Եվրամիությանն անդամակցելու գինը Որպես Հայաստանի՝ Եվրամիությանը անդամակցելու նախապայման, նորից առաջ է քաշվում Հայկական ատոմային էլեկտրակայանի փակման հարցը։ Փորձենք մոտենալ խնդրին ոչ այնքան տնտեսական եւ տեխնիկական, որքան միջազգային հարաբերությունների եւ ազգային անվտանգության տեսակետներից։ Ի դեպ, դա որոշ չափով դժվար է, քանզի Հայաստանի արտաքին քաղաքականության եւ ազգային անվտանգության հայեցակարգերի ընդունումը անընդհատ ձգձգվում է։ (Այդ փաստաթղթերը նախապատրաստում են համապատասխանաբար արտաքին գործերի նախարարությունը եւ Ազգային ժողովի հանձնաժողովը)։ Վերջին տեղեկատվությունը այդ խնդրի շուրջ ուղղակի վհատեցնում է։ Պարզվում է, որ վերոնշյալ հայեցակարգերի վերջնական ձեւավորմանը պետք է «օգնեն» ԵԱՀԿ փորձագետները։ Ցանկացած սուվերեն պետության համար դա պետք է, մեղմ ասած, խիստ անընդունելի եւ ստորացուցիչ լիներ։ Երբ իշխանությունը ի վիճակի չէ ձեւակերպել սեփական երկրի հիմնական առաջնությունները եւ շահերը, նա տրամաբանորեն պետք է ոչ թե դիմի արտաքին օգնությանը, այլ հրաժարական տա։ Բայց դա՝ «նորմալ» երկրներում… Ինչեւէ, ելնենք անվիճելի դրույթներից։ Եվրամիությանը անդամակցելը, իհարկե, կարեւոր նպատակ է եւ պետք չէ միանգամից մերժել ոչ մի պահանջ, պետք է բանակցել, բանավիճել, ձգձգել։ Միաժամանակ քաջ գիտակցելով, որ ատոմակայանի փակումը կործանարար է մեր տնտեսության համար եւ խիստ հակասում է ազգային անվտանգությանը։ Էներգետիկ անվտանգության հանրահայտ հիմքերից են էլեկտրաէներգիայի աղբյուրների բազմազանությունը, այլընտրանքայնությունը եւ հուսալիությունը։ Պատկերացնենք մի իրավիճակ, երբ ձմռան ամիսներին (ՀԷԿ-երը բնականաբար չեն գործում) սրվում են հարաբերությունները հարեւան հանրապետության հետ, սկսվում է կոշտ շրջափակումը, պայթեցվում են գազատարները (ծանո՞թ պատկեր է), որպես հուսալի էլեկտրաէներգիայի աղբյուր մնում է ատոմակայանը (եթե աշխատում է, իհարկե)։ Հակառակ դեպքում՝ արտագաղթի աճ եւ այլն։ Ատոմակայանը նաեւ լրացուցիչ ռազմական պաշտպանական գործոն է. ոչ մի հարեւան երկիր չի փորձի ռմբակոծել փոքր երկրի տարածքը, որտեղ շատ թե քիչ հզոր ատոմակայան է տեղակայված։ Եվրամիության փորձագետները շատ լավ գիտեն, որ Հայկական ատոմակայանը ավելի վտանգավոր չէ, քան Եվրոպայում գտնվողները։ Հետեւաբար ինչո՞ւ են համառորեն պահանջում փակել։ Բոլոր տեխնիկական փաստարկները մտացածին են եւ միայն շղարշ են։ Իրական պատճառներն ավելի շուտ աշխարհաքաղաքական են։ Եթե Հայաստանը ատոմակայանի հետ միասին զրկվի իր էներգետիկ անկախությունից, կդառնա ավելի խոցելի եւ կառավարելի (ինչպես, օրինակ, Վրաստանը)։ Չմոռանանք նաեւ, որ Համաշխարհային բանկի ծրագրի մեջ բոլորովին էլ չի մտնում Հայաստանում խոշոր արդյունաբերության զարգացումը։ Ռոբերտ Քոչարյանի՝ Մոսկվա եւ Թեհրան կատարած այցերից հետո սկսեց ավելի հստակ նշմարվել Ռուսաստան-Հայաստան-Իրան քաղաքական առանցքը, ինչն, իհարկե, չի կարող գոհացնել Արեւմուտքին։ Այս տեսանկյունից Հայկական ատոմակայանը լուրջ ռազմավարական գործոն է, մասնավորապես Հայաստանում ռազմարդյունաբերական համալիրի վերակենդանացման եւ զարգացման համար։ Մի՞թե հասկանալով այս բոլորը եւ ունենալով էներգետիկ ճգնաժամի դառը փորձը, մենք նորից «կկանգնենք միեւնույն փոցխի վրա»։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ