ՉՍԻՐԵՑ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ՎԱԶԳԵՆ ԼԱԼԱՅԱՆԸ Տեղեկություններ ստանալու իրավունքը դատական կարգով պաշտպանելու լրագրողական երկու տարբեր կազմակերպությունների՝ «Ասպարեզի» եւ «Հետաքննող լրագրողների ընկերակցության» փորձը նույն բախտին արժանացավ։ Երկուսի ներկայացրած հայցն էլ մերժվեց եւ, որ ամենահետաքրքիրն է, նույն դատավորի՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Վազգեն Լալայանի կողմից։ Ամանորի արձակուրդների պատճառով «Առավոտը» դեկտեմբերի վերջին կայացրած այդ դատավճիռներին չէր անդրադարձել։ Այդ վճիռների զուգահեռից ու նաեւ «Առավոտի» սեփական փորձից կարելի է ենթադրել, որ Վ. Լալայանը հատուկ վերաբերմունք ունի մամուլի նկատմամբ։ «Առավոտին» բախտ է վիճակվել մի քանի անգամ դրանում համոզվել. ընդդեմ «Առավոտի» բոլոր հայցերը (երկուսն ընդդեմ «Առավոտի» խմբագրի, մեկը՝ թերթի իրավական լրագրող Ռուզան Մինասյանի) այս դատավորը մասամբ կամ ամբողջությամբ բավարարել է, ընդ որում, մամուլի փորձագետների գնահատմամբ՝ դատավորի վճիռներն առավել հաճախ անհիմն ու սխալ են եղել։ Այդ մասին ասվում է «Ֆեմիդա» հասարակական կազմակերպության «Մամուլ եւ իրավունք» տեղեկագրի 1999թ. 4-րդ համարում։ Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» միության եւ «Հետաքննող լրագրողների ընկերակցության» հայցերի մերժումը եւս տարակուսանք է առաջացնում։ Առաջին դեպքում հայցն ընդդեմ Գյումրիի պետական բուհերի ընդունելության քաղաքային քննական հանձնաժողովի էր։ Լրագրողների իրավունքները ոտնահարվել էր, նրանց անհիմն պատճառաբանություններով թույլ չէին տվել մասնակցել քննությունների վերջին մեկ ժամին եւ չէին տրամադրել հանձնաժողովի նիստերի արձանագրությունների պատճենները։ Զարմանալին այն է, որ դատավորն անգամ դատավճռում է ընդունում, որ լրագրողների իրավունքները խախտվել են։ Մեջբերում ենք. «Դատարանը գտնում է, որ իրոք, բուհերի 2001թ. ընդունելության Գյումրի քաղաքի պետական քննական հանձնաժողովի գործողություններով սահմանափակվել են «Մամուլի եւ զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» ՀՀ օրենքի 4 եւ 27 հոդվածներով նախատեսված մամուլի, զանգվածային լրատվության միջոցների եւ լրագրողների իրավունքները՝ հավաքելու եւ հրապարակելու տեղեկություններ»։ Դատավոր Վ. Լալայանը նույնիսկ արձանագրում է, որ «Պատասխանողի ներկայացուցչի պատճառաբանություններն այն մասին, որ սահմանափակումների նպատակն է եղել բացառել քննությունների նորմալ ընթացքին խանգարող հանգամանքները, անհիմն են եւ չեն բխում «Մամուլի եւ զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» ՀՀ օրենքի 4 եւ 6 հոդվածներից»։ Անհիմն է որակում նաեւ պատասխանողի այն պատճառաբանությունը, թե «հայցվորները պատշաճ չեն»։ Չնայած այս ամենին, լրագրողների հայցը պրն Լալայանը մերժել է՝ հիմնավորմամբ, թե լրագրողներին քննասենյակ չթողնելու որոշումը չի գործել, «կողմերի բացատրություններից բխում է, որ «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի» ներկայացուցիչների միջամտությունից հետո քննական հանձնաժողովը թույլատրել է լրագրողին նկարահանումներ կատարել։ Այսպիսով, հանձնաժողովի որոշման վերաբերյալ կողմերի վեճը քննությունների փուլում արդեն իսկ լուծվել է արտադատարանական կարգով, իսկ ներկայումս այդ որոշումը, ինչպես եւ քննական հանձնաժողովը՝ դադարել են գործել»։ Եվ դատավորը եզրակացնում է, որ լրագրողների իրավունքները չեն ոտնահարվել՝ չնայած մի քանի տող վերեւ ճիշտ հակառակն էր պնդել։ Ու քանի որ դատաքննությամբ պարզվել է, որ լրագրողների պահանջած արձանագրություններն այժմ հասանելի են լրագրողներին, ապա «այդ առումով հայցվորների իրավունքները եւս խախտված չեն»։ Բայց չէ՞ որ լրագրողները հայց ներկայացրել են քննությունների ժամանակ տեղի ունեցածի համար, երբ թե՛ այդ արձանագրություններն են անհասանԵլի եղել, թե՛ քննությանը թույլ չեն տվել մասնակցել։ Անհասկանալի է նաեւ «Հետաքննող լրագրողների ընկերակցության» հայցադիմումի մերժումը։ Համառոտ հիշեցնենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ Ա. Ավետիսյանը մերժել էր տեղեկություններ տրամադրելու լրագրողների խնդրանքը՝ պատճառաբանելով, թե այդ տեղեկությունները առեւտրային գաղտնիք են։ Թեեւ այս պնդումը խիստ վիճարկելի է, սակայն նույնիսկ եթե դա էլ հաշվի չառնենք, մեկ այլ ակնհայտ խախտում է թույլ տրվել։ Դատարանում պատասխանող կողմի ներկայացուցիչ, Մաքսային պետական կոմիտեի հետաքննության եւ իրավաբանության վարչության պետ Գեւորգ Ներսիսյանը հայտարարեց, որ Մաքսային կոմիտեն լրագրողների պահանջած տեղեկություններին չի տիրապետում։ Սակայն լրագրողներին մերժել էին ոչ այդ պատճառաբանությամբ, այսինքն ընկերակցության նամակին, ըստ էության, չեն պատասխանել, թյուրիմացության մեջ են գցել, թե իբր այդ տեղեկությունները չեն տալիս, որովհետեւ գաղտնիք են եւ չեն տեղեկացրել, որ իրենք նման տեղեկություններ չունեն եւ լրագրողներն այլ ատյանի պետք է դիմեն՝ այսպիսով խախտելով քաղաքացիների դիմումներին պատասխանելու մասին ՀՀ օրենքի պահանջները։ Սակայն Վ. Լալայանն անտեսեց այս եւ հայցը մերժեց, ընդ որում՝ պատճառաբանելով, որ Մաքսային կոմիտեն նման տեղեկությունների չի տիրապետում։ Մինչդեռ համանման մեկ այլ դատական գործում, երբ «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության միությունը հայցով դիմել էր ընդդեմ ՆԳՆ-ի, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Ս. Արամյանը բավարարեց հայցը՝ պարտադրելով ՆԳՆ-ին տալ «հիմնավոր եւ պատճառաբանված պատասխան»։ ՆԳՆ-ն, հիշեցնենք, մերժել էր «Աքիլլեսին» տեղեկություններ տալ՝ «նպատակահարմար չենք գտնում» պատճառաբանությամբ, մինչդեռ՝ դատարանում պարզվեց, որ ՆԳՆ-ն իրավասու չէր այդ տեղեկությունները տրամադրել։ «Հետաքննող լրագրողների ընկերակցությունը» Վ. Լալայանի վճիռը բողոքարկել է Վերաքննիչ դատարան եւ ընկերակցության նախագահ Էդիկ Բաղդասարյանը վստահ էր, որ գոնե այդ ատյանում լրագրողները կհաղթանակեն։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ