին քաշքշել է, խփել է, կոստյումի թեւը պատռվել է, դե, Ա. Հարությունյանն էլ ընդամենը հրել է Պ. Պողոսյանին, վերջինս էլ ոտքը սահելու հետեւանքով ընկել է զուգարանի հատակին, իսկ Ա. Հարությունյանը դուրս գալուց հրել է նաեւ ներս մտնող Պ. Պողոսյանի ընկերոջը՝ Ստեփան Նալբանդյանին եւ գնացել իր գործին։ Իր ասելով՝ միայն հաջորդ օրը՝ սեպտեմբերի 25-ին, այն էլ թերթերից է իմացել, որ «Պապլավոկ»-ում մարդ է մահացել։ Մի փոքրիկ ճշտում՝ թերթերը այդ մասին գրել են սեպտեմբերի 26-ին, եւ 25-ին Ա. Հարությունյանը պարզապես չէր կարող թերթերից որեւէ բան իմանալ։ Ամբաստանյալը պարզապես ոչինչ չէր խնայում դատարանի դահլիճում տպավորություն ստեղծելու համար, որ ինքն է անզգույշ եղել եւ ուրիշ ոչ ոք նախագահի թիկնազորից, այն էլ՝ ոչ թե անզգույշ է եղել, այլ՝ Պ. Պողոսյանն է դրդել անզգույշ լինել եւ իրեն սպանել։ Ի դեպ, ամբաստանյալը իրեն շարունակում էր մեղավոր չճանաչել նույնիսկ ըստ իր դեմ հարուցված մեղադրանքի ձեւակերպման՝ «անզգույշ սպանություն հանցանք»։ Դատական նիստում ոչ հաճախ պատահող առերեսում տեղի ունեցավ ամբաստանյալի եւ վկա Ստեփան Նալբանդյանի միջեւ։ Առերեսումը կատարվեց ըստ քր. օր.-ի 216 հոդվածի։ Առերեսման ժամանակ եւս վկա Ստեփան Նալբանդյանը պնդեց, թե զուգարանում մի քանի հոգի են եղել Պողոս Պողոսյանին ծեծողները, եւ ասաց, որ իր՝ զուգարան մտնելու պահին, զուգարանում ինքը ամբաստանյալ Հարությունյանին չի տեսել, չի հիշում։ Ամբաստանյալ Հարությունյանը փոխարենը պնդեց, որ զուգարանից դուրս գալիս ինքը հրել է հենց Ստ. Նալբանդյանին՝ դեմքից։ Ստ. Նալբանդյանը կրկնեց, որ ինքը Ա. Հարությունյանին չի հիշում. «Բայց ինձ ոչ թե հրել են, այլ՝ խփել են, եւ ոչ թե դրսում, այլ՝ դուռը բացելուց անմիջապես հետո»։ Սարիկյանի կրկնվող հարցին. «Հնարավո՞ր է, որ ինքը լիներ, բայց՝ չհիշեիք», վկան պատասխանեց. «Եթե իր կառուցվածքով լիներ, կարծում եմ, կհիշեի»։ Ի դեպ, այն, որ զուգարանում ոչ թե մեկ-երկու, այլ մի քանի մարդ է եղել, վկայել է ոչ միայն Ստեփան Նալբանդյանը, այլեւ՝ Վարուժան Ծառուկյանը։ Ամբաստանյալը շարունակում էր պնդել, որ մյուսների ասածը ճիշտ չէ եւ միայն ինքն է ճիշտ ասում։ Ա. Հարությունյանը պատմեց նաեւ, որ ինքը եւ Գուրգեն Արսենյանն են ուղեկցել ՀՀ նախագահին եւ, ճանապարհելուց հետո, ինքը՝ նկատելով, որ իր կողքից քայլող Գուրգեն Արսենյանը չկա, վերադարձել է սրճարան։ Վերադառնալիս տեսել է, որ այնտեղ կռիվ է։ Եվ այդ կռվի մեջ իրեն ծանոթ միակ մարդը եղել է Արսենյան Գուրգենը, որն էլ իբրեւ թե կանգնած է եղել աստիճանների վրա, որ ոչ ոք վերեւ չբարձրանա։ Ըստ Ա. Հարությունյանի, ինքը Գ. Արսենյանին ուղարկել է ծառայությունը շարունակելու, մյուս կռվողներին հեռացրել է (ի դեպ, ըստ ամբաստանյալի, «մնացած կռվողների» մեջ «պրատակոլնի» հագնված մարդիկ չեն եղել։ «Պրատակոլնի»-ն, ըստ Ա. Հարությունյանի՝ «կոստյում, շալվար, փողկապն» է, նաեւ՝ վերնաշապիկը) եւ ինքը Պողոս Պողոսյանի հետ գնացել է զուգարանի կողմը։ Բացատրության մեջ ասվեց. «Ես որ վերադարձա, Արսենյան Գուրգենի վրա ջղայնացա, թե ինքը խի ա թույլ տվել, որ էդքան բանը կատարվեր, ինչի՞ համար։ Որ ասենք «ախրանա» հասկացողությունը ուրիշի թիրախ չդառնա, որ չվարկաբեկվեն մնացած մարդիկ, այսինքն՝ հանրապետության նախագահը կամ որեւէ մեկը, տհաճ պահը վերանար»։ Ա. Հարությունյանի պատմելով ինքը կռվ ողներին բաժանել է «ջերմորեն, որ իմ ծառայության ժամանակ իմ վրա մինուս չգար։ Իրար հետ «ջանով դիմելով, ինքը (Պողոս Պողոսյանը.- Մ. Ե.) մտավ թեւս, բա՝ լավ ա որ բաժանեցիր, պետք չէր էդ բաները լիներ, ինքը առջեւից էր գնում, ես կողքից մի քիչ հետ եւ էդ պահը ընենց պահ էր, որ ես չեմ կարա ասեմ՝ ես էի տանում, թե ինքը»։ Դատարանը երեկ նաեւ հասցրեց որոշ փորձագիտական եզրակացություններ նայել։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել