Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՂԲԱՅՐԱՑԵՔ ԵՐՋԱՆԿԱՀԻՇԱՏԱԿ ՄԱՆԹԱՇՈՎԻՆ

Հունվար 19,2002 00:00

ԵՂԲԱՅՐԱՑԵՔ ԵՐՋԱՆԿԱՀԻՇԱՏԱԿ ՄԱՆԹԱՇՈՎԻՆ Կամ պատվով տանենք յուրաքանչյուրս մեր խաչը Քանդակագործ Արտաշես Հովսեփյանը Փրկիչ Տիրոջ՝ Քրիստոսի ծննդյան գիշերը, նախկին Ամանորի պես դիմավորել է իր ձեռքով սարքած ավանդական ճրագի լույսի տակ, որն, ի դեպ, այնպիսին էր, ինչպիսին ուղիղ 2002 տարի առաջ հեռավոր Բեթղեհեմում։ Դիմավորել է Փրկչի արձանի նախագծի վրա աշխատելով, Փրկչի մեջքին դրված խաչը հարմարեցրել է, իր մեջքը կորացրել ու հարմարեցրել է նրա բեռին։ Նա իրենը տարել ու տանում է, քանդակագործը՝ նույնպես։ Նոր տարուց 20 օր առաջ հոսանքազրկվել էր նրա արվեստանոցը, որը նաեւ որպես բնակարան է ծառայում։ Պատճառը՝ լրիվ օրինական. էլեկտրաէներգիայի պարտքը չվճարելը։ Իսկ նա ջեռուցման եւ լույսի ուրիշ աղբյուր չունի… Ճակատագրի հեգնախա՞ղ է սա, թե՞ մեր փնթի անտարբերության սովորական մի դեպք… Անցյալ տարի բոլորեց նրա 70-ը։ Համայն հայությունից (իշխանություններ, ստեղծագործական միություններ) միայն մի քանի խմբագրություններ եւ Րաֆֆի Հովհաննիսյանի կենտրոնը հիշեցին ու շնորհավորեցին քանդակագործին՝ իր փառահեղ եւ համեստ ներկայության համար։ 70-ը նոր է բոլորել եւ առույգ է։ Եվս այդքան ապրելու, արարելու կամք ու ծրագրեր ունի։ Թաղամասում թերեւս միակ անվճարունակն է։ Փրկիչից առաջ Դրաստամատ Կանայանի (Դրո) գերեզմանի համար նախատեսված հարթաքանդակի նախագիծն էր դրել պահարան. Դրոն՝ ձիուն հեծած, Դրոն՝ խոժոռ-խռով, Դրոն՝ հաղթ ու հասնող, Դրոն՝ վրիժառու եւ անհուշարձան… Աշխատանքը, որ կատարվել է առանց պայմանագրի ու կանխավճարի (ջենթլմենական պայմանավորվածությամբ), կենդանություն չի ստացել… Դրոյից առաջ նահապետ Նոյն էր «գնացել պատմության գիրկը» պատվիրատուի հետ միասին. պատվիրատուն այս անգամ իր կյանքը նաիրյան զոհասեղանին դրած վարչապետ Վազգեն Սարգսյանն էր։ Պատվերը տրվել էր ՀՀ կառավարության եւ Նկարիչների միության մի շարք անդամների ներկայությամբ եւ նախատեսվում էր այն իրականացնել քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակի շրջանակներում. որոշված էր նույնիսկ տեղը՝ Խոր Վիրապից ոչ հեռու մի բլրակի վրա։ Նոյը պետք է 15-20մ հասակ ունենար… Թղթի վրա դեռ մնացել են էսքիզները. Նահապետը՝ կանգնած ողջ հասակով, աջը պարզած դեպի մարդկության նոր հանգրվանը՝ Արարատյան դաշտը, Արարատի փեշին, ձախին՝ տապանը, որպես նոր սերունդներին մաքուր ապրելու գրավական… Իսկ փեշերից ջրազատվող մոլորակը բնակեցնող կենդանիների ու գազանների խմբերն են իջնում, թռչունների երամներն են ճախրելու պատրաստվում։ Ո՛չ Վազգեն Սարգսյանի իրավահաջորդները, ո՛չ էլ կառավարության ու նկարիչների միության որեւէ այլ անդամ այլեւս չհետաքրքրվեցին պատվերի ճակատագրով, քանզի այս պատվերը նույնպես ջենթլմենական էր եւ իրավական հիմք՝ գրավոր պայմանագիր չէր պարունակում։ – Բա ձեր սրտի դավթարումն էլ գրված չի՞,- կհարցներ Պեպոն։ Նոյից առաջ Համո Սահյանի խոհափիլիսոփայական գիպսե արձանն է նստած վիճակում փշրվել-փոշիացել, նույնպես՝ Ալ. Մանթաշովի եւ Գյուլբենկյանի կիսանդրիները, Եռաբլուրի՝ 20 խաչքարերի էսքիզները, Վահագնը, որ պիտի դրվեր խաչքարերի համայնապատկերը լրացնող խոյակի վրա։ Այսօր խոյակը կա՝ թափուր վիճակում, իսկ խաչքարերի փոխարեն դատարկ քարե տախտակներ են։ Ճարտարապետական ճիշտ լուծո՞ւմ, նյութական նեղվածությո՞ւն, թե՞ մեր դատարկ իրականության պատկերն է սա։ Չեմ կարող ասել, բայց մարդը հարյուրավոր գիշերներ է լուսացրել այդ էսքիզները կազմելով՝ անշահախնդիր եւ, ցավոք, նույնպես՝ ապարդյուն։ Հիմա էս թվարկումների հետ ուրիշ պատմություն հիշեցի։ Սոֆիայի գլխավոր ճարտարապետը 92 թվականի ձմռանը Երեւան գալով, ճարտարապետ-ակադեմիկոս Ջիմ Թորոսյանի հետ այցելում է Արտ. Հովսեփյանի արվեստանոց եւ սլավոնական պարզությամբ ու սիրով քանդակագործի աջը համբուրելով՝ հարցնում է. – Ի՞նչ կուզեք Բուլղարիայի մայրաքաղաքում Թամանյանի պես մի արձան կանգնեցնելու համար։ – Ո՞ւմ արձանը,- հարցին հարցով է պատասխանել մաեստրոն։ – Ում արձանը ուզում է թող լինի. Ձերը, Ձեր պապինը կամ Ջիմ Պետրովիչինը, միայն թե՝ Թամանյանի պես հիմնադիր եւ հայր լինի, ճիշտ ու մնայուն լինի, պայմանագիրը եւ կանխավճարը՝ հիմա, մնացածը տեղում կհարմարեցնենք եւ կհամաձայնեցնենք։ Առաջարկը ավելի քան գործնական էր, բայց ով ճանաչում է Ալ. Թամանյանի հեղինակին, գիտի, որ ողնուծուծով էս հող ու ջրի շաղախից սարքած զինվոր է նա ու առանց էդ հող ու ջրի կյանք չունի։ Եվ թերեւս հենց այդ պատճառով էլ պատասխանում է հայրենակցի՝ Համո Սահյանի հայտնի՝ «Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ» բանաստեղծությամբ… Բուլղարացին միանգամից չի ընկալելում Ջիմ Թորոսյանի տողացի թարգմանությունը, քանդակագործին հարցնում է. – Ներողություն, Դուք հիմա որեւէ լուրջ պատվեր ունե՞ք։ Ջիմ Պետրովիչն ասաց, որ, հազար ներողություն, ստեղծագործական առումով այնքան էլ զբաղված չեք,- ասում եւ հարցախառն նայում է կոլեգային։ – Նրա խոսքը խոսք է, մերժումը՝ մերժում։ 20-25 տարի առաջ ակադեմիկոսի կոչումից հրաժարվեց, կողը հաստ է, կներես,- արձանագրում է Ջիմ Պետրովիչը։ Այն ժամանակ երկիրը իրոք դժոխքի եզրին էր, պատերազմ էր, մութ էր, ցուրտ էր, արհավիրք՝ երկրաշարժ ու շրջափակում էր… Ու քանդակագործի սիրտն էլ կտոր-կտոր էր լինում անճարությունից, մատներն ու միտքը խելագարվում էին պարապությունից։ Բուլղարացուն էլ չէր կարող շնորհակալությունից բացի, կոպիտ բան ասել. այդ առաջարկով, իր ընկալմամբ, ինքը դասալիք էր դառնում։ Եվ այդպես էլ անում է՝ գինով լի բաժակը վերցնում, շնորհակալություն է հայտնում ու բարին մաղթելուց առաջ ասում. – Ոչինչ, բարեկամս, շուտով պատերազմը կավարտվի, երկիրն ուշքի կգա, դեռ սաղմնային վիճակում գտնվող ապագա մանթաշովներն էլ կկայանան. օրը կգա՝ բարին հետը։ Էս պատմությունը գրեցի ու մատս կծեցի. բա որ բուլղարացին է ու երազ տեսնի, երազում՝ Ալ. Թամանյանի հեղինակին՝ նույն վիճակում։ «Այ մարդ,- կասի,- պատերազմը, փառք Աստծո, վերջացել է, մանթաշովների բանակն էլ կայացել է ու Արտ. Հովսեփյանի պես քանդակագործը էլի որեւէ լուրջ պատվեր չունի, նորից ցրտի, մթի ու կարիքի մեջ է»։ Չէ, օտարը (այս դեպքում՝ բուլղարացին) մեզ նման անտարբեր չէ. սիրում ու գնահատում է մեր արվեստն ու հանճարը՝ ի դեմս քանդակագործ Արտ. Հովսեփյանի, որն, ի դեպ, միակ մոռացված հանճարը չէ մեր կողքին։ Բա որ նորից գա կամ զանգահարի Ջիմ Թորոսյանին կամ Նարեկ Սարգսյանին, եւ ասի, թե իր պետության եւ իր առաջարկը ուժի մեջ է։ Ի՞նչ են պատասխանելու Ալ. Թամանյանի արձանի հեղինակի փոխարեն, իմանալով, որ վերջինս նույն վիճակում մնալով հանդերձ, մտոք եւս նույնն է մնացել։ …Ինքը նույնն է մնացել, իսկ ժամանակը կանգ չի առնում, 88-ից այս կողմ 14 տարի է անցել, արվեստագետի համար մի ամբողջ կյանք, իսկ Ալ. Թամանյանի, Արմեն Տիգրանյանի, Կարլ Մարքսի (գողացված կամ ջարդած՝ 88-ին), Օրբելի եղբայրների, Նիկողայոս Ադոնցի արձանների, Ե. Չարենցի, Հր. Աճառյանի, Հր. Ներսիսյանի կիսանդրիների եւ Սբ. Սարգիս եկեղեցու, Կոնյակի գորածարանի, «Սասունցի Դավիթ» մետրոյի հարթաքանդակների հեղինակը 14 տարի կարծես չի էլ ապրել, կարծես մեր կողքին չի եղել, կարծես մենք չենք ունեցել, չենք տեսել ու չենք հիացել Աստծո շնորհն իրենց վրա կրող նրա գործերով։ Կասկադում, լուսահոգի Գր. Խանջյանի կիսատ թողած սրահի հարեւանությամբ մի ուրիշ կիսատ սրահ կա՝ մաեստրո Արտ. Հովսեփյանինն է՝ «Սասունցի Դավթի կյանքը» հարթաքանդակը ըստ Հակոբ Կոջոյանի հայտնի նկարի։ Բերեք դավադիր անտարբերությամբ չսպասենք գուժկանին ու հետո ազգովի կոկորդիլոսաբար չարձանագրենք, թե «Մաեստրոն, ափսոս, չհասցրեց ավարտել կիսատ թողածը…»։ Եվ հենց այստեղ էլ ուզում եմ նպատակս ուղիղ տեղ հասցնել, առանց խղճմտանքի, սերմնացանի անշնորհակալ դերը ստանձնելու, մանավանդ որ մաեստրոն ինքնասիրության եզակի ասպետ է եւ արվեստում ամենաշատը զզվում է «մեծապատիվ մուրացկաններից»։ Դիմում եմ մեր պետայրերին (եթե պետբյուջեն եւ նրանց սիրտը թույլ է տալիս) եւ աշխարհասփյուռ հայ մեծահարուստներին (թող Աստված նրանց մեկը հազար անի). Արտ. Հովսեփյանին այլեւս այս կյանքից ոչինչ պետք չէ. եւ փառք ունի, եւ տառապանք։ Բայց քանի դեռ մեր կողքին է, օգնենք ինքներս մեզ՝ նրա կիսատ գործերն ու մտքերը կյանքի կոչելու, հիշելով, որ մեր փառավոր, դաժան եւ տխուր պատմությունից մեզ ժառանգություն է մնացել միայն մեր մշակույթը։ Մեզ եւ մեր սերունդներին՝ միայն մշակույթը, ուրիշ ոչինչ։ Այնպես որ, ֆինանսական աշխարհի մեծարգո ընտրյալներ Աստծո, վստահ ու համարձակ արեք ձեր ներդրումը Աստծո մյուս ընտրյալին եւ իմացեք, որ շահույթը լինելու է աննախադեպ՝ ձեր պապերի ազգանվան հավերժացումը։ Արեք եւ եղբայրացեք երջանկահիշատակ Մանթաշովին, ու այդ դեպքում հաստատ պատվով կտանենք յուրաքանչյուրս մեր խաչը։ ՎԱՆՈՒՇ ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆ Արձակագիր «Առավոտը» սիրով առաջինն է արձագանքում ազգանվեր այս ահազանգին՝ իր վրա վերցնելով լուսաբանման միջնորդական գովազդի գործընթացները: Ո՞վ է հաջորդը, անհամբեր սպասում ենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել