Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՏԵՂ ԵՍ ՀԱՆԳՉՈՒՄ ՀԻՄԱ…

Հունվար 19,2002 00:00

ՈՐՏԵՂ ԵՍ ՀԱՆԳՉՈՒՄ ՀԻՄԱ… «Առանց Արփիկի՝ Չարենցի մասին գրել հնարավոր չէ… Նա ամեն ինչ էր Չարենցի համար, առանց որի իր կյանքը չէր պատկերացնում»։ ՄԱՐՈ ԱԼԱԶԱՆ – 1986 թվականին մի հեռախոսազանգ լսվեց. Կոմիտասի անվան Պանթեոնում քանդում են Չարենցի վաղամեռիկ կնոջ՝ Արփենիկ Տեր-Աստվածատրյանի գերեզմանը։ Զանգողը տուն- թանգարանի հաշվապահի (այսօր արդեն հանգուցյալ)՝ Լիլյա Աբրահամյանի շինարար եղբայրն էր (նույնպես հանգուցյալ),- պատմում է բանաստեղծի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Կլարա Խոջումյանը։ Վերջինս լուսանկարչի հետ տեղ է հասնում այն պահին, երբ գերեզմանն ամբողջությամբ քանդվել էր։ «Մնացել էր բետոնապատ մի կամար, որն, ըստ հուշագիրների, Չարենցը կառուցել էր, հավանաբար, որ սիրելին չճզմվի հողի տակ։ Փնտրեցինք ու հողի տակ գտանք դագաղի բռնակներից մեկը» (տես լուսանկարը),- շարունակում է Կ. Խոջումյանը։ Ճակատագրի կամքով այսօր գերեզման չունեն թե դարի բանաստեղծը, թե նրա վաղամեռիկ կինը, որին Չարենցը նվիրեց «Էպիկական լուսաբաց» պոեմը՝ հետեւյալ խոսուն ընծայագրով. «Նվիրում եմ այս գիրքս հիշատակին կնոջս, ընկերոջս, հերոսական բարեկամիս՝ Արփենիկ Չարենցին (Տեր Աստվածատրյան), վախճանված 1927 թվի հունվարի 1-2-ի գիշերը, Երեւանի առաջին հիվանդանոցում»։ Փորձեցինք ըստ հուշագիրների եւ նրա ժամանակակիցների վերականգնել, թե ինչպես Արփենիկի գերեզմանը հայտնվեց Պանթեոնում։ «Ներկայիս Նալբանդյան փողոցի 21 շենքից դուրս էին բերում մի դագաղ։ Դագաղն իրենց ուսերին կրում էին գրողներ, նկարիչներ եւ պաշտոնյա մարդիկ։ Դագաղը Նալբանդյան փողոցից Ազիզբեկովի հրապարակով դեպի Աբովյան փողոց, Ռոզա Լյուքսեմբուրգի փողոց, ներկայիս պետկրկեսի մոտով տանում էին քաղաքային գերեզմանատուն։ Հուղարկավորների միջից մինչեւ գերեզմանատուն լսվում էր մի բարձր, սրտաճմլիկ ձայն. Չարենցի լացն էր իր պաշտելի կնոջ դագաղի ետեւեից» (Վահան Հովսեփյան. «Չարենցյան մտաբերումներ»)։ Որտե՞ղ է ամփոփվել Արփենիկը, Պանթեոնի ո՞ր հատվածում։ «Գնում ենք Մլեր կոչված գերեզմանատունը, ուր հիմա Կոմիտասի անվան զբոսայգին է։ Քարե ցանկապատից այն կողմ, հենց մուտքի դիմաց հասարակ, գորշ տուֆե մի շիրմաքար կա, վրան գրած՝ Արփենիկ Չարենց, ծննդյան ու մահվան թվականներով» (Հրաչյա Հովհաննիսյան. «Ոսկե ամպ»)։ Ասել կուզի, որ Արփենիկն ունեցել է շիրմաքար եւ այն պնդումներն էլ, թե այդպիսին չի եղել, հետեւաբար, ճիշտ չէ։ Գերեզմանից (որը հողին հավասարեցվեց գազատար խողովակներ անցկացնելու պատճառով) «… այն կողմ մի ուրիշ գերեզման կա՝ սեւ մարմարից, ցածրիկ, դա անցյալ տարի աշնանը մահացած ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանինն է։ Ավելի հեռվում՝ դարձյալ հասարակ տուֆե մի շիրմաքար՝ վաղուց հեռացած Վրթանես Փափազյանինը եւ հետո՝ «Պանթեոնը» (Հրաչյա Հովհաննիսյան)։ Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը, վկայակոչելով Ռեգինա Ղազարյանին, տեղեկացրեց, որ բանաստեղծն ամեն օր այցելել է սիրելի կնոջ գերեզմանին, ժամերով նստել այնտեղ, հաճախ հարցնելով. «Ո՞վ է մեզնից հետո գերեզմանին տիրություն անելու»։ Լ. Հակոբյանն ասաց նաեւ, որ նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանը (երբ նշվում էր Չարենցի 100-ամյակը) ցանկություն էր հայտնել իր եւ Ազատ Գասպարյանի հետ լինել Պանթեոնի վերոնշյալ տարածքում. «Նա ուզում էր վերականգնել Արփենիկի գերեզմանը։ Այն խորհրդանշական կլիներ նաեւ Չարենցի համար»։ Հետաքրքիր է, որ 1986-ից առայսօր մամուլում չի եղել որեւէ հրապարակում կատարվածի վերաբերյալ։ Իսկ նրանք, ովքեր կարդացել են բանաստեղծի հուշագիրներին, դեռ հիմա էլ կարծում են, թե Արփենիկ Չարենցի գերեզմանը գոյություն ունի եւ այն գտնվում է Պանթեոնում։ Արփենիկի գերեզմանն անձեռնմխելի չի եղել տարիներ շարունակ. «Մարդիկ փորել են, ինչ-որ բան են վերցրել»։ Իսկ թե ինչ՝ հուշում է մեզ հետեւյալը։ Հրաչյա Հովհաննիսյանին Արա Սարգսյանը պատմել էր. «Ես ներկա էի Արփենիկի թաղմանը… Չարենցը մի քանի օրով դուրս էր եկել ուղղիչ տնից։ Ձմեռ էր։ Թաղման վերջին վայրկյաններին Չարենցը չոքեց, համբուրեց եւ ապա գրպանից հանելով մի կապույտ տետր, որն, անշուշտ, նոր գրած բանաստեղծություններ էին, գցեց բաց դագաղի մեջ։ Այդ տետրը ծածկվեց ու թաղվեց Արփենիկի հետ, հողի տակ…»։ Մարդիկ փնտրել են այդ… կապույտ տետրը։ Արփենիկի անունը կրող Չարենցի դուստր Արփենիկ Չարենցի հետեւյալ խոսքերը, թե. «Մարդու անձնական իրերը եւս տիրոջ ճակատագիրն են ունենում։ Այդպես էր Չարենցի բախտը, որ պատմականորեն կապված էր ասես անձնական իրերի հետ» («Իմ համալսարանները»), այսօր կարելի է մի քիչ այլ կերպ արտահայտել. Չարենցի անձնական կյանքը հարստացնող անձինք հաճախ նույն այն ճակատագիրն ունեցան, ինչ նրանց հոգեւոր ուղեկցինը եղավ։ Ճակատագրի կամքով այսօր գերեզման չունեն թե դարի հանճարը, թե հանճարի անմնացորդ ուղեկիցը։ «Հիմա չկա Արփենիկի գերեզմանը… Խեղճ Արփենիկ,- գրում է Հ. Հովհաննիսյանը,- ակացիաների շուքի տակ ընկած տխուր գերեզմանով որտեղ ես հանգչում հիմա…»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել