Լրահոս
Օրվա լրահոսը

Սեփականաշնորհո՞ւմ, թե՞ տնավերություն

Հունվար 19,2002 00:00

Սեփականաշնորհո՞ւմ, թե՞ տնավերություն Գործելակերպի դրսեւորումներ կան, որ տրամաբանության ոչ մի չափանիշի չեն դիմանում։ Առավել զարմանալի է, որ նման դրսեւորումները, անգամ դրանց մասին տեղեկանալուց հետո, չեն արժանանում վերադաս ատյանների ուշադրությանը, իսկ ահազանգերը հնչում են որպես «ձայն բարբառոյ յանապատի»։ Նման մի աղաղակող փաստ մեկ տարի առաջ արձանագրվեց Արարատի մարզի Ջրահովիտ գյուղում։ Գործելակերպի հեղինակը գյուղապետ Վահագն Նալբանդյանն է, հանիրավի տուժողները՝ զոհված ազատամարտիկ Բաղդասար Գեւորգյանի տարեց ծնողները եւ երկրորդ խմբի հաշմանդամ քույրը։ Որպես ծխի գլուխ, ընտանիքի ավագին՝ ութսունն անց Մանուկ Գեւորգյանին 10 տարի առաջ սեփականության իրավունքով հող է հատկացվել։ Ըստ սեփականության իրավունքի պետական ակտի, որ գրանցված է նման փաստաթղթերի հաշվառման գրքի 1-406 համարի տակ, N 107 տարածքը՝ 12,8 մետր լայնությամբ եւ 85,5 մետր երկարությամբ, հատկացվել է նրան։ Ակտում նշված են հողակտորի սահմանակից բոլոր հարեւանների անուն-ազգանունները։ Ոտուձեռն ամուր Մանուկը, նաեւ մեխանիզատորների միջամտությանն ապավինելով, տարիներ շարունակ մշակել, բերք ու բարիք է ստացել այգուց, ամեն անգամ որդու անունով անվանակոչված գյուղական փողոցով անցնելիս մտովի զրույցի բռնվելով նրա հետ ու փառք տալով Աստծուն, որ իրենք դեռ ողջ-առողջ են, գործով՝ հաջողակ։ Բայց ահա այդ ապահով լինելու տասնամյակը լրանում է. գյուղում ընտրվում է հերթական գյուղապետ՝ հանձին Վահագն Նալբանդյանի, որը որոշում է, ինչպես ասում են, գործել ձախ ոտքի ցանկությամբ։ Մեկ ուրիշին լավություն անելու նպատակով, նորընծա գյուղապետը վերաձեւել է հողամասը, ողջ երկայնքով ու լայնքով դրանից մի հատված բաժին հանելով համագյուղացի Տատյանա Հակոբյանին, վարպետ Մանուկի հողամասի չափերը դարձնելով 5,5 մ, եւ 63,5 մ։ Զոհված ազատամարտիկի ծերունի հոր դժգոհությանն ի պատասխան, գյուղապետը, նրա փոխանցմամբ, պատասխանել է. «Հեռու հողերից կլրացնեմ»,- իրեն հաշիվ չտալով անգամ, թե ծեր Մանուկն ու նրա Անուշ պառավը եղած այգուն զուգահեռ ո՞նց են մշակելու նաեւ 7-8 կիլոմետր գյուղից դուրս գտնվող խոստացվող հողակտորը։ Եվ Մանուկը գլխին խաղացած օյինի մասին ստիպված դիմել է այս ու այն կողմ։ Մարզպետարանի գյուղբաժնից մեկը եկել է Ջրահովիտ, չափ ու ձեւ արել, խոսք ու զրույցի բռնվել գյուղապետարանի աշխատողների հետ եւ, հարցին լուծում չտալով, վերադարձել, Աստված գիտի՝ ինչ զեկուցելով վերադասին։ Հայրենիքի համար իր կյանքը զոհաբերած ազատամարտիկի հայրն առ այսօր շարունակում է իր իրավացի բողոքները՝ հույսը չկորցնելով, որ մի տեղից արեւ կճառագի։ Ա. ԲԱՂՄԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ ՇԱՀԻՐՅԱՆ Հ. Գ. Երեւույթը եզակի չէ, ցավոք, հանրապետության շատ վայրերում են նորընտիր գյուղապետերը փորձում «շտկել» նախկինի օրոք «սխալ» սեփականաշնորհած հողերը։ Այսկերպ օգտվելով իրենց ընձեռված իշխանությունից, այլ գյուղերում տեր են դառնում կամ իրենց հարազատին են հատկացնում ավելի բերրի, եկամտաբեր հողատարածքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել