Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է

Հունվար 19,2002 00:00

Փաստաբանի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում երեկ քննության պիտի դրվեր փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը։ Այս անգամ նախագահող դատավորը Էդիկ Ավետիսյանն էր։ Հիշեցնենք, որ Կենտրոնի դատավոր Պ. Օհանյանի նկատմամբ այս գործով բացարկ էր հայտնվել եւ ընդունվել էր։ Նիկոլայի պաշտպաններն իրենց մարտավարությունը, մեր կանխատեսմամբ, կառուցելու էին հետեւյալ կերպ. բացարկ հայտնել այս գործով Կենտրոնի բոլոր դատավորներին։ Հիշեցնենք, որ փաստաբանը մեղադրվում էր ՀՀ քրօրի 1913 հոդվածով եւ գործով տուժող էր ճանաչվել նույն դատարանի դատավոր Գայանե Կարախանյանը։ Այս անգամ էլ տուժողը բացակա էր, իսկ նրա շահերի ներկայացուցչի մասին ընդհանրապես որեւէ հարց չի ծագում դատարանում։ «Ամբաստանյալի» 45 պաշտպաններ երեկ բացարկ հայտնեցին դատավոր Էդիկ Ավետիսյանին։ «Գտնում ենք, որ դատավոր Էդուարդ Ավետիսյանը բացարձակ անգրագետ է, չգիտի օրենքը, չգիտի, որ ինքը նույնպես պետք է ղեկավարվի օրենքներով»։ Պաշտպանները պահանջում էին արձանագրել, որ «դատավորը անգրագետ է։ Եթե ոչ, պարտավոր էր որոշում կայացնել եւ բավարարել Ն. Բաղդասարյանի պաշտպանների միջնորդությունը, կարճել վերջինիս նկատմամբ քրեական գործը եւ դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը»։ Դատավորը մերժել էր վերոնշյալ միջնորդությունը։ Գայանե Կարախանյանին «բացարձակ անգրագետ» անվանելու արդյունքում է թխվել վերոնշյալ գործը։ Մինչդեռ՝ Ն. Բաղդասարյանի գործընկերները, որոնք նրա պաշտպաններն են, ապա գործով գտնում էին, որ դատավորի պատիվն ու արժանապատվությունը չի նսեմացվել «անպարկեշտ ձեւով, այսինքն, այնպիսի ձեւով, որը հակասում է վարքագծի հաստատված կանոններին»։ Պարզապես, ճշտենք, որ փաստաբանների 3 գործող միություններից վարքագծի հաստատված կանոններ ունի միայն Հայաստանի փաստաբանների միությունը, որի անդամը չէ «ամբաստանյալ» Ն. Բաղդասարյանը։ Ի դեպ, բացարկի տեքստում վերծանվել էր «անպարկեշտ ձեւով իրականացված վիրավորանք» արտահայտությունը, որը տեղ էր գտել մեղադրականում։ «Անպարկեշտ ձեւով իրականացված վիրավորանքն արտահայտվում է անձին ցինիկ, հայհոյանքի բնույթ ունեցող գնահատական տալով, դեմքին թքելով, ապտակելով, ցինիկ բնույթի ժեստերով, ինչը Ն. Բաղդասարյանը չի արել»։ Պաշտպանական կողմը պնդում էր, որ Ն. Բաղդասարյանի արարքում հանցակազմ չկա, որ «ի սկզբանե բացառվում էր քրգործի հարուցումը»։ Հետեւաբար, դատավոր Է. Ավետիսյանից ակնկալվում էր, որ նա «միջնորդությունը քննարկելիս ընդամենը պարզեր. արդյոք վերոնշյալ արտահայտությունները քրեաիրավական առումով կարո՞ղ են գնահատվել որպես վիրավորանք»։ Ինչպես նախորդ բացարկն ընդունած Պարգեւ Օհանյանի, այնպես էլ Էդիկ Ավետիսյանի հարցում նրանք չէին բացառում գործի ելքով ուղղակի շահագրգռված լինելու հանգամանքը։ «Շատերին է հայտնի, որ դուք աշխատում եք սույն գործով տուժող ճանաչված դատավոր Գայանե Կարախանյանի հետ մի կոլեկտիվում («մի թիմում», ինչպես նա ասել էր «Օրինաթերթի» 2001թ. թիվ 9-ում- Ռ.Մ.), եւ որպես գործընկերներ, նույն տուժողի հետ, ընտանիքներով ինչ-որ տեղ կարճատեւ հանգիստ եք անցկացնում, կամա թե ակամա աշխատանքային հարցեր եք քննարկում»։ Վերջնական արդյունքում բացարկ հայտնելով Է. Ավետիսյանին, «ամբաստանյալ»-փաստաբանի պաշտպանները մեղադրում էին նրան, որ խախտվել են ՀՀ Քրդատօրի 135 հոդվածի 1-ին մասի պահանջները։ Այն է՝ «դատարանը, դատախազը, քննիչը, խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է. 1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, 2) խոչընդոտել միջդատական վարույթում (կամ դատարանում) գործի քննությանը, 3) կատարել արգելված արարք, 4) խուսափել իր պատասխանատվությունից եւ նշանակված պատիժը կրելուց, 5) խոչընդոտել դատավճռի կատարմանը»։ Ն. Բաղդասարյանը նույնպես միացել էր իր «պաշտպանների» բացարկին։ Մեղադրող Պերճ Տեր-Հարությունյանը իր դիրքորոշումն արտահայտեց այս կերպ. «Թողնում եմ դատարանի հայեցողությանը»։ Դատավորը խորհրդակցական սենյակ անցնելիս նկատեց. «Դուք կարծիք չունեք»։ Դատավոր Է. Ավետիսյանը ժամը 18։20-ին ընդունեց բացարկը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել