Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակի կանաչ բանջարեղենը

Հունվար 19,2002 00:00

Հրապարակի կանաչ բանջարեղենը Հանրապետության հրապարակում տեղադրված ամանորի տոնածառն ավելի շատ ոչ հաճելի անուն ունեցող մի բանջարեղեն էր հիշեցնում, քան՝ տոնածառի։ Թե ինչ բանջարեղենի, կարծում եմ, շատերը կռահել են։ Հանրապետության հրապարակի ամանորի միջոցառումները կազմակերպել էր Երեւանի քաղաքապետարանը։ Ավելի անշուք միջոցառում որքան էլ ցանկանայինք, թերեւս հնարավոր չլիներ կազմակերպել։ Ինչ-ինչ, գոնե տոնածառը պետք է, կամ ցանկալի է, որ տոնածառի տեսք ունենա։ Բայց քաղաքապետարանը դա էլ չէր կարողացել կամ նրանց պատկերացրած տոնածառը հենց այդպիսին էլ պիտի լիներ։ Քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արման Սահակյանի՝ պատգամավոր Գալուստ Սահակյանի որդու, հետ խոսել չհաջողվեց։ Վերջինս խիստ զբաղված էր։ Փոխարենը զրուցեցինք նրա տեղակալ Գեւորգ Եղիազարյանի հետ։ Վերջինս համաձայնեց մեզ հետ, որ տոնածառը շատ «նիհար» էր եւ տոնածառի նման չէր. «Բայց ձեւավորումը շատ շքեղ էր»,- արդարացավ Գ. Եղիազարյանը, որին, ցավոք, նույնպես համաձայնել չենք կարող։ Իսկ թե որքան գումար է ծախսել քաղաքապետարանը հրապարակում միջոցառումների կազմակերպման համար, Գ. Եղիազարյանը չասաց. «Իրավունք չունեմ ձեզ ասելու»։ Միայն ասաց, որ այս տարվա ամանորի միջոցառումը հիմնականում արվել է «բարեգործական հիմունքներով եւ նախորդ տարիներին ծախսված գումարի համեմատ երկու, երեք անգամ էժան է նստել»։ Վերջինս չասաց, թե քաղաքապետարանին հատկապես ինչն է հաջողվել «բարեգործական հիմունքներով» ձեռք գցել. տոնածա՞ռը, դերասանների՞ն, ձայնային ռադիո-մեքենա՞ն, թե՞ միջոցառումն ընդհանրապես։ Գ. Եղիազարյանի խոսքերով, հունվարի 1-ից մինչեւ 12-ը հրապարակում թվով 10 դերասան է աշխատել։ Դերասանները թերեւս նույնպես բարեգործական են եղել, քանի որ Գ. Եղիազարյանը չկարողացավ ասել, թե նրանք որ թատրոններից են եղել։ Տոնածառների համար, բնականաբար, քաղաքապետարանը գումար չէր հատկացնի. տոնածառ վաճառողներից «նալոգի» կարգով հավաքելը երեւի դժվար գործ չէր նրանց համար։ Ի տարբերություն գլխավոր հրապարակի կազմակերպած միջոցառման, բոլորովին այլ էր Օպերայի հրապարակի միջոցառումը, որը կազմակերպել էր Կենտրոն թաղապետարանը։ Բավական է միայն նշել, որ տոնածառը տոնածառի նման էր, միջոցառումն էլ՝ միջոցառման։ Դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 13-ը՝ ամեն օր բազմաթիվ հետաքրքիր խաղեր էին այնտեղ կազմակերպվում։ Հանդիսատես չկար, բոլորը մասնակիցներ էին։ Թաղապետարանն այս էլ չորրորդ տարին է, ինչ համագործակցում է Տիկնիկային գործիչների միության հետ, եւ բավական յուրօրինակ միջոցառումներ կազմակերպում։ Այդ օրերին Օպերայի հրապարակում (ոչ բեմահարթակում) աշխատել են թվով 50 դերասաններ՝ հեքիաթի հերոսների կերպարներով։ Ի տարբերություն քաղաքապետարանի, այնտեղ ոչինչ «բարեգործական հիմունքներով» չի արվել, քանի որ, ըստ թաղապետարանի մշակույթի վարչության պետ Արամ Մանուկյանի, դրանով իրենք նաեւ նպաստել են մշակույթի գործիչներին՝ վարձատրելով նրանց աշխատանքը. «Ինչո՞ւ պիտի 15 օր նրանք անվճար աշխատեին, համերգներ ունենային…»։ Թաղապետարանում, ի տարբերություն քաղաքապետարանի, չթաքցրին, թե որքան գումար են ծախսել այդ միջոցառման վրա։ Բայց քանի որ չենք նշում քաղաքապետարանի ծախսած գումարաչափը, չենք նշի նաեւ թաղապետարանինը։ Հանրապետության, ինչպես նաեւ Օպերայի հրապարակում այդ օրերին 2-ական հրավառություն էր եղել։ Միայն նշեմ, որ մեկական մեծ հրավառությունն արժե մոտ 1,5 մլն դրամ։ Իսկ ձայնային ռադիո-մեքենայի օգտագործման մեկ ժամը՝ 25 հազար դրամ։ Լիցենզիա ունեցող 2-3 կազմակերպություն կա, որոնք իրավունք ունեն հրավառության ծառայություն մատուցել։ Դրանք մասնավոր են։ Այնուամենայնիվ, այս միջոցառումներն ավարտվեցին, ինչպես Նոր տարվա տոնակատարությունները։ Սակայն Հանրապետության հրապարակում կազմակերպված միջոցառումից հիշվում է միայն բանջարեղեն հիշեցնող տոնածառ կոչեցյալը, ու «բարեգործությունը»։ Լավ է, որ գոնե Կենտրոն թաղապետարանը հաջող կազմակերպեց այն։ Գոնե հիշելու բան կունենան երեխաները. «Հեքիաթի ամրոցը», «տելեպուզիկները», նկարող աղջիկը եւ այլն… ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել