Լրահոս
Օրվա լրահոսը

վահրամ մարտիրոսյան

Հունվար 19,2002 00:00

վահրամ մարտիրոսյան խաչի անվամբ ծպտվածները նախորդ գլուխների համառոտ բովանդակությունը 1123թ.: Երուսաղեմի թագավոր Բալդուին Բ-ի զորքը ջարդվում է Բալակ ամիրայի կողմից: Թուրքերից հետապնդվող խաչակիրների մի խմբի Բեհեսնի բերդաքաղաք է ընդունում Լեւոն Ռուբինյանը, որը նույնանուն գավառում գահակից է Եդեսիայի կոմս Ժոսլինին: «Ֆրանկների» թվում նաեւ վերջինիս Ժոսլին որդին է եւ դուստրը` միանձնուհի Ստեֆանին, որին տեղավորում են գավառի ատենադպիր Մատթեոս քահանա Ուռհայեցու տանը: Թագավորը, որի ռազմարշավի նպատակը մեկ տարի առաջ գերված կոմսի ազատագրումն էր, գերի է ընկնում: Շուտով Բեհեսնի է ժամանում նաեւ թշնամուց մազապուրծ Եվմորֆիա թագուհին, որը, չնայած առաջացած տարիքին, հղի է: Թուրքերը պաշարում են Խառան կարեւոր բերդաքաղաքը: Գժտության եզրին են Ռուբինյան եղբայրները, քանի որ Լեւոնը խախտել է խաչակիրներին չաջակցելու պայմանը, որն ամիրայի հետ կնքել էր ավագ եղբոր` Կիլիկիայի իշխանաց իշխան Թորոսի նախաձեռնությամբ: Եվմորֆիա թագուհին դժվարությամբ, բայց ծննդաբերում է: Իշխանազն Ռուբենը հաջողությամբ ասպատակում է Բալակի տիրույթները, որպեսզի նրան շեղի Եդեսիայի կոմսության խորքը ներթափանցելուց: Այս իրադարձությունների առթիվ Լեւոն իշխանը խնջույք է կազմակերպում, որի հյուրերին զվարճացնում են խեղկատակներ, ձեռնածուներ, օձահմաներ, որոնց ըստ եկեղեցու կանոնների պետք է քահանաները հրապարակավ դատապարտեն: Բայց Մատթեոսի նման նախաձեռնությունն ըմբռնում չի գտնում խրախճացողների կողմից: Դրանից ընկճված, նաեւ` գինով, նա լքում է խնջույքը միանձնուհի Ստեֆանիի հորդորով: Ի վերջո, բանն ավարտվում է ամրոցի պարտեզում նրանց կենակցությամբ: Տպագրվում է 2001 թ. սեպտեմբերի 8-ից, շաբաթօրյա համարներում: 55. աքլորականչին չհաջողվեց վեր կենալ: Երկրորդ անգամ իրիցկինը ձայն տվեց, երբ անտառի թռչուններն էին երգում, բայց նորից չկարողացա: Եվ միայն երբ ագռավների կռկռոցը լռեցրեց մյուսների ձայները, ինձ հարկադրեցի ոտքերս իջեցնել անկողնուց: Սրբազան հագուստներս, որ կոկիկ ծալել-դրել էի աթոռին, նույնիսկ ավելի ճմրթված չէին, քան՝ սովորական նստել-ելնելուց: Միայն շապիկիս վրա՝ պորտիս մոտ էր, հողի գուրձ կպել, որն արագ փշրեցի-ցած թափեցի, փոշին էլ հատակի երկու տախտակների արանքը քշեցի մաշիկիս եզրով: Գնացի հորս բարեւելու, մի փոքր զրուցեցինք, բայց ուժեղ գլխացավից չէի ընկալում՝ ինչ որ խոսում էր: Բերանս ցամաքած էր, եւ փարչից, որ առավոտ վաղ իրիցկինն աղբյուրից լցնում, բերում-դնում էր սկեսրոջ մոտ, երկու նվագ ջուր խմեցի: Դա հորս առիթ ծառայեց շշուկով հարցնելու. «Մաթեւոս, կիր կ՛մարե՞ս»: Ես կասկածեցի, թե նկատի ունի Ստեֆանիի հանդեպ վառված կիրքս, բայց երբ կկոցած աչքերով փարչի կողմը ցույց տվեց, ենթադրեցի, որ խումարս է կռահել: Ժամերգությանը ձանձրանում էի, ինչ-որ պահի էլ անդրադարձա, որ անհամբեր սպասում էի արարողության ավարտին: Ասմունքս ընթանում էր ինքնաբերաբար, քանի որ կամա թե ակամա միտքս միանձնուհին էր գալիս: Ես կարեկցեցի ծխականներիս, որ վստահ էին, թե իմ միջոցով սուրբ հավատի խորհուրդներին են հաղորդակցվում, եւ տագնապեցի, որ միգուցե վաղուց է, ինչ սովորույթով, առանց հոգի ծախսելու էի կատարում պաշտոնս: Երբ վերջապես աշխարհականները հեռացան, իսկ կրոնավորներն իրենց գործերին գնացին, ես եկա կանգնեցի եկեղեցու մեջտեղում ու գլուխս բարձրացրի դեպի գմբեթը: – Հիմա ի՞նչ եմ անելու,- ասացի ես: Փորձում էի ավելի ու ավելի վեր նայել, կարծես նշմարելու համար մի բան, որ մինչեւ հիմա չէի տեսել: Ապա, դադարելով պարանոցս տանջել, հայացքս մի քանի անգամ պտտեցրի կամարների վերնախարիսխների վրայով: – Հիմա ես ի՞՛նչ եմ անելու, ի՞՛նչ եմ անելու,- գոռացի կոկորդովս մեկ: Երբ անիմաստ, անզուսպ բղավոցիս արձագանքը լռեց, խոսեցի՝ ինքս ինձ ավազանի անունով կոչելով մտքիս մեջ, ինչպես պատահում էր մեծ սրտնեղության օրերին. «Վահրա՛մ, Վահրամ Մարտիրոսյան, ի՞նչ արեցիր: Ա՛յս մի մեղքդ քավելու համար կյանքդ բավական չէ»: Ինչպե՞ս կարող էի ապաշխարության չափե՜ր մտմտալ ու վախենալ այն գաղտնիքի բացվելուց, որ հիվանդությանս ժամանակ ցանկացել էի Ստեֆանիին, երբ կար ավելի մեծ վտանգը, որը չէի չեզոքացրել՝ ամենաանկանխատեսելին… Զուր չէ, որ կանոնները սահմանում էին՝ «Քահանան, որը գինով զեխանա, թող յոթ օր իշխանություն չունենա Ավետարան կարդալու եւ սուրբ խորհուրդին մոտենալու»: Սա անտեսում էինք բոլորս, եթե զանցանքը հաճախ չէր կրկնվում, բայց հները գիտակցել էին, որ ոչ այնքան գինովությունը, որքան նրանից ծնված սանձարձակությունն է ողբալի: Պետք էր որոշելիքիս վրա կենտրոնանալ՝ ամեն կերպ միանձնուհուց խուսափելով: Բայց արժանի չեղա գայթակղությունից մեկուսանալուն, քանի որ կանչեցին թագուհու պալատ, որի ննջասրահ մտա Ստեֆանիի հետ միաժամանակ: Եվմորֆիան ու Լեւոն իշխանը մեզ խնդրեցին անհապաղ Ժոսլին Տղային հանդիպել, որն, իշխանաց իշխան Թորոսից հրավեր ստանալով, վճռել էր իր պալատականների հետ հեռանալ Վահկա: Երկուսին էլ անհանգստացնում էր այն, որ օգտագործելով պատանու վիրավորանքը՝ Եդեսիայի գավառները Ժոֆրուա Վանականին հանձնելու առթիվ, Կիլիկիայի տերը կփորձեր Ժոսլինի միջոցով անհնազանդության մղել Եդեսիայի հայ իշխանների խորհուրդը: Ստեֆանին, որպես նրա խորթ քույրը, եւ ես՝ իր երբեմնի ուսուցիչը, պետք է համոզեինք, որ մնար եւ մոր՝ կոմսուհի Կոստանդիայի օգնությամբ նպաստեր խաչակիրների նոր զորահավաքին: Ես ու Ստեֆանին շարժվեցինք հին պալատ, որը նոր ապարանքից բաժանում էր երկու կամարակապ փոքր փողոց: Ես քայլում էի նրանից հեռու, արագ, որ իր մանր քայլերով չկարողանար հետս հավասարվել, եւ այդպես մինչեւ տեղ հասնելը բառ չփոխանակեցինք: Ժոսլինը, որին արդեն ձի էին նստեցնում, առանց մեզ բերաններս բացելու միջոց տալու, ճառեց, թե Վահկայում էլ է իր քույրն ապրում, ընդ որում՝ հարազատ, որը խոստում է առել ամուսնուց՝ իրենց մորեղբայր Թորոսից, թե նա կփրկագնի գերված կոմսին: Նորից աղաչում էր, որ Ստեֆանին իրեն միանա կամ, եթե համաձայն չէ, թող վերադառնա վանք. հոր ազատագրման խնդիրը, որի համար այն լքել էր, լուծված է: Միանձնուհին ոչինչ չպատասխանեց, եղբորն էր հառել սովորական զարմացած հայացքը, եւ տղեկն, ինձ դառնալով, վերամբարձ ոճով հայտարարեց, թե Աստվածաշունչը վկայակոչելու կարիք չկա, քանի որ այն միայն Մատթեոս քահանա Եդեսացու համար չի ստեղծված, իսկ իր որոշումը հաստատ է, եւ այլ ասելիք չունի Լեւոն իշխանին՝ քեռուն ու հոր գահակցին, որովհետեւ հյուրընկալության համար իր երախտագիտությունն արտահայտել է: Դառնացած, որ ստիպվել էի մեծամիտ երեխայի ոտքը գնալ, վերադարձա ու ներկայացրի առաքելությանս ձախողումը: Թվաց՝ ուրիշ մի անբավականությամբ լսեցին անախորժ լուրն՝ ասես գիտեին նախորդ օրվա մեղքս: Բայց պալատում թնդում էր Խաչատուրի ու Կոստանդինի վեճի մասին խոսակցությունը, որում ավելի շատ մեղադրում էին արարողապետի կնոջը՝ Դստերը: Ոմանք էլ վրդովված, որ բերդապահը նորից էր ծեծել հիշոցապետին, որը դաստակի ու կողերի կոտրվածքներ ուներ, քննարկում էին, թե իշխանն ինչ պատիժ կտա Կոստանդինին այս անգամ: Եկեղեցում գլխավոր նյութը Ռուբենի կռվազանությունն էր, բայց ծառայակիցներիս հայացքների կշտամբանքը թերեւս ինձ էր հասցեագրված: Ի լրումն այդ երկիմաստ վիճակի, երբ գիշերը փորձեցի իրիցկնոջը մերձենալ, ցանկանալով ջնջել Ստեֆանիի հետ ապրած հաճույքս, նա հետ թռավ ինձնից կարիճից խայթվածի պես, եւ փնթփնթաց, որ անպատեհացյալ է, թեեւ, իմ հիշելով, դեռ ժամանակ կար իր արյունակաթին: 56. սկսեցի ինձ հեռու պահել բոլորից եւ հաջորդ մի քանի օրն անցկացրի որբերին տեսակցելով: Ընդսմին, գերադասում էի բերդաքաղաքի ամենահեռու տները գնալ, ոտքով, որ ճանապարհին շատ ժամանակ սպանեի: Հիշելով լուսահոգի մորս, որ հաճախ կրկնում էր, թե՝ մորից որբն է որբ, ոչ՝ հորից որբը, եւ դառը դեպքեր էր պատմում խտրականության մասին, որ իր մայրացուն՝ մեր Շենտիկին Արշարունի տատիկը, դնում էր հարազատ ու խորթ զավակների միջեւ, ես ընտրում էի հատկապես այդպիսի երեխաներին: Եվ, իրոք, բաժանվելիս հսկողությանս համար երախտագիտություն էի զգում նրանց աչքերում, ինչն ինձ սփոփում էր… Ցավոք՝ ոչ երկար: Մերձավորներից փախուստ տալու առումով անտանելի էր մնում երեկոն: Այցելությունների համար ուշ էր, իսկ փողոցից փողոց թափառելն՝ անհարմար: Երբեմն երկար հենվում էի անլույս ու ամայի նրբանցքի մի պատին: Թեեւ այսպես էլ վտանգ կար, որ լեղաճաք կանեմ անցորդներին, կամ թաքնվելս կնկատվի, ու ինձ մտագարի տեղ կդնեն: Երկու անգամ մարդիկ հագուստիս քսվելով անցան՝ հրաշքով չբացահայտվեցի, մի դեպքում էլ ինքս ինձ էի մատնելու՝ խառնվելով խոսակցությանը, որ ընթանում էր անկյունադարձի մյուս կողմում: Վաճառական Եփրեմը ոսկերիչ Խոցադեղին պատմում էր, թե՝ «Երկնքից հեղեղ է թափվում: Մեկ էլ իշխանը որ չտնկվեց դռանս՝ տեր Մատթեոսի ու Թովմաս ազատի հետ… Տերտերը սովորականի նման, ինչպես ինքը կասեր՝ «մթնատեսք ու խրթնահայացք…», «Թովմասն էլ կարծես ատամներդ հաշված լինի, աչքերով հոգուդ մեջ է մտնում»՝ ձայնակցեց նրան Խոցադեղը: «Ծնկներս թուլացան. իմացա գոհարներիս իսկական գինն են պարզել… Կսկսվեր… Վաճառականներդ խաբեբա եք… Աստված չունեք… Բայց մեղադրելուց առաջ թող առավոտից-գիշեր գրաստից չիջնեն, որ քամակները թրջվի-կպչի թամբից, ինչպես որ իմը՝ ողջ ճամփորդության ժամանակ, հետո կխոսեն… Թող մի անգամ գնից դուրս գան օրինական մաքս ու տուրքերը, նվերի անվան տակ տրվող կաշառքները, ավագ քարավանապետերի վարձերը… Մետաքսից ու համեմունքից ծանր ամեն ինչը ծախու գնից շատ է նստում, թե որ երկիրդ ծով չունեցավ, ու ապրանքդ ցամաքով տեղափոխեցիր… Ուղղակի մեր ժողովրդի համար է, չարչարվում ենք՝ մեկի օգուտով մյուսի վնասը ծածկելով…»: Այստեղից շարունակությունը չլսեցի, որովհետեւ վերսկսեցին քայլելը, եւ ինձ էլ հետ պահեցին զրույցին ընդմիջելուց: Նույն օրն էր, որ իրիցկինը մինչեւ ուշ գիշեր սպասել էր տուն գալուս՝ չէր քնել անկողնու եզրին: Խոսեց, ու իմացա, որ նրա դժգոհության աղբյուրն ուրիշ էր: Խոցվել էր Եվայի ամուսնության խնդրում իմ միանձնյա վճռից, որն, իր հետ բացատրությունը ձգձգելուս պատճառով, աղջկանից էր իմացել, որին էլ սարկավագ Գրիգորն էր հնար գտել պատմելու: Նախ բողոքեց, թե շատ եմ փոխվել, որից միշտ ինձ մեղավոր էի զգում՝ անկախ իր կշտամբանքների իրավացիությունից, հետո ասաց, որ թերեւս ընտանիքից կարեւոր բան է հայտնվել կյանքումս, որն ինձ դրդում է օրինական կնոջս քամահրել: Ես շրջանցեցի վերջին կասկածը եւ հարցրի, թե արդյո՞ք կփոխեր Գրիգորի մասին իր կարծիքը, եթե ես ճգնեի համոզել: Անկեղծորեն խոստովանեց, որ՝ ոչ, ես էլ եզրակացրի, թե ուրեմն կարելի է համարել, որ ամեն ինչ իր հետ խորհրդակցելով եմ արել: Նա հայտարարեց, որ իմ այդ ճարտարախոսությունն էլ կուլ կտա, բայց ոչ այն անխոհեմ, ոչնչով չարդարացվող զիջումը, որը մեր ու Եվայի տեղը կթեթեւացնի բոլորի աչքում: Դա օրհնությունս տալն է՝ առանց Գրիգորի հարազատների պաշտոնական դիմումի: «Ովքե՞ր են հարազատները՝ մի խեղճ հորեղբայր ունի»՝ հիշեցրի ես: «Ինչ որ ունի,- առարկեց իրիցկինը,- աղջիկը պետք է թախանձանքներից հետո ընդունի ամուսնությունը»: «Կարելի է կարծել, թե հանգիստ ու խաղաղ ժամանակներ են,- ասացի ես:- Թեթեւ քայլող տղամարդու մեկ օրվա կտրելիք տարածության վրա ութ կայան կա՜: Ամեն մեկում քառասնական ձի ու ձիապան, որոնք կարեւոր անձանց սրընթաց նժույգներով, ունեւորներին հանրային կառքերով, մյուսներին պարեն ու անասնակեր վաճառելով հասցնո՜ւմ են իրենց ցանկացած վայրը… Այդպես Բյուզանդիայի պետական ճանապարհներին հիսուն տարուց էլ առաջ է եղել, նախքան Մանազկերտի ճակատամարտը: Հիմա Վասպուրականից այստեղ հասնելու համար մարդը մի քանի սահման պետք է անցնի»: «Դա մեր մտածելիքը չէ՝ թող մի քարավանի միանա»: «Դա էլ է ծախս ուզում»: «Մեր աղջկանից թանկ չլինի. դու պայմանը դիր ու կտեսնես, որ կկատարվի: Կամ՝ իմացիր, որ տանը կին չունես, այլ կարը, լվացքն ու եփութափն անող սպասուհի»: Ես պատկերացրի տան այդ մթնոլորտն ու համակերպվեցի իր պահանջի հետ: Թեեւ դրանից հետո էլ Եվայի ու Գրիգորի հուսախաբ հայացքներն սկսեցին ինձ ճնշել: 57. Խառանը գրավվել էր մայիսի 26-ին, լուրը մեզ հասավ Հիսունքի կիրակի օրը՝ 29-ին: Փախստականները սարսափելի բաներ էին պատմում թուրքերի արածներից: Գեր ու հաղթանդամ տղամարդկանց ծնկեցրել, մի ձեռքերը ցցի միջոցով պրկել էին գետնին, հետո մաշկը եղունգներով հանդերձ բոլոր կողմերից պոկելով, բազուկով ու թիկունքով մինչեւ երկրորդ ձեռքի ծայրը քաշելով՝ հանել՝ աղեղի լար պատրաստելու համար: Շատ ուրիշների վրա սուրը քանիցս շողացրել, որ մահվանից ավելի ծանր էր, ապա՝ կտրել էին գլուխները: Կրոնավորների մաշկը կրծքից վերեւ քերթելով՝ երեսով-գլխով պոկել ու շրջել էին. չարչարանք, որ սուրբ մարտիրոսների վկայություններում էլ չէր հիշատակվում: Բեհեսնիում միանգամից խոսակցություններ ծայր առան, թե Բալակի զինվորներին տեսնողներ են եղել հարեւան Տլուքի, շատ չանցած՝ իբր նաեւ մեր գավառում: Բայց աղմուկը մարեց նույնքան արագ, ինչքան որ անհիմն էր. Խառանը հեռու էր մեզանից եւ ճանապարհին ուրիշ ամուր բերդեր կային: Բայց այն տեղեկությունը, թե ամիրան մոտենում է Եդեսիային, ուր, նրան կանխելով, Ժոֆրուա Վանականը մտցրել էր իր զորագունդը, հաստատվեց: Ավելի զարմանահրաշ դեպքեր էին եղել, շատ հեռվում: Վրաց թագավոր Դավիթ Շինարարը, որը հայ կնոջից մի որդի ուներ, անունը՝ Դեմետրե, անօրեններից նվաճել էր Տփխիս քաղաքը, որ հները կոչում էին Փայտակարան, եւ հինգ հարյուր հոգու տանջամահ արել՝ ցից հանելով: Նա գրավել էր նաեւ Դմանիս քաղաքը, Շիրվանը, Շամքորը, Շաքին եւ Վրաստանում հայերի համար մի քաղաք հիմնել՝ բազմաթիվ եկեղեցիներով ու վանքերով, որը կոչել էր Գորի: Միայն թե բոլորին ապշեցրին այն լուրերը, որ Թորոս Ռուբինյանը հարձակվել է մեծ ու անառիկ Սիս բերդի վրա եւ խաչակիրներին դուրս վռնդել այնտեղից: Լեւոնը սկսեց պատեհ-անպատեհ հայտարարել, որ դա սովորական հերյուրանք է: Բայց շուտով թագուհին թուղթ ստացավ իշխանաց իշխանից, թե Սիսը նախկինում հոռոմների քաղաքն է եղել, որին Թորոսը մի անգամ կես տարի տիրել է եւ հիմա վերադարձնում է իր սեփականությունը: Այսուհետ գավառը պետք է ծառայեր Կիլիկիայի հարավային սահմանները եզերող լեռնաշղթան ամբողջացնելուն՝ հեշտացնելով երկրի պաշտպանությունը: Մարքիզ Ռուբինյանը հուսով էր, որ միջադեպը չի խանգարի իր եւ դավանակից ֆրանկների բարեկամությանը: Նույն սուրհանդակի՝ Լեւոնին փոխանցած նամակով Թորոսը հայտնում էր, որ Սսից ոչ հեռու ապակու ավազահողով հարուստ լեռ է գրավել, որի կեսը գումարում է Բեատրիսի օժիտին՝ այն օրվանից սկսած, երբ նա ամուսնու հետ ապրի: Խուսափելով մերժմամբ վիրավորանք հասցնել եղբորը՝ Լեւոնը հատուցեց նրա շքեղ նվերն իշխանազն Ռուբենի ասպատակից ջոկած թանկագին առարկաներով: Արդյունքում Եվմորֆիա թագուհու թիկնազորի պետը պալատի հայ պահապաններից հրաժարվեց: Որքան էլ որ իշխանն ապացուցում էր Թորոսի գործողություններից իր անիրազեկությունը, մեր ու ֆրանկների հարաբերություններն ավելի շիկացան, քանի որ քերծվածքը, որ խնջույքի ընթացքում հյուրընկալ ասպետին Ռուբենն էր հասցրել, հանգեցրեց տարաբախտ վախճանի: Վերքը բորբոքվել, ուռել էր մի քանի օրում, եւ խաչակիրը մեռավ: Ֆրանկներն արդար դատ ու արյան փոխհատուցում պահանջեցին. Լեւոնը երդմամբ խոստացավ անել: Այս իրադարձությունները ստվերեցին խնջույքի մնացյալ անցուդարձը, որն ուրիշ պարագաներում դեռ երկար կքննարկվեր: Բայց ստվերեցին ոչ ինձ համար: Մասնակցելով հավաքներին, որտեղ ներկայությունս ըստ իմ դիրքի պահանջվում էր, ես լսում, բայց ոչնչի չէի խառնվում: Բարձիթողի էի արել նաեւ «Ժամանակագրությունս»՝ նույնիսկ լրացումներն ի մի չբերելով, որ իշխանը տար արտագրության, ինչպես որոշել էր՝ Դրազարկ վանքին ընծայելու համար: Միայն թափառումներիս շրջագիծն էր լայնացել, քանի որ երկու անգամ՝ պալատի սյունասրահում ու բերդավանի Զույգ աղբյուրի մոտ, երես-երեսի կգայի Ստեֆանիի հետ, եթե, ժամանակին նկատելով, ճանապարհս չթեքեի: Հաճախ իջնում էի Միխալի երկանք ջրաղացը, որ եկեղեցապատկան էր, կամ, լիովին աննպատակ, երկրաշարժից ավերված անտառափեշի ձիթհանք բարձրանում: Երեխա ժամանակս նման տեղեր մենակ չէի գնա, նույնիսկ կողքով անցնելիս չէի նայի՝ վախենալով սատանաներից: Բայց մեծանալով՝ հասկացել էի, որ իրենց էլ հոգեւորականն ու Քրիստոսի զորությունն են ահաբեկում, այդ պատճառով չէին հանդգնի երբեւէ երեւալ աչքիս: Ավաղ, վերջին մեղքս վստահություն չէր թողել, թե սատանան հիմա էլ կերկնչեր կրծքիս խաչից, ուստի մութ ժամերին խուսափում էի հորերի ու ջրաղացների մոտակայքից, ուր, ռամիկների պատմելով, չարքերը վխտում էին գիշերը: Այսուհանդերձ, մի անգամ օրը ցերեկով սատանայի գլուխ նշմարեցի, բայց երբ փորձի համար մտա կիսաքանդ տունը, որի ներսից ծիկրակում էր, ոչինչ չհայտնաբերեցի, եւ, իրեն հակառակ, ջուր թափեցի նույն անկյունում: Տարօրինակն այն էր, որ ինձ քննելով՝ նորից կիրք չէի գտնում Ստեֆանիի հանդեպ: Նույնիսկ հազվադեպ էի հիշում նրան: Բայց երբ որ պատահում էր, գլխավորապես՝ գիշերը… վերհիշում էի ամբողջ մարմնով, մեղկ քաղցրությունը համակում էր բոլոր անդամներս, պարզ երեւակայում էի միանձնուհու նուրբ դեմքը՝ ժպտալիս, որից այտին փոսիկ էր գոյանում: Հետո երանավետ տեսիլքը ցնդում էր այն մտքից, որ նա կույս չէր մեր առաջին մերձեցմանը, եւ կատաղի ցանկություն էի ունենում գնալ, անկողնում հանկարծակի ցնցելով ու գոռգոռալով սարսափահար անել եւ պարզել իրեն գայթակղեցնողի անունը: Եթե իմանայի, որ այդ մարդը Բեհեսնիում է, կսպանեի նրան դեռ նախքան լույսը բացվելը: Բայց նույնիսկ նման գիշերվա հաջորդ օրը մտացրիվ ու անտարբեր վիճակում էի: Ջանք չէի անում գոնե սուրբ հայրերի կանոնները թերթել, որ հստակվեր՝ ի՞նչ պատիժ էր նախատեսված քահանայի ու միանձնուհու համար, որոնք իրար հետ շնացել: Գուցե եւ նման բան երբեւէ չէր անցել նրանց մտքով, բայց այլ եղանակ չկար նախօրոք պարզելու ճակատագիրս, եթե առաջիկայում պետք է գնայի սրբազանների դուռը՝ խոստովանության: Այն, որ կարգալույծ կանեին, ինքնին հասկանալի էր: Բայց արդյոք պարտավո՞ր էի Ստեֆանիի հետ ամուսնանալ, թե՞՝ միայն այն դեպքում, երբ իրիցկինը պահանջեր քանդել պսակը: Երեխաներիս բանն ի՞նչ կլիներ: Ի՞նչ կփոխեր այն հանգամանքը, որ միանձնուհին պոռնկել էր մինչեւ ինձ: Լատին կրոնավորները ի՞նչ խստությամբ կդատեին կոմսի դստերը, եթե մեր կանոնները կուսությունն Աստծուն նվիրաբերած եւ ուխտը խախտածին յոթ տարվա ապաշխարության էին դատապարտում: Գուցե երկուսիս էլ նզովեին եւ արտաքսեին սուրբ եկեղեցուց՝ հավասարեցնելով հեթանոսներին: Որտե՞ղ էինք ապրելու այդ ժամանակ՝ հայերի մեջ, թե՞՝ ֆրանկների: Ի՞նչով էինք զբաղվելու: 58. միանձնուհու հետ խոսակցեցի բժիշկ տիրատուրի տնօրհնեքին: Ես տան ընդհանուր օծումն էի անում՝ կտուրին սարկավագի ու դպիրների հետ կանգնած, երբ բազմության մեջ՝ ներքեւը, նկատեցի նրան: Միտքս բոլորովին կխճճվեր, եթե ինձ այդ պահից խիստ չհսկեի, որովհետեւ անմիջապես մի տեղ աղոթքների հերթականությունը խառնեցի: Կրճատ կատարեցի արարողությունը՝ հարուցելով մյուս ծիսարարների զարմանքը, այսուհանդերձ, ավարտելով էլ, ոտքս անզգույշ գցեցի: Սայթաքեցի, հարվածեցի Գրիգորի ոտքերին, որը ցած կընկներ՝ կղմինդրների վրա սահելով, եթե կտուրը բոլորող բազրիքը չխանգարեր: Երբ ներքեւ իջա, հավաքվածները դրվատում էին բժշկին, որ տունը սարքել էր բարեխղճորեն: Այլապես բնակարանամուտի օրն իսկ մարդ կմեռներ, իսկ նման պարագաներում, կանոնները տանտիրոջը սպանություն էին մեղսագրում, թեեւ առանց արյան դատի՝ միայն քավիչ զոհաբերության կամ ապաշխարության պատժով: Ինձ նույնքան միահամուռ աչքալուսանք տվեցին, որ չդարձա սարկավագի անմեղ արյան տերը կամ ինքս չարժանացա Բարսեղ կաթողիկոսի բախտին: Պատրիկ Դամիանոսն էր եղել ականատեսը, որ 1113 թվականի նոյեմբերի տասին, մոտակա Վարդահերի գյուղում, նորաշեն տան երդիկը փլվել էր հայրապետի, եպիսկոպոսների ու քահանաների ոտքերի տակ, եւ գերապայծառը, պատին հարվելով, ջարդել էր ողն ու երեք օրից վախճանվել: Ես մտքումս զարմացա, թե ինչ արտասովոր առիթով պետք է լսեի երջանկահիշատակի մահվան հանգամանքները, որոնց վաղուց հետամուտ էի «Ժամանակագրությանս» համար: Իսկ ախոռապետը եզրափակեց պատմությունը, թե՝ «Սատանայից էր, որովհետեւ ուրիշ ոչ ոք չվնասվեց»: Բժիշկ Տիրատուրը կասկածեց, թե սատանայի մատը խառը լինի: Նա ավելի հավանական պատճառ համարեց հյուսների ու որմնադիրների ապաշնորհությունը եւ գովաբանեց իր արհեստավորներին, որոնք առանձին խմբված էին տոնօրյա մաքուր հագուստներով: Մարդիկ իսկապես որ լավ տուն էին սարքել՝ սպիտակ կրաքարից, առաջին հարկը գետնից մի մարդահասակ բարձր: Երբ աղոթքով մաքրում էի երեք մեծ սենյակները, նկատեցի, որ միանձնուհին կողքիցս հեռու չի գնում: Որքան էլ աչքերով դժգոհությունս չարտահայտեի, նույն կերպ կրնկեց ինձ պարտեզում, ամբարում, փայտանոցում, գոմում, մարագում ու հնձանում՝ որտեղ էլ արտաբերելիս լինեի «Այս նշանավս Սուրբ խաչիվս աղաչեսցուք»: Միայն գաղտնարանն օրհնելիս էր, որ բոլորի նման մենակ թողեց ինձ բժշկի հետ, այն էլ, հայացքս բռնելով, բարձրացրեց հոնքերը՝ թե, իբր, ինչու՞ եմ վրդովված, միգուցե որեւէ անախորժությու՞ն է պատահել: Վերջում սրբեցի ընդարձակ ու կամարակապ մառանը, որի կարասներն արդեն գինի էին լցրել, եւ մի սպասավոր դանդաղ խառնում էր ըմպելիքը՝ ծայրին հոտավետ բույսեր կապած դմբիչով: Բժիշկը մի ճաշակ գինի վերցրեց եւ սկսեց մատուցել հյուրերին, որոնք, համտեսելով, իրար փոխանցեցին այն: Երբ ճաշակն անցավ քույր Ստեֆանիին, նա փոքր կում արեց, եւ շերեփն ինձ տալով հարցրեց, թե արդյոք տարբերու՞մ եմ անարատ գինին ջուր խառնածից: Ես պատասխանեցի, որ փորձս քիչ է, բայց՝ ավելի հեշտ, քան անեղծ կնոջը՝ ապականվածից, թեեւ ենթադրում էի, թե մարդկանց ճանաչում եմ: Խոսքերս դուր եկան ոմանց, եւ նրանք կրկնեցին ուրիշների համար, իսկ միանձնուհին ցույց տվեց, թե դրանք իր հետ առնչություն չունեն: Երբ նորից բարձրացանք վերեւ, ուր մեզ էր սպասում առատ հյուրասիրությունը, ես սեղանն օրհնեցի ու իսկույնեւեթ հեռացա, ինչը տեղիք էր տվել ոմանց շուկայում բամբասելու, թե Մատթեոս քահանան վախենում է գինովանալուց վերջին խրախճանքից հետո: Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել