Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախիջեւան» միությունը կապ չուներ

Հունվար 19,2002 00:00

«Նախիջեւան» միությունը կապ չուներ Հայաստանի ազգային պատկերասրահում բացված այս տարվա առաջին ցուցահանդեսի «մեղավորը» Արգամ Այվազյանն էր՝ Նախիջեւանի պատմաճարտարապետական ու մշակութային կոթողների մասին պատմող իր գիտահեղինակային լուսանկարներով։ Հավաքածուն կազմված էր 236 լուսանկարներից, որոնցից 14-ը արխիվային փաստաթղթեր էին։ Ներկայացված էին հեթանոսական կուլտուրայի օրրան Գողթան գավառի հոյակերտ կոթողները՝ քրիստոնեական մշակույթի նմուշների հետ կողք-կողքի։ Հուշարձանների պահպանության հայկական ընկերության նախագահ Վարազդատ Հարությունյանը Արգամ Այվազյանի մի քանի տասնամյակ ընդգրկող գործունեությունը որակեց սխրանք, ինչը խորհրդային տարիներին, ըստ նրա, անչափ վտանգավոր էր։ Նա վկայեց, որ Հին Ջուղայի գերեզմանատան խաչքարերից մեկն էլ գտնվում է Էրմիտաժի արեւելյան բաժնում։ Արգամ Այվազյանին շնորհավորելու էր եկել նաեւ հին ագուլիսցի Երվանդ Մանարյանը։ Ի դեպ, երբ նա խոսում էր խորհրդային տարիներին եկեղեցու ու խաչքարի գունավոր լուսանկար ունենալու դժվարության մասին, ներկաներից մեկը հակառակը պնդեց, հիշելով, թե «որքա՜ն էժան էր դա՝ մեր օրերի հետ համեմատած»։ Դրանից Ե. Մանարյանը զայրացավ, ասելով, որ երկիրը միշտ տուժում է, երբ խոսք է գնում թանկ ու էժանից։ Արգամ Այվազյանը նույնպես փաստեց, որ իր կատարածը բառացիորեն հետախույզի աշխատանք է եղել, ինչի ընթացքում ինքը քանիցս բռնվել է՝ հանդիպելով բազմաթիվ խոչընդոտների ու վտանգների։ Սակայն կարեւորը, կարծում ենք, վերջնական արդյունքն է՝ 110 գիտական հոդված, 13 գիրք։ Եվ 8 գիրք նա պատրաստվում է հրատարակել՝ միջոցներ հայթայթելու դեպքում։ Ա. Այվազյանը նշեց, որ ցուցահանդեսի բացմանը աջակցել են «Երկիր եւ մշակույթ» կազմակերպությունը եւ մի խումբ նախիջեւանցիներ։ Իսկ «Նախիջեւան» հայրենակցական միությունը, նրա վկայությամբ, որեւէ մասնակցություն չի ունեցել, թեեւ հարաբերությունները վերջինիս հետ նորմալ են։ Հայտնի է, որ «Նախիջեւան» հայրենակցական միությունը նման ակցիաների ժամանակ միշտ էլ պասիվ է լինում։ Փոխարենը այն ակտիվացել էր նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ իր նախագահի թեկնածությունը առաջադրելով այն տարածքում, ուր հատկապես շատ են նախիջեւանցիները։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել