Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՕՍ-ի պատասխանը

Հունվար 19,2002 00:00

ՍՕՍ-ի պատասխանը Ձեր օրաթերթի 21.12.2001թ. 240 համարում տպագրված «Խեղաթյուրված ճակատագիր» հոդվածը քննարկվել է ՍՕՍ մանկական գյուղում։ Անհրաժեշտ ենք համարում Ձեր եւ լրագրողուհի Գայանե Եգանյանի ուշադրությունը հրավիրել հոդվածում տեղ գտած եւ իրականությանը չհամապատասխանող մի շարք փաստարկների վրա, որոնք հոդվածը նմանեցնում են ՍՕՍ մանկական գյուղի հեղինակությունը միտումնավոր վարկաբեկելու փորձի։ Հեղինակը (ի դեպ, նա ներկայացել է որպես ուսանող) Բելլային հանդիպել է մոտ 8 ամիս առաջ եւ թռուցիկ զրուցել նրա հետ՝ առանց տեղյակ պահելու, որ պատրաստվում է նրա մասին այդպիսի հոդված գրել։ Հոդվածագիրը պարտավոր էր լինել գյուղում, զրուցել Բելլայի մոր եւ այլոց հետ, հարցն ուսումնասիրել ըստ էության, որը, ցավոք, չի արվել։ Արդյունքում, Գ. Եգանյանը արդեն հոդվածի նախաբանում թույլ է տվել կոպիտ սխալներ։ ՍՕՍ մանկական գյուղի հիմնադիրը ոչ թե «Հեման Գմայներն» է, այլ Հերման Գմայների կողմից հիմնադրած «SOS Քինդերդորֆ Ինտերնացիոնալ» միջազգային կազմակերպությունը, իսկ Հերման Գմայները ոչ թե ավստրիացի գործարար է, այլ եղել է մեծագույն հումանիստ եւ մանկավարժ, որի կողմից ստեղծած կազմակերպությունը նմանատիպ գյուղեր է հիմնադրել աշխարհի շուրջ 150 երկրներում։ Հանրությանը ներկայացված տեղեկատվությունը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլեւ ժամանակավրեպ է. ա) Բելլան ոչ թե «թողել է ուսումը», այլ հեռացվել է ուսումնարանից՝ վատ առաջադիմության եւ բացակայությունների հետեւանքով, որի պատճառը հանդիսացել է նրա առողջական վիճակը։ Իսկ այսօր ՍՕՍ մանկական գյուղի եւ ուսումնարանի ղեկավարության ջանքերի շնորհիվ Բելլան ապաքինվել է, վերականգնվել եւ շարունակում է ուսումը։ Բելլան արդեն 7 ամիս է, ինչ չի բնակվում հանրակացարանում, այլ ապրում է առանձին բնակարանում։ Իսկ նրա համար տուն ձեռք բերելու հարցը ներկայումս լուծման փուլում է։ Ինչ վերաբերում է Բելլայի ճակատագրին, նրա եւ մոր փոխհարաբերությունների վերաբերյալ դատողություններին, ապա այդ մասին ճշմարտությունը նրանցից լավ ոչ ոք չի կարող ասել։ Դառը մանկություն անցած երեխան մտել է նոր ընտանիք, գտել նոր մայր եւ հասկանալի է, որ նրանց միջեւ ջերմ կապեր ստեղծելու գործընթացում կարող էին լինել եւ կային դժվարություններ։ Անկախ եւ ինքնուրույն կյանքի անցնելու գործընթացում Բելլայի եւ մոր միջեւ կարող էին առաջանալ եւ գոյություն ունեին տարակարծություններ (ո՞ր ընտանիքում դա չի լինում), սակայն չպետք է անտեսել, որ այսօր Բելլան երախտապարտ է իր մորը, իսկ մայրը չափազանց ուշադիր է նրա նկատմամբ եւ նրա կողքին է ցանկացած դժվարության պահի։ Այսօր նրանք երկուսն էլ ապշած եւ վրդովված են հոդվածում տեղ գտած եւ իրենց փոխհարաբերությունները վարկաբեկող, աղաղակող անճշմարտությունից։ Բավական է ընթերցել հոդվածի կապակցությամբ Բելլայի թեկուզեւ պարզունակ, սակայն չափազանց հուզիչ նամակը։ Անհասկանալի է, թե ինչ 3500 դոլարի մասին է խոսքը, երբ բոլոր իրավասու աշխատակիցները, այդ թվում նաեւ Բելլան, տեղյակ են, որ նրա անունով տնտեսված եւ հավաքված ընդհանուր գումարը այդքան չի կազմում։ Բելլան, ինչպես եւ նրա տարիքում գտնվող ցանկացած աղջիկ կամ պատանի, բնական է, որ կարող է ունենալ հիմնախնդիրներ եւ դժվարություններ։ Մեր պարտականությունը եւ վերջնական նպատակը պետք է լինի նրանց բազմակողմանի աջակցելը եւ օգնելը՝ մինչեւ հաստատուն ոտքի կանգնելը եւ ոչ թե անձնական կյանքի մանրամասները հասարակությանը խեղաթյուրված գույներով ներկայացնելը։ Կ. ՆԱԴԻՐՅԱՆ «ՍՕՍ-մանկական գյուղեր» Հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել