Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հունվար 19,2002 00:00

2003 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանն ու բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: ԳԼՈՒԽ 1. Սահմանադրական կարգի հիմունքները Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Հոդված 2. 1. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ 2. Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։ 3. Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է: Հոդված 3. 1. Հայաստանի Հանրապետությունում մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքներն ու ազատությունները բարձրագույն արժեք են: 2. Պետության գլխավոր առաքելությունը մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն է եւ դրանց իրականացման ապահովումը: 3. Մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները կանխորոշում են օրենքների իմաստը եւ բովանդակությունը, գործադիր իշխանության ու տեղական ինքնակառավարման գործունեությունը եւ ապահովված են արդարադատությամբ: Հոդված 4. Խորհրդարանի եւ համայնքների ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ինչպես նաեւ հանրաքվեներն անցկացվում են ազատ, ընդհանուր, հավասար եւ ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ: Հոդված 5. 1. Պետական իշխանությունն իրականացվում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման, դրանց փոխադարձ հակակշիռների ու զսպումների հիման վրա: 2. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ եւ օրենքներով։ Հոդված 6. 1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է քաղաքական ու գաղափարախոսական բազմակարծությունը եւ բազմակուսակցությունը։ 2. Որեւէ գաղափարախոսություն չի կարող պետական կամ պարտադիր ճանաչվել։ 3. Պետությունն անհրաժեշտ պայմաններ է ստեղծում քաղաքական ուժերի ազատ մրցակցության համար, որը երաշխավորված է քաղաքացիների քաղաքական իրավունքների ու ազատությունների օրենսդրական ճանաչմամբ, ամրագրմամբ եւ պաշտպանությամբ: 4. Կուսակցությունները կազմավորվում եւ գործում են ազատորեն։ Նրանք նպաստում են ժողովրդի քաղաքական կամքի ձեւավորմանը, արտահայտմանը եւ իրականացմանը: 5. Կուսակցությունների համար երաշխավորվում են ազատ գործունեության հավասար պայմաններ։ 6. Կուսակցությունների նպատակները եւ գործունեությունը չեն կարող հակասել սահմանադրական կարգի հիմունքներին, իսկ կառուցվածքը եւ գործելակերպը՝ ժողովրդավարության սկզբունքներին։ 7. Կուսակցությունները տարեկան հաշվետվություններ են հրապարակում իրենց միջոցների աղբյուրների եւ ծախսերի մասին: Հոդված 7. 1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է իրավական օրենքի գերակայությունը։ 2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ եւ նրա նորմերը գործում են անմիջականորեն։ Սահմանադրությանը հակասող ճանաչված օրենքները, ինչպես նաեւ Սահմանադրությանը եւ օրենքներին հակասող ճանաչված այլ իրավական ակտերն իրավաբանական ուժ չունեն։ 3. Օրենքները եւ մարդու իրավունքները, ազատություններն ու պարտականությունները շոշափող այլ նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում միայն պաշտոնական հրապարակումից հետո։ 4. Միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են։ Դրանք գերապատվություն ունեն օրենքների նկատմամբ: 5. Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերը Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են։ 6. Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը կարող են վավերացվել միայն Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություն կատարելուց հետո։ 7. Սահմանադրությանը չհակասող, սակայն օրենքներին հակասող նորմեր պարունակող միջազգային պայմանագրերը վավերացման են ներկայացվում այն օրենքների նախագծերի հետ մեկ միասնական փաթեթով, որոնք նախատեսում են գործող օրենքներում կատարել վավերացվող պայմանագրի նորմերին համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ: 8. Օրենքը կարող է լիազորել կառավարությանը եւ նախարարություններին ընդունելու ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գործունեությանը վերաբերող նորմատիվ ակտեր` սահմանելով այդ մարմինների լիազորության բովանդակությունը, նպատակը եւ ծավալը: Հոդված 8. Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքն ազատ տնտեսական մրցակցության, սոցիալական գործընկերների համերաշխության, երկխոսության եւ համագործակցության վրա հիմնված սոցիալական շուկայական տնտեսությունն է: Հոդված 9. Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում եւ երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը: Հոդված 10. 1. Հայաստանի Հանրապետությունը վարում է սփյուռքի հետ կապերի համակողմանի զարգացման եւ ամրապնդման հայապահպան քաղաքականություն։ 2. Հայաստանի Հանրապետությունը նպաստում է հայրենադարձությանը: 3. Հայազգի յուրաքանչյուր ոք Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն հաստատելու պահից ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Հոդված 11. Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում նպաստում է այլ պետություններում գտնվող հայկական պատմական ու մշակութային արժեքների պահպանմանը, աջակցում հայ կրթական եւ մշակութային կյանքի զարգացմանը։ Հոդված 12. 1. Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է։ 2. Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն՝ հորիզոնական հավասար շերտերով։ 3. Հայաստանի Հանրապետության զինանշանը եւ օրհներգը սահմանվում են օրենքով: 4. Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը Երեւանն է։ ԳԼՈՒԽ 2. Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները Հոդված 13. Մարդու արժանապատվությունը, որպես նրա իրավունքների եւ ազատությունների աղբյուր, անխախտելի է։ Պետությունը պարտավոր է հարգել եւ պաշտպանել այն։ Հոդված 14. 1. Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք։ 2. Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի: Հոդված 15. 1. Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության իրավունք։ 2. Ոչ ոք իր կամքին հակառակ եւ առանց իր գրավոր համաձայնության չի կարող ենթարկվել գիտական, ներառյալ` բժշկական, փորձերի։ Հոդված 16. 1. Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգումների, անմարդկային կամ մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի։ Մարմնական պատիժների կիրառումն արգելվում է: Հոդված 17. 1. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ 2. Անձի ազատությունը կարող է սահմանափակվել միայն հետեւյալ դեպքերում եւ օրենքով սահմանված կարգով, եթե` 1) նա դատապարտվել է ազատազրկման իրավասու դատարանի կողմից. 2) դա նպատակ է հետապնդում, որպեսզի հանցագործության կատարման մեջ հիմնավոր կասկածվող մարդը կանգնի իրավասու դատարանի առջեւ կամ` հիմնավոր հիմքեր կան ենթադրելու, որ դա անհրաժեշտ է տվյալ մարդու կողմից հանցագործության կատարումը կանխելու կամ այն կատարելուց հետո նրա թաքնվելուն խոչընդոտելու համար. 3) անչափահասի ձերբակալումը դատարանի օրինական որոշման հիման վրա անհրաժեշտ է նրա դաստիարակության վրա հսկողության կամ իրավասու դատարանի առջեւ ներկայանալու համար. 4) դա անհրաժեշտ է ապահովելու սոցիալական վտանգ ներկայացնող հիվանդների հարկադիր հիվանդանոցային բուժումը. 5) դա անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետություն մարդու անօրինական մուտքը կանխելու, նրան արտաքսելու կամ այլ պետության հանձնելու համար: 3. Ձերբակալվածն անհապաղ իրեն հասկանալի լեզվով տեղեկացվում է ձերբակալման պատճառների մասին, իսկ առնվազն 24 ժամից հետո նրան տրվում է նաեւ ձերբակալման գրավոր հիմնավորումը: Ձերբակալման մասին անհապաղ տեղեկացվում են ձերբակալվածի ընտանիքը կամ նրա կողմից նշված անձը: Յուրաքանչյուր ոք ձերբակալման պահից պաշտպան ունենալու իրավունք ունի: Ձերբակալվածը պարտավոր չէ առանց իր պաշտպանի մասնակցության որեւէ ցուցմունք տալ: 4. Ձերբակալումից հետո ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում ձերբակալման օրինականության հարցը որոշում է դատարանը: Ձերբակալվածն իրավունք ունի բողոքարկել այդ որոշումը: Նախնական կալանքը, որի ժամկետը չի կարող վեց ամսից ավելի լինել, թույլատրվում է միայն դատական կարգով հավաստված օրինական հիմքերի առկայությամբ: Հոդված 18. 1. Յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր եւ ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք։ 2. Պետությունը մարդու մասնավոր եւ ընտանեկան կյանքին կարող է միջամտել միայն հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով՝ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով: Դատարանը ոչ ուշ, քան երեսուն օրվա ընթացքում որոշում է նման միջամտության հիմնավորվածությունը: Հոդված 19. 1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձին վերաբերող տեղեկությունների պաշտպանության իրավունք: 2. Առանց մարդու համաձայնության նրա մասին տեղեկությունների հավաքումը, պահպանումը, օգտագործումը եւ տարածումն արգելվում է: Այս իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում եւ օրենքով սահմանված կարգով, եթե դա անհրաժեշտ է պետական անվտանգության ու հասարակական կարգի պաշտպանության համար։ Արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումը դրանց հավաքման շարժառիթին հակասող նպատակներով: 3. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ծանոթանալ իրեն վերաբերող տեղեկությունների հետ, պահանջել իր մասին ոչ հավաստի տեղեկությունների վերացում եւ դրանց տարածմամբ պատճառված վնասի հատուցում: Հոդված 20. 1. Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք։ 2. Արգելվում է մարդու կամքին հակառակ մուտք գործել կամ խուզարկել նրա բնակարանը, աշխատատեղը կամ նրան պատկանող տրանսպորտային միջոցը, բացի օրենքով նախատեսված դեպքերից եւ դատարանի որոշմամբ: 3. Բնակիչներն իրավունք ունեն ներկա գտնվել իրենց բնակարանի խուզարկության ժամանակ, որն անց է կացվում առնվազն երկու ընթերավկայի ներկայությամբ: 4. Օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում եւ օրենքով սահմանված կարգով իրավասու մարմիններն առանց դատարանի որոշման կարող են բնակիչների կամքին հակառակ, առանց ընթերավկաների, մուտք գործել բնակարան եւ խուզարկություն կատարել, եթե դա անհրաժեշտ է հանցագործին բռնելու, ինչպես նաեւ այլ անձանց կամ նրանց գույքի պաշտպանության համար։ Դատարանը ոչ ուշ, քան երեսուն օրվա ընթացքում որոշում է բնակարան մուտք գործելու կամ այն խուզարկելու հիմնավորվածությունը: Հոդված 21. 1. Նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիությունն անձեռնմխելի է։ 2. Սույն իրավունքի սահմանափակումներ թույլատրվում են միայն դատարանի որոշմամբ՝ օրենքով նախատեսված դեպքերում, եթե դա անհրաժեշտ է պետական անվտանգության պաշտպանության կամ ծանր հանցագործությունների կանխման ու բացահայտման համար։ Հոդված 22. 1. Կանայք եւ տղամարդիկ օրենքով սահմանված կարգով ամուսնանալու ու ընտանիք կազմելու իրավունք ունեն: 2. Ընտանիքը գտնվում է պետության հատուկ պաշտպանության եւ հովանավորության ներքո։ 3. Երեխաների դաստիարակությունը ծնողների իրավունքը եւ պարտականությունն է։ Ծնողներն այն իրականացնում են իրենց համոզմունքներին համաձայն` հաշվի առնելով երեխայի հասունության աստիճանը, ինչպես նաեւ նրա խղճի, դավանանքի եւ համոզմունքների ազատությունը: 4. Երեխաներն իրավունք ունեն ազատ արտահայտելու իրենց կարծիքը, որը հաշվի է առնվում նրանց առնչվող գործերում` տարիքի եւ հասունության աստիճանի հաշվառմամբ: 5. Ծնողական իրավունքները կարող են սահմանափակվել կամ մարդը դրանցից կարող է զրկվել միայն օրենքով նախատեսված դեպքերում՝ դատարանի որոշմամբ: Հոդված 23. 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք ունի յուրաքանչյուր երեխա, որի ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Յուրաքանչյուր ոք, ով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցրել է մինչեւ չափահաս դառնալը, ունի քաղաքացիության վերականգնման իրավունք։ 2. Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից իր համոզմունքների պատճառով կամ այլ հիմքերով: 3. Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող արտաքսվել Հանրապետությունից կամ հանձնվել օտարերկրյա պետության։ 4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման, վերականգնման ու դադարման պայմանները եւ կարգը սահմանվում են օրենքով: 5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից բացի նաեւ այլ պետության քաղաքացիություն ունեցող, սակայն Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակություն չունեցող անձը չի կարող ընտրել եւ ընտրվել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կազմում, պետական պաշտոններ զբաղեցնել ու անդամագրվել քաղաքական կուսակցությանը: 6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից բացի նաեւ այլ պետության քաղաքացիություն ունեցող, սակայն Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող անձը չի կարող ընտրվել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կազմում եւ պետական պաշտոններ զբաղեցնել: Հոդված 24. Յուրաքանչյուր ոք միջազգային իրավունքին համապատասխան ունի Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով ապաստան ստանալու իրավունք: Հոդված 25. 1. Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչն արգելված չէ Սահմանադրությամբ եւ նրան համապատասխանող օրենքներով։ 2. Մարդու իրավունքների եւ ազատությունների իրականացումը չպետք է խախտի այլ անձանց իրավունքներն ու ազատությունները։ Հոդված 26. 1. Հանրապետության տարածքում օրինական կարգով գտնվող յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու եւ բնակավայր ընտրելու ու հանրապետությունից դուրս գալու իրավունք։ 2. Յուրաքանչյուր քաղաքացի ունի հանրապետություն վերադառնալու իրավունք։ 3. Սույն հոդվածում ամրագրված իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է քրեական պատասխանատվության եւ պատժի իրականացման, պետական անվտանգության ու հասարակական կարգի պաշտպանության, ինչպես նաեւ համաճարակների կանխարգելման նպատակով: 4. Այն տարածքները, որոնց մուտքը արգելված կամ սահմանափակված է, նախատեսվում են օրենքով: Հոդված 27. 1. Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, որը ներառում է իր կարծիքի ազատությունը, ինչպես նաեւ՝ անկախ պետական սահմաններից տեղեկատվության ցանկացած միջոցով տեղեկություններ ու գաղափարներ ստանալու եւ տարածելու ազատությունը: 2. Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության եւ զանգվածային լրատվության մյուս միջոցների ազատությունը ու հասարակությունում առկա կարծիքների արտացոլումը հանրային զանգվածային լրատվության միջոցներում երաշխավորվում է։ 3. Խոսքի ազատության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության, բարոյականության կամ այլոց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար: Հոդված 28. 1. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի եւ դավանանքի ազատության իրավունք։ 2. Սույն իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հասարակական հանգստության, հասարակական կարգի, առողջության, բարոյականության կամ այլոց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար: 3. Հայաստանի Հանրապետությունում պետությունը եւ եկեղեցին անջատ են միմյանցից: Հոդված 29. 1. Յուրաքանչյուր ոք ունի այլ անձանց հետ միավորվելու, ներառյալ նաեւ աշխատանքային եւ տնտեսական պայմանների պահպանման ու բարելավման նպատակով արհեստակցական միություններ ստեղծելու եւ դրանց անդամագրվելու իրավունք։ 2. Մարդուն չի կարելի հարկադրել անդամագրվելու որեւէ միավորման։ 3. Օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով արգելվում են այն միավորումները, որոնց նպատակները եւ գործունեությունը հակասում են Սահմանադրությանը: Հոդված 30. 1. Քաղաքացիներն ունեն խաղաղ եւ առանց զենքի ժողովների, հանրահավաքների, երթերի ու ցույցերի մասնակցելու եւ դրանք անցկացնելու իրավունք: 2. Օտարերկրացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք ունեն խաղաղ եւ առանց զենքի ժողովների, հանրահավաքների, երթերի ու ցույցերի մասնակցելու եւ դրանք անցկացնելու իրավունք` սույն Սահմանադրությամբ նախատեսված իրենց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար: 3. Խաղաղ, առանց զենքի ժողովները, հանրահավաքները, երթերը եւ ցույցերը անց են կացվում ողջամիտ ժամկետում ներկայացված հայտի հիման վրա: 4. Սույն իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում դատարանի որոշմամբ՝ եթե դա անհրաժեշտ է այլոց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար: 5. Շենքերում խաղաղ, առանց զենքի ժողովների եւ հանրահավաքների անցկացումն ազատ է: Հոդված 31. Բոլորը հավասար են օրենքի առջեւ: Հոդված 32. Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային պատկանելությունից, ծնունդից, տարիքից, գույքային կամ այլ հանգամանքներից, արգելվում է: Հոդված 33. Տղամարդիկ եւ կանայք իրավահավասար են: Հոդված 34. Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի եւ մշակույթի պահպանման ու զարգացման իրավունք: Հոդված 35. 1. Հայաստանի Հանրապետության՝ տասնութ տարին լրացած քաղաքացիներն ունեն ընտրելու, ինչպես նաեւ ժողովրդական նախաձեռնություններին եւ հանրաքվեներին մասնակցելու իրավունք։ 2. Ընտրել եւ ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաեւ օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված ու պատիժը կրող քաղաքացիները։ Նրանք իրավունք չունեն նաեւ մասնակցելու ժողովրդական նախաձեռնություններին եւ հանրաքվեներին։ Հոդված 36. Յուրաքանչյուր քաղաքացի ունի այլ քաղաքացիների հետ կուսակցություն ստեղծելու կամ որեւէ կուսակցության անդամագրվելու իրավունք։ Հոդված 37. 1. Յուրաքանչյուր քաղաքացի ունի իր ունակություններին եւ մասնագիտական պատրաստվածությանը համապատասխան պետական ծառայության անցնելու իրավունք։ Քաղաքացիները պետական ծառայության են անցնում մրցութային հիմունքներով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ 2. Պետական ծառայողները ծառայում են ամբողջ ժողովրդին։ Նրանք պարտավոր են իրենց պարտականությունները կատարել անաչառ եւ քաղաքականապես չեզոք՝ ելնելով բացառապես մասնագիտական նկատառումներից։ Հոդված 38. 1. Քաղաքացիներն օրենքով սահմանված կարգով ունեն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկատվություն ստանալու իրավունք, որը ներառում է փաստաթղթերի հետ ծանոթանալու, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման ընտրովի մարմինների նիստերին ներկա գտնվելու, գրառումներ ու տեսագրումներ կատարելու նրանց իրավունքը: 2. Սույն իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է այլ անձանց իրավունքների եւ ազատությունների, հասարակական կարգի, անվտանգության ու պետության շահերի պահպանման համար: Հոդված 39. 1. Յուրաքանչյուր ոք ունի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից իրեն առնչվող գործերի անկողմնակալ եւ արդարացի ու պատշաճ ժամկետում քննության իրավունք: 2. Սույն իրավունքը, մասնավորապես, ներառում է մարդու իրավունքը՝ ծանոթանալու իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերին, ինչպես նաեւ պարտադրում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց, մինչեւ մարդու համար անբարենպաստ անհատական ակտն ընդունելը լսել նրան եւ հիմնավորել ընդունված ակտը: Հոդված 40. 1. Յուրաքանչյուր ոք ունի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց անձամբ կամ խմբերով դիմելու իրավունք։ 2. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները ու պաշտոնատար անձինք օրենքով սահմանված կարգով եւ պատշաճ ժամկետում պարտավոր են փաստարկված պատասխան տալ այդ խնդրանքներին կամ գանգատներին ու համապատասխան միջոցներ ձեռնարկել դրանք բավարարելու կամ իրագործելու համար։ Հոդված 41. 1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի գործադիր իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից իր իրավունքների խախտման դեպքում դիմելու Մարդու իրավունքների պաշտպանին։ 2. Մարդու իրավունքների պաշտպանը հետեւում է գործադիր իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու եւ քաղաքացու իրավունքների պաշտպանությանը։ 3. Իր լիազորություններն իրականացնելիս Մարդու իրավունքների պաշտպանն անկախ է: Մարդու իրավունքների պաշտպանը Խորհրդարանին տարեկան զեկույց է ներկայացնում իր գործունեության, ինչպես նաեւ մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանության վիճակի մասին։ 4. Գործադիր իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են աջակցել Մարդու իրավունքների պաշտպանին իր լիազորություններն իրականացնելիս։ Նրանք, մասնավորապես, պարտավոր են Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել քաղաքացիների խնդրանքների ու գանգատների քննության համար անհրաժեշտ փաստաթղթեր եւ տեղեկանքներ, ապահովել նրա ազատ մուտքն իրենց հաստատությունները։ 5. Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները եւ գործունեության կարգը սահմանվում են օրենքով։ Հոդված 42. 1. Սեփականությունը եւ ժառանգման իրավունքը երաշխավորվում է։ Սեփականատերն իր հայեցողությամբ տիրապետում, օգտագործում եւ տնօրինում է իրեն պատկանող գույքը։ 2. Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս հասցնի այլ անձանց եւ հանրության շահերին։ 3. Սեփականությունը կարող է օտարվել միայն հանրության կարիքների համար, բացառիկ դեպքերում, օրենքի հիման վրա՝ դատարանի որոշմամբ եւ նախնական համարժեք փոխհատուցմամբ։ 4. Օրենքը կարող է սահմանափակել օտարերկրացիների եւ քաղաքացիության չունեցող անձանց հողի նկատմամբ սեփականության իրավունքը: Հոդված 43. 1. Յուրաքանչյուր քաղաքացի ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք։ 2. Հարկադիր աշխատանքն արգելվում է: Այն կարող է կիրառվել բացառապես ազատազրկման դատապարտված մարդկանց նկատմամբ: 3. Տասնութ տարին չլրացած անձինք ունեն իրենց տարիքին համապատասխանող, իրենց անվտանգությանը, առողջությանը, ֆիզիկական, հոգեւոր, բարոյական եւ սոցիալական զարգացմանն ու դաստիարակությանը չխոչընդոտող աշխատանքային պայմանների իրավունք: Հոդված 44. 1. Յուրաքանչյուր ոք ունի ձեռնարկատիրական եւ օրենքով չարգելված այլ տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունք։ 2. Ձեռնարկատիրական գործունեության ոլորտում պետությունն ապահովում է հավասար մրցակցությունը: Շուկայում մենաշնորհ դիրքի չարաշահումը, մրցակցության ապօրինի սահմանափակումը եւ անբարեխիղճ մրցակցությունն արգելվում են: 3. Մենաշնորհների ձեւերը եւ շրջանակները սահմանվում են օրենքով: Հոդված 45. 1. Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի համար oրենքով սահմանված կարգով իր եւ իր ընտանիքի ապրուստն ապահովող աշխատավարձ ստանալու իրավունք։ Նվազագույն աշխատավարձի չափը սահմանվում է օրենքով։ 2. Յուրաքանչյուր ոք ունի անվտանգ եւ հիգիենիկ աշխատանքային պայմանների իրավունք։ Հոդված 46. Աշխատավորներն իրենց տնտեսական, սոցիալական եւ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք։ Այս իրավունքի իրականացման պայմանները եւ կարգը սահմանվում են օրենքով։ Հոդված 47. 1. Յուրաքանչյուր աշխատող ունի հանգստի իրավունք։ 2. Առավելագույն աշխատաժամանակը, ամենամյա վճարովի արձակուրդի նվազագույն տեւողությունը, հանգստյան եւ տոնական օրերը, ինչպես նաեւ սույն իրավունքի իրականացման այլ պայմանները սահմանվում են օրենքով։ Հոդված 48. 1. Յուրաքանչյուր քաղաքացի ունի հիվանդության կամ հաշմանդամության պատճառով անաշխատունակության, ինչպես նաեւ կենսաթոշակային տարիքին հասնելու դեպքերում սոցիալական ապահովության իրավունք։ 2. Սոցիալական ապահովության իրավունք ունեն նաեւ այն քաղաքացիները, որոնք իրենցից անկախ պատճառներով դարձել են գործազուրկ եւ չունեն իրենց ապրուստն ապահովելու այլ միջոցներ։ Սոցիալական ապահովության ծավալն ու ձեւերը սահմանվում են օրենքով։ 3. Օրենքը կարող է սույն հոդվածում սահմանված իրավունքները տրամադրել նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց: Հոդված 49. 1. Պետությունն օրենքով սահմանված կարգով երաշխավորում է հիմնական բժշկական ծառայությունների անվճար մատուցումը: 2. Օրենքով սահմանված դեպքերում քաղաքացիների առանձին խմբերի բժշկական օգնություն է ցույց տրվում պետական բյուջեի միջոցների հաշվին: Հոդված 50. Յուրաքանչյուր ոք ունի բնության ու շրջակա միջավայրի վիճակի, սննդամթերքների եւ կենցաղի առարկաների որակի մասին տեղեկատվության հետ ծանոթանալու իրավունք, որն ազատորեն տարածվում է ու չի կարող գաղտնիք ճանաչվել: Հոդված 51. 1. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք։ 2. Պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունը պարտադիր է եւ անվճար։ 3. Յուրաքանչյուր քաղաքացի ունի պետական ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով բարձրագույն եւ միջնակարգ մասնագիտական կրթություն ստանալու իրավունք։ 4. Օրենքը կարող է սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված իրավունքը տրամադրել նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց: 5. Ոչ պետական ուսումնական հաստատությունների ստեղծման եւ գործունեության կարգը սահմանվում է օրենքով։ 6. Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակում ունեն ինքնակառավարման իրավունք: Հոդված 52. Գիտության, արվեստի եւ դասավանդման ազատությունը երաշխավորվում է: Հոդված 53. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները եւ ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք։ Հոդված 54. 1. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների եւ ազատությունների դատական պաշտպանության իրավունք։ 2. Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի սահմանված կարգով դիմել իր իրավունքների միջազգային պաշտպանությանը: Հոդված 55. 1. Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաեւ իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար՝ հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, իրավասու, անկախ եւ անկողմնակալ դատարանի կողմից իր գործի հրապարակային քննության իրավունք։ 2. Կողմերի անձնական կյանքի, պետական անվտանգության կամ արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով՝ լրատվության միջոցների եւ հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը դատական քննության ընթացքում կամ նրա մի մասում կարող է արգելվել օրենքով` դատարանի որոշմամբ։ 3. Դատարանի վճիռները եւ դատավճիռները հրապարակվում են դռնբաց նիստում, եթե դա չի հակասում անչափահասի շահերին կամ գործը չի վերաբերում ամուսնական կամ երեխաների խնամակալության մասին վեճերին: Հոդված 56. 1. Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք։ Իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից զուրկ մեղադրյալն ունի պետության կողմից անվճար փաստաբանական օգնություն ստանալու իրավունք։ 2. Յուրաքանչյուր ոք ունի ձերբակալման, կալանավորման կամ մեղադրանքի առաջադրման պահից պաշտպան ունենալու իրավունք։ Յուրաքանչյուր ոք ունի իր պաշտպանի բացակայությամբ ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունք։ Հոդված 57. 1. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքը ապացուցված չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 2. Մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը։ Չապացուցված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի։ Հոդված 58. 1. Մարդը կարող է դատապարտվել միայն հանցագործություն կատարելու պահին գործող օրենքով։ 2. Մարդը պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու եւ մերձավոր ազգականների դեմ, որոնց ցանկը սահմանվում է օրենքով: Օրենքը կարող է նախատեսել ցուցմունք տալու պարտականությունից ազատելու այլ դեպքեր: 3. Օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումն արգելվում է: 4. Պատիժներ սահմանող կամ խստացնող օրենքները հետադարձ ուժ չունեն։ 5. Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ պատժվել հանցագործության համար, որի համար նա օրենքին համապատասխան դատապարտվել կամ արդարացվել է։ Հոդված 59. Յուրաքանչյուր դատապարտյալ ունի օրենքով սահմանված կարգով իր նկատմամբ կայացված դատավճռի վերանայման իրավունք։ Հոդված 60. Յուրաքանչյուր դատապարտյալ օրենքով սահմանված կարգով ունի ներման կամ նշանակված պատիժը մեղմացնելու խնդրանքի իրավունք։ Հոդված 61. Պետությունը կամ համայնքը փոխհատուցում են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով պատճառված վնասները։ Հոդված 62. Յուրաքանչյուր ոք, որի կարծիքով պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից խախտվել են Սահմանադրությունում ամրագրված իր հիմնական իրավունքները, իրավունք ունի դիմելու Սահմանադրական դատարան, եթե սպառվել են դրանք պաշտպանելու մյուս բոլոր դատական միջոցները եւ եթե նա գտնում է, որ իր իրավունքները սահմանափակող դատական ակտի հիմքում ընկած օրենքը կամ այլ նորմատիվ իրավական ակտը հակասում են Սահմանադրությանը: Հոդված 63. Սահմանադրությամբ ամրագրված մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները սպառիչ չեն ու չեն բացառում Սահմանադրության իմաստից բխող՝ մարդու արժանապատվության, ժողովրդավարական, սոցիալական ու իրավական պետության սկզբունքներին համապատասխանող այլ իրավունքների եւ ազատությունների առկայությունը։ Հոդված 64. Հիմնական իրավունքները վերապահվում են նաեւ իրավաբանական անձանց` նրանց իրավական վիճակի առանձնահատկությունների հաշվառմամբ: Հոդված 65. Պետությունը հոգ է տանում, որ Սահմանադրությամբ ամրագրված մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները ու ազատությունները կիրառվեն ոչ միայն պետության հետ մարդու եւ քաղաքացու հարաբերություններում, այլ նաեւ մասնավոր իրավունքի ոլորտում` այդ ոլորտի առանձնահատկությունների հաշվառմամբ: Հոդված 66. Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները կարող են սահմանափակվել բացառապես Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում ու միայն օրենքով, որը վկայակոչում է Սահմանադրության համապատասխան հոդվածը: Հոդված 67. Մարդու եւ քաղաքացու առանձին հիմնական իրավունքներ, բացառությամբ Սահմանադրության 13-19, 22, 23, 25, 27, 28, 31-34, 39 եւ 42, 52-62 հոդվածներում եւ 44 հոդվածի 1- ին մասում նշվածների, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով կարող են ժամանակավորապես սահմանափակվել արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ: Հոդված 68. Օրենքը կարող է նախատեսել մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների միայն այնպիսի սահմանափակումներ, որոնք հետապնդում են Սահմանադրությանը համապատասխանող նպատակ եւ պիտանի, անհրաժեշտ ու պատշաճ են այդ նպատակին հասնելու համար։ Հոդված 69. Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների մասին սույն գլխում ամրագրված դրույթների իմաստը եւ էությունն անխախտելի են։ ԳԼՈՒԽ 3. Պետության նպատակները եւ պարտականությունները տնտեսական, սոցիալական եւ մշակութային ոլորտներում Հոդված 70. 1. Պետությունը նպատակ ունի աջակցել` 1) բնակչության զբաղվածության ապահովմանը եւ աշխատանքի պայմանների բարելավմանը. 2) բնակարանային շինարարությանը. 3) բնակչության առողջության պահպանմանը, բոլոր քաղաքացիների համար արդյունավետ եւ մատչելի բժշկական սպասարկման պայմանների ստեղծմանը. 4) ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացմանը. 5) անվճար բարձրագույն կրթության զարգացմանը. 6) գիտության եւ մշակույթի զարգացմանը, մշակութային հաստատություններից օգտվելու հավասար հնարավորությունների ապահովմանը, պատմության եւ մշակույթի հուշարձանների ու մշակութային այլ արժեքների պաշտպանությանը. 7) մարդկանց կյանքի եւ առողջության համար անվտանգ շրջակա միջավայրի պահպանությանը եւ վերարտադրությանը, բնությունը եւ շրջակա միջավայրը վնասակար ազդեցությունից պահպանելու միջոցառումների իրականացմանը, բնական պաշարների բանական օգտագործման ապահովմանը: 2. Պետությունը պարտավոր է իր հնարավորությունների շրջանակում ձգտել սույն հոդվածում ամրագրված նպատակներին եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել դրանց իրականացման համար: 3. Կառավարությունը եւ համայնքների ղեկավարները Խորհրդարանին եւ համայնքների ավագանիներին ամենամյա հաշվետվություն են ներկայացնում սույն հոդվածի առաջին մասում թվարկված միջոցառումների իրականացման մասին: Հոդված 71. Սահմանադրության հիմունքների դասավանդումը միջնակարգ ուսումնական հաստատություններում պարտադիր է: ԳԼՈՒԽ 4. Մարդու եւ քաղաքացու հիմնական պարտականությունները Հոդված 72. Յուրաքանչյուր ոք պարտավոր է հարգել Սահմանադրությունը եւ օրենքները, այլոց իրավունքները, ազատությունները ու արժանապատվությունը։ Հոդված 73. Յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով եւ չափով մուծել հարկեր, տուրքեր եւ կատարել այլ պարտադիր վճարումներ։ Հոդված 74. Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայրենիքի պաշտպանությանը։ Հոդված 75. Յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգալ շրջակա միջավայրի պաշտպանության համար եւ օրենքով սահմանված կարգով պատասխանատու է դրան հասցված վնասի համար։ ԳԼՈՒԽ 5. Խորհրդարանը Հոդված 76. 1. Հայաստանի Հանրապետությունում օրենսդիր իշխանությունն իրականացնում է Խորհրդարանը: 2. Խորհրդարանը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ եւ ընդունում է պետական բյուջեն: 3. Խորհրդարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Հոդված 77. 1. Խորհրդարանը կազմված է հարյուր մեկ պատգամավորից։ 2. Պատգամավորներն ընտրվում են համամասնական ընտրական համակարգով: Պատգամավորական մանդատ են ստանում այն կուսակցությունները, որոնց օգտին տրվել է վավեր ձայների առնվազն հինգ տոկոսը, կամ այն կուսակցությունների դաշինքները, որոնց օգտին տրվել է վավեր ձայների առնվազն ութ տոկոսը։ 3. Կուսակցությունները պատգամավորության թեկնածուներ են առաջադրում օրենքով սահմանված կարգով, կուսակցության համագումարի կողմից՝ գաղտնի քվեարկությամբ։ 4. Խորհրդարանի ընտրության կարգը սահմանվում է օրենքով։ Հոդված 78. 1. Խորհրդարանն ընտրվում է չորս տարի ժամկետով։ Նրա լիազորությունների ժամկետը սկսվում է Խորհրդարանի առաջին նիստի գումարման օրից: Խորհրդարանի լիազորությունների ժամկետն ավարտվում է նորընտիր Խորհրդարանի առաջին նիստին նախորդող օրը։ 2. Խորհրդարանի առաջին նիստը գումարում է Հանրապետության նախագահը՝ քվեարկության արդյունքների պաշտոնական հրապարակումից տասնհինգ օր հետո: 3. Հանրապետության նախագահը Խորհրդարանի հերթական ընտրությունների նշանակման մասին հրամանագիրը հրապարակում է Խորհրդարանի լիազորությունների ավարտից 60 օր առաջ՝ քվեարկության օր նշանակելով Խորհրդարանի լիազորությունների ավարտին նախորդող քսաներորդ օրվան հաջորդող առաջին ոչ աշխատանքային օրը: Հոդված 79. Խորհրդարանը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով կարող է որոշում ընդունվել ինքնալուծարման մասին: Խորհրդարանը չի կարող ինքնալուծարվել իր լիազորությունների առաջին եւ վերջին տարիների ընթացքում: Հոդված 80. 1. Խորհրդարանը Հանրապետության նախագահի կողմից հայտարարվում է լուծարված՝ Սահմանադրության 81 hոդվածի 3-րդ, 101 հոդվածի 5-րդ, 122 հոդվածի 2-րդ մասով, 124 հոդվածի 3-րդ եւ 129 հոդվածի 4-րդ մասերով նախատեսված դեպքերում։ Լուծարված Խորհրդարանը շարունակում է իր լիազորությունների իրականացումը մինչեւ նորընտիր Խորհրդարանի առաջին նիստը: 2. Խորհրդարանը չի կարող լուծարվել արտակարգ կամ ռազմական դրության պայմաններում։ 3. Խորհրդարանի ընտրություններից հետո մեկ տարվա ընթացքում Խորհրդարանը կարող է լուծարվել միայն Սահմանադրության 122 հոդվածի 2-րդ եւ 124 հոդվածի 3-րդ մասերով նախատեսված դեպքերում: 4. Հանրապետության նախագահը հրամանագիր է հրապարակում Խորհրդարանի լուծարման եւ արտահերթ ընտրություններ նշանակելու մասին` քվեարկության օր սահմանելով Խորհրդարանի լուծարմանը հաջորդող երեսուներորդ օրվան հաջորդող առաջին ոչ աշխատանքային օրը: Հոդված 81. 1. Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող առնվազն հիսուն հազար քաղաքացիներ իրավունք ունեն նախաձեռնել Խորհրդարանի լուծարումը։ 2. Եթե նախաձեռնության պաշտոնական հայտարարումից հետո քառասուն օրվա ընթացքում Խորհրդարանի լուծարման նախաձեռնության համար ստորագրում է Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող եւս առնվազն հարյուր հիսուն հազար քաղաքացի, ապա Հանրապետության նախագահը քառասուն օրվա ընթացքում նշանակում է հանրաքվե՝ Խորհրդարանի լուծարման մասին։ 3. Խորհրդարանը համարվում է լուծարված, եթե հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին քվեարկել է Խորհրդարանի լուծարման օգտին։ 4. Սույն հոդվածով նախատեսված հիմքով եւ կարգով Խորհրդարանի լուծարման հարցը հանրաքվեի կարող է դրվել միայն մեկ անգամ: 5. Խորհրդարանի լուծարման մասին հանրաքվե չի կարող անցկացվել Խորհրդարանի ընտրություններից հետո մեկ տարվա եւ նրա լիազորությունների ավարտին նախորդող մեկ տարվա ընթացքում, ինչպես նաեւ արտակարգ կամ ռազմական դրության պայմաններում։ 6. Սույն հոդվածով նախատեսված հիմքով Խորհրդարանի լուծարման կարգը սահմանվում է օրենքով: Հոդված 82. Խորհրդարանի պատգամավոր կարող է ընտրվել քսանմեկ տարին լրացած, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող եւ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք։ Հոդված 83. 1. Պատգամավորը չի կարող զբաղեցնել ցանկացած այլ վճարովի կամ անվճար պաշտոն, լինել տեղական ինքնակառավարման մարմնի անդամ: 2. Պատգամավորի կարգավիճակի հետ անհամատեղելի է ձեռնարկատիրական գործունեությունը: 3. Պատգամավորը կարող է զբաղվել միայն անհատական ստեղծագործական աշխատանքով, պայմանով, որ դա չխոչընդոտի նրա պատգամավորական պարտականությունների կատարմանը։ 4. Սույն հոդվածի պահանջների խախտման դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցվում են: 5. Սույն հոդվածի պահանջների կատարմանը հետեւում է Խորհրդարանի Էթիկայի մշտական հանձնաժողովը, որը կազմավորվում է խմբակցությունների հավասար թվով ներկայացուցիչներից: Հոդված 84. Խորհրդարանի Էթիկայի մշտական հանձնաժողովը, Հաշվիչ պալատի միջոցով, ստուգում է Սահմանադրության 85 հոդվածի 3-րդ մասում եւ 126 հոդվածի 4-րդ մասում նախատեսված հայտարարագրերի իսկությունը եւ այդ մասին զեկույց է ներկայացնում Խորհրդարանին: Հոդված 85. 1. Պատգամավորն իր պարտականությունները կատարելու համար ստանում է աշխատավարձ։ Պետությունը փոխհատուցում է նրա պատգամավորական գործունեության հետ կապված բոլոր ծախսերը։ 2. Պատգամավորի վարձատրությունը եւ գործունեության երաշխիքները սահմանվում են օրենքով։ 3. Պատգամավորը օրենքով սահմանված կարգով յուրաքանչյուր տարի հայտարարագիր է ներկայացնում իր եւ իր ընտանիքի անդամների գույքային վիճակի մասին, որը հրապարակվում է Պաշտոնական տեղեկագրում: Հոդված 86. 1. Պատգամավորները ներկայացնում են ամբողջ ժողովրդին։ Նրանք կաշկանդված չեն հրամայական մանդատով եւ առաջնորդվում են միայն իրե?

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել