Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԱՂԿԱՁՈՐՅԱՆ ԳԵՐԻՆԵՐ

Հունվար 19,2002 00:00

ԾԱՂԿԱՁՈՐՅԱՆ ԳԵՐԻՆԵՐ Արտագնա սեմինարի մասնակիցներիս փոխադրող ավտոբուսը կանգնեց Ծաղկաձորի «Ադիգազ» հյուրանոցի առջեւ։ Ոգեւորությունը համընդհանուր էր. չէ՞ որ հասարակ մահկանացուներիս բախտ էր վիճակվել 2 օր ապրել այն հաստատությունում, որի բացման ժապավենը անձամբ կտրել եւ ապա իր ամառային հանգիստն է անցկացրել երկրի նախագահը։ Հիանալով հյուրանոցի նախամուտքի մոտ կախված պարուրաձեւ բյուրեղապակյա ջահի շքեղությամբ, մտանք մեզ «ամրացված» համարները։ Սենյակում ամեն ինչ նոր էր, մաքուր եւ, որ ամենակարեւորն է՝ տաք։ Երկօրյա բնակության արդյունքում եկանք այն եզրակացության, որ այստեղ, ընդհանուր առմամբ, միայն սենյակների արժեքներն են միջազգային չափանիշներին համապատասխանում, իսկ հարմարավետությունն ու սպասարկման որակը, ցավոք, դեռեւս շատ հեռու են միջազգայինից։ Եթե մեկ տեղանոց լյուքս համարը մեկ օրվա համար արժե 110 հազար դրամ, ապա երկտեղանոց կիսալյուքսը՝ 30 հազար, իսկ սովորական երկտեղանոցն արժե ընդամենը 20 հազար դրամ (1 օրը)։ Սակայն դա, այնուամենայնիվ, 4 անգամ ավելին է, քան հանրապետությունում նվազագույն աշխատավարձն է եւ, բնականաբար, մատչելի չէ մեր հայրենակիցներին։ Թերեւս մեր արտասահմանցի հայրենակիցնե՞րը կգան հանգստանալու։ Ինչեւէ, եկողներին խորհուրդ ենք տալիս անպայման իրենց հետ երկար էլեկտրալար վերցնել, որպեսզի անհարմարավետ լոգարանի կամ միջանցքի հայելու առջեւ կարողանան մազերը հարդարելու համար ֆեն կամ սափրվելու մեքենա միացնել։ Հա, եթե ախորժակից չեք բողոքում, անպայման ուտելիք վերցրեք ձեզ հետ, քանի որ նրանց տվածով հազիվ թե կշտանաք, հետո սոված ստամոքսով գիշերը չեք կարողանա քնել (ինչպես պատահեց մեր գործընկերներից մեկի հետ)։ Ու քանի որ հյուրանոցից ստացած տպավորությունը այնքան էլ ոգեւորող չէր, հետճաշյա ընդմիջման ժամին սեմինարի մի խումբ մասնակիցների հետ որոշեցինք գոնե մեկ ժամ վայելել ծաղկաձորյան ձմեռվա հմայքը եւ ուղեւորվեցինք դեպի ճոպանուղի։ Ի դեպ, ճանապարհին տեղաբնակ դպրոցահասակ երկու երեխա մեզ խորհուրդ տվեցին ռիսկի չդիմել, քանի որ այս (2001 թվականին է վերաբերում) տարի այն հաճախ է խափանվում։ Այնուամենայնիվ, նստեցինք ու վերեւ բարձրացանք։ Մեր խմբից բացի, կար հնդիկ ուսանողների 10-12 հոգանոց խումբ, մոտ նույն քանակի դպրոցականներ, դահուկորդներ։ Մինչ դպրոցականները հերթով նստում էին, իսկ մենք սրթսրթալով սպասում մեր հերթին, ճոպանուղին խափանվեց։ Մտածում էինք մի երկու րոպեից վթարը կվերացնեն, կիջնենք։ Անցավ մոտ 40 րոպե։ Աշխատողը ջարդված հեռախոսի ապարատը մի կերպ կցմցելով մի քանի անգամ զանգահարեց, գոռգոռալով տեղեկացրեց, որ «կաբել ա խփել»։ Ձնաբուքը մոլեգնում էր, պատսպարվելու տեղ չկար, բացի «սովետի» ժամանակներից մնացած կիսախարխուլ, առանց կահավորանքի, փայտաշեն տնակից, որտեղ հազիվ 5-6 հոգի կկարողանային պատսպարվել։ Աշխատողներից ոչ մեկը չէր մտածում ճոպանուղու վերջնականգառում խմբված, ակամա գերեվարված մարդկանց էվակուացնելու մասին։ Էլ ավելի ահավոր էր վերեւում՝ ճոպանուղու վրա նստած սառած-փայտացած դպրոցականների եւ մյուս մարդկանց վիճակը։ Հասկանալով, որ ինքներս պետք է մտածենք մեր մասին, քանի դեռ չենք ցրտահարվել, ձեռք-ձեռքի բռնած, թավագլոր մի կերպ իջանք սարից։ Ճանապարհին մեր ականջին էին հասնում ճոպանուղու վրայից օգնություն կանչող ձայներ։ Հասնելով ելման կետ, փորձեցինք գտնել տնօրենին՝ սակայն ապարդյուն։ Ու չստացանք մեր այն հարցի պատասխանը, թե չունենալով այլընտրանքային հոսանքի աղբյուր, ինչո՞ւ է շահագործվում ճոպանուղին, հանուն շահի խաղասեղանին դնելով մարդկանց առողջությունն ու, ինչու չէ, նաեւ կյանքը։ Սպասարկման այս մակարդակո՞վ ենք զարգացնելու տուրիզմը Հայաստանում։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել