Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ՄԻ ՍԱՈՒՆԱ ՉԻ ՄԱՔՐԻ… ՀԵՏՔԵՐԸ

Հունվար 19,2002 00:00

ՈՉ ՄԻ ՍԱՈՒՆԱ ՉԻ ՄԱՔՐԻ… ՀԵՏՔԵՐԸ Քաղաքի կենտրոնում տուն ունենալու գայթակղությունը չէր միայն, թերեւս, նկարում պատկերված տանտիրոջ կյանքի իմաստը։ Ո՞վ կերեւակայեր, որ բնակելի շենքերի փոքրիկ բակի մեջտեղում, մանկապարտեզի քթի տակ որեւէ մեկի ուղեղում կփայլատակեր նման տուն կառուցելու գաղափարը։ Իսկական քաղաքացին նման բան թույլ չէր տա. այնքան գռեհիկ տեսարան է, որ տան արտաքինի մասին խոսք ասել հնարավոր չէ։ Այս տան մասին դեռ ամիսներ առաջ լուրեր տարածվեցին, թե իբր ՀՀ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանինն է։ Այնինչ, սա ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանինն է, սակայն այն գրանցված է ոմն Գագիկ Խաչատրյանի անունով։ Արմեն Ավետիսյանին, փաստորեն, շատ ձեռնտու էր տարածված աղմուկը, թե իբր Արմեն Խաչատրյանինն է, իր անունը չէր շոշափվում։ Երեւանի քաղաքապետարանն էլ այն ժամանակ լրագրողներից մեկի հարցին, թե ո՞ւմ տունն է դա, ասել էր, թե ոմն Գ. Խաչատրյանի անունով է գրանցված, որն իր միհարկանի հին ու մաշված տունը վերակառուցելու թույլտվություն ստանալու համար դիմել էր քաղաքապետարան։ Իբրեւ թե չգիտի քաղաքապետարանը. այլ հարց է՝ թե ինչպես է թույլատրվել այդ տեղում այսպիսի տուն-դղյակ կառուցել՝ փակելով մի քանի շենքերի բակը, լույսը, բարձրադիր պարիսպներով շրջափակել իր հատվածը եւ նեղ փողոցի մի մասը ու տան դարպասը տեղադրել Կենտրոն համայնքի թիվ 40 մանկապարտեզի ուղիղ մուտքի դիմաց՝ մի քանի քայլ հեռավորությամբ։ Մոտ մեկուկես տարի տեւեց պետական պաշտոնյա Արմեն Ավետիսյանի տան կառուցապատումը։ Հարեւանները պատմում էին, թե ինչպես էր Ա. Ավետիսյանը կեսգիշերին թաքուն այցելում՝ իր տան շինարարության ընթացքին հետեւելու, այնպես, որ ոչ ոք իրեն չտեսնի, չճանաչի, չիմանա։ Տանտերերը միտք էին դրել 2002թ. ամանորը նշել իրենց նոր տանը, ինչը եւ եղավ։ Շինարարական թանկարժեք նյութերով կառուցված տան բակում մի հսկայական եղեւնի է տեղադրված։ Ասում են՝ անտառից է արմատով տեղափոխել իր տան բակ։ Տան շենքի ձախ կողմում կցակառույց է՝ կապույտ, կարծես ապակեպատ բուրգաձեւ գմբեթով։ Հարեւանների խոսքերով, այդտեղ պրն Ավետիսյանի սաունան է՝ իր թաշախուստով։ Մանկապարտեզի տնօրինությունը եւ հարեւանները բազմիցս են բողոքել այս տան՝ այսօրինակ տեսքով բակ խցկվելու կապակցությամբ։ Ոչ մի օգուտ։ Այդ բակի բնակելի շենքերի բնակիչներն անգիր գիտեն Մաքսային պետական կոմիտեի նախագահի օրվա գրաֆիկը. առավոտյան ժամը 8.30-ի սահմաններում երկու, երբեմն ավելի ավտոմեքենաներ (թիկնապահներով հանդերձ), շարժիչները միացրած, սպասում են շեֆի դուրս գալուն.. Այդ պահին առանց այն էլ պարսպի շնորհիվ նեղացված փողոցը անանցանելի է դառնում։ Ա. Ավետիսյանը երկար ժամանակ պայքարել է իր տան կողքին գտնվող մի տուն իրենով անել, բայց, բարեբախտաբար, չի հաջողվել՝ երկար տարիներ այդտեղ ապրող երեւանցի տանտիրոջ համառ դիմադրության շնորհիվ։ Արդ, որտեղի՞ց ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանին այդքան գումար։ Պետական ծառայողն այդ ինչպե՞ս կարողացավ եւ կարողանում է թքած ունենալ այդքան բնակչության, քաղաքացիների, քաղաքի, թաղապետարանի եւ քաղաքապետարանի վրա ու շրջանցել այդ ամենը։ Հուշերի գիրկն անցնենք։ Արմեն Ավետիսյանն իր կարիերան սկսել է Շենգավիթի շրջանի հարկային համակարգից, որտեղից շատ չանցած հեռացվել է՝ իրավախախտման համար։ Ասում են, որ այդ ժամանակ ՆԳՆ-ն բացահայտել էր դա եւ երկար ժամանակ Ա. Ավետիսյանը փախուստի մեջ էր։ Դա եղել է 94-95թթ.։ Որոշ ժամանակ անգործ մնալուց հետո, Ա. Ավետիսյանին, ըստ մեր տվյալների, Սերժ Սարգսյանը՝ լինելով ՀՀ ԱԱ եւ ՆԳ նախարար, վերջինիս բերում է ՆԳՆ 6-րդ վարչության երկրորդ բաժնի տեսուչ, 4-5 ամիս հետո՝ նույն բաժնի պետ։ 6-րդը, հայտնի է, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարող վարչությունն էր։ 1-1,5 տարի անց, երբ ՆԳ եւ ԱԱ նախարարությունները առանձին նախարարություններ են դառնում եւ Սերժ Սարգսյանը ԱԱ նախարար է նշանակվում, իր հետ տեղափոխում է նաեւ Արմեն Ավետիսյանին՝ ՀՀ ԱԱ նախարարության 4-րդ վարչության պետի պաշտոն տալով։ ԱԱՆ 4-րդ վարչությունը եւս զբաղվում էր տնտեսական հանցագործությունների բացահայտմամբ, ժողովրդական խոսքով ասած՝ մեծ ձկների որսով։ Շատերն են հիշում այդ տարիներն ու օրերը, երբ Ա. Ավետիսյանի դեմ ելան մի շարք գործարարներ։ Ա. Ավետիսյանը միակ պաշտոնյան է եղել, որի գործունեության ընթացքում գործարարները դժգոհել են, թե շինանյութ (եւ այլն) էր ուզում, եթե չէ՝ ստուգողներ կուղարկեմ սպառնալիքով։ Մեկ այլ աղբյուր պատմում է, որ այդ ընթացքում Ա. Ավետիսյանի ձեռքն է անցնում մի ցուցակ՝ գործարար շրջանակի որոշ մարդկանց անուններով, որոնք Շվեյցարիայի բանկում հաշվի մեծ համարներ ունեն։ Նույն աղբյուրի ասելով՝ Ա. Ավետիսյանը սկսում է գործել՝ շահարկելով ցուցակը եւ այդ գործարարների առջեւ որոշ պարտականություններ ու պահանջներ դնել։ Երբ Սերժ Սարգսյանը տեղափոխվում է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնին, Ա. Ավետիսյանն այս անգամ մնում է իր նախկին տեղում՝ մինչեւ ՀՀ պետեկամուտների նախարարության երկու մասի՝ հարկայինի եւ մաքսայինի բաժանվելը, որից հետո նա նշանակվում է ՀՀ կառավարությանն առընթեր Մաքսային պետական կոմիտեի նախագահ։ Մեր տեղեկություններով, սակայն, մոտ ժամանակներս ստեղծվելու է մաքսային եւ հարկային ամբողջ այդ դաշտը վերահսկող մի ծառայություն՝ ՀՀ նախագահին կամ ՀՀ կառավարությանը կից, որը հնարավոր է գլխավորի Ա. Ավետիսյանը։ Այս վերջին լուրի ի կատար ածվելու հնարավորությունը մեծանում է, եթե հաշվի առնենք երկու շաբաթ առաջ Ա. Ավետիսյանի՝ ՀՀ նախագահի հրամանագրով մաքսային ծառայության գծով գեներալի կոչում ստանալու փաստը, որը հավասար է զինվորական գեներալի կոչումին։ Այս կոչումը հորինելով՝ զինվորական գեներալի կոչումը եւս մեկ անգամ ոտնատակ արվեց, արժեզրկվեց։ Թե չէ քիչ էր։ Օրերս մեկը մեր գեներալիտետի մասին խոսելիս լավ նկատեց. «Մեղք է Գագարինը. էդ խեղճը տիեզերք գնաց-հետ եկավ՝ Խրուշչովը հազիվ մայորից պոլկովնիկի կոչում տվեց, իսկ հիմա չես հասկանում՝ ո՞վ, ինչի՞ համար… մաքսային գեներա՞լս որն ա, թե՞ պրիցեպից ա…»։ Ա. Ավետիսյանի գործունեության մասին մեր մեկ այլ աղբյուրի վկայությամբ, 2001թ. ընթացքում իր ղեկավարած մաքսային պետական կոմիտեի մի քանի աշխատակիցներ աշխատանքային պարտականությունները կատարելիս խոշոր ապօրինություն էին հայտնաբերել. Վրաստանի սահմանն անցնող 10-30 բեռնատար ավտոմեքենաներ՝ ընդերքի հետ կապված, հանքերից շատ թանկարժեք ապրանքներով բեռնված։ Շատ կարճ էր տեւել ապօրինությունը հայտնաբերող մաքսային աշխատողների ուրախությունը. գործը փակվել էր, քանզի, ըստ որոշ պնդումների, Ա. Ավետիսյանի, այսինքն՝ ղեկավարության իմացությամբ էր այդ բեռը տարվում։ Որոշ ժամանակ անց մաքսային այդ աշխատակիցները ինչ-ինչ պատճառներով այլեւս այդտեղ չէին աշխատում։ Հիմա արդեն, կարծում ենք, հարց չի ծագի՝ ինչպե՞ս պետական ծառայողը կարող է նման դղյակ կառուցել։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել