«ՈՉ ՄԻ ԹԻԶ ՀՈՂ՝ ԹՇՆԱՄՈՒՆ» «Չեմ կարծում, թե նախագահը փոխվեց Ղարաբաղի պատճառով։ 98-ից առաջ կար 96-ը»,- 1998թ. իշխանափոխության իր պատճառը երեկ Մամուլի ազգային ակումբում ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Նաիրա Մելքումյանը։ Ըստ նրա, պատճառը ժողովրդի քվեն չունենալն էր, հակառակ դեպքում, Ղարաբաղի կարգավորման փուլային տարբերակ էլ գոյություն չէր ունենա։ Իսկ 1998-ին իշխանությունները փորձում էին Ղարաբաղի խնդիրը ոչ թե լուծել, այլ ազատվել դրանից, ինչպես գտնում է երեկվա բանախոսը։ 1998-ից մինչեւ այսօր Ղարաբաղի խնդրի լուծման ուղղությամբ արձանագրված հաջողությունների մասին տիկին Մելքումյանը հարմար չգտավ խոսել՝ հաշվի առնելով իր մասնակցությունը եւս այդ գործընթացներին։ Որպես «առաջընթաց» նշեց միայն այն, որ այլեւս փուլային տարբերակ գոյություն չունի։ «Իսկ հաջողություն կլինի միայն այն ժամանակ, երբ մենք կլուծենք այդ խնդիրը»։ ԼՂ արտգործնախարարը չի գտնում, թե այս պահին իր ներկայացրած երկիրը դուրս է մնացել բանակցային գործընթացներից, ընդհանրապես «ցանկացած այն բանակցություններին, որոնց չեն մասնակցում ԼՂ իշխանությունները, մենք նայում ենք որպես նախապատրաստական բանակցությունների, որոնք պետք է վերածվեն լիարժեք բանակցությունների՝ բոլոր կողմերի մասնակցությամբ»։ Իսկ Ղարաբաղին վերաբերող ցանկացած փաստաթղթի տակ պետք է լինի Ղարաբաղի իշխանությունների ստորագրությունը։ Միջազգային միջնորդների կողմից, տիկին Մելքումյանի կարծիքով, ընդունված հիմնական սկզբունքը՝ պետք է գտնել խնդրի այնպիսի լուծում, որը բավարարի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պահանջները, այսօր մնում է օրակարգում։ Իսկ Ղարաբաղի իշխանություններն իրենց կողմից ամեն ինչ կանեն հնարավորինս շուտ հասնելու տարածաշրջանում կայունության երաշխիք՝ կոնֆլիկտի լուծմանը, միայն թե ոչ՝ Ղարաբաղի անվտանգության հաշվին. այնպիսի տարբերակ չի ընդունվի, որով «թեկուզ մի թիզ հող հանձնվի»։ Միայն այսքանը երեկ ասվեց ի պատասխան մի քանի անգամ հնչած այն հարցի, թե որն է, ըստ տիկին Մելքումյանի, հնարավոր փոխզիջումների սահմանը։ ԼՂՀ արտգործնախարարը «միանշանակ» տեղյակ է ադրբեջանական բանակի՝ պատերազմին պատրաստ չլինելու հանգամանքին։ Իսկ այ, դրա հիմնավորումը հնչեց ամենեւին ոչ դիվանագետ քաղաքագետի տրամաբանությամբ. «Եթե պատրաստ լինեին, վաղուց չէին վարանի՝ կսկսեին»։ Հռետորական ռազմահունչ հայտարարություններն էլ ներքին քաղաքական կիրառության կամ էլ միջնորդների վրա ճնշման փորձի համար են։ Իսկ Ադրբեջանի ներքին անկայունությունը նույնիսկ նպաստավոր է Ղարաբաղի խնդիրը հօգուտ Ղարաբաղի լուծելու համար. եթե ադրբեջանական ժողովրդի ներկայացուցիչների իրավունքներն են խախտվում Ադրբեջանում, ինչպե՞ս կարող է այդ երկիրը ինքնավարություն ապահովել այլ ազգի համար։ Սա նույնիսկ ԵԽ-ն է հաստատել։ Իսկ Ադրբեջանը, բացի այդ ինքնավարությունից, այլ առաջարկներ չի արել, իսկ վերջինն անցյալի երեւույթ է, ասում է Նաիրա Մելքումյանը։ Ղարաբաղի կարգավորման խնդրի շուրջ ԼՂՀ եւ ՀՀ իշխանությունների դիրքորոշումների տարբերությունների մասին հարցը տիկին Մելքումյանը մի քանի անգամ շրջանցեց, մեկ անգամ թվարկելով միայն ղարաբաղյան կողմինը։ Այնուամենայնիվ, այդ տարբերությունները բնորոշեց որպես ոչ էական։ Իսկ ԼՂ եւ ՀՀ շահերը խնդրի կարգավորման առնչությամբ «անկասկած տարբերություններ» ունեն, գտնում է տիկին Մելքումյանը. եթե Հայաստանի համար դա ազգային շահերի ոլորտում է, ապա Ղարաբաղի ժողովրդի համար՝ կենսական շահերի։ «Այն հանգամանքը, որ Ադրբեջանը մերժել է փարիզյան սկզբունքները, չի նշանակում, որ այդ սկզբունքներն արդեն վերացված են եւ (բանակցությունները- Ա. Գ.) զրոյից պետք է սկսել։ Որեւէ գործընթաց, որը տեղի է ունենում, արդեն զրոյից որեւէ բան չի կարելի սկսել»,- տրամաբանեց ԼՂ արտգործնախարարը։ Տիկին Մելքումյանը վտանգավոր է համարում այն, որ Թուրքիան ռազմակայաններ է պատրաստվում տեղակայել Ադրբեջանում, սակայն թեթեւամիտ մոտեցում է համարում, եթե դրանով ցանկանում են Հայաստանի կամ Ղարաբաղի վրա ճնշում գործադրել, քանի որ տարածաշրջանում ամենահզոր դաշնակիցն ունի Հայաստանը՝ ի դեմս Ռուսաստանի։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ