Լրահոս
Օրվա լրահոսը

Բարոյական վարկը չվերադարձվեց

Հունվար 19,2002 00:00

Բարոյական վարկը չվերադարձվեց «Հյուման Րայթս Ուոթչ» միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցի հեղինակների եզրահանգմամբ, Հայաստանի իշխանությունները 2001 թվականին չկարողացան ժողովրդին վերադարձնել այն յուրօրինակ բարոյական վարկը, որ Եվրախորհուրդը տվել էր երկրի իշխանություններին՝ իր շարքերում տեղ հատկացնելով Հայաստանին: Ըստ զեկույցի, Հայաստանում դեռեւս թարմ է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգության վերքը, եւ այդ թեման շարունակում է իշխել քաղաքական եւ հասարակական քննարկումներում: Մինչդեռ իշխանությունները շատ քիչ բան են արել երկրում մարդու իրավունքների բնագավառում առկա խնդիրները լուծելու ուղղությամբ: Ընդհանուր գծերով 2001 թվականին Հայաստանում պատկերը, ըստ զեկույցի, հետեւյալն է. կալանավայրերում շարունակվում են կտտանքները, նախկինի պես բանակում նվաստացնում են զորակոչիկներին, կրոնական փոքրամասնություններին հետապնդում են, աղքատությունը աճում է եւ այս ամենի հետ մեկտեղ աճում է իշխանությունների կոռումպացվածությունը: Զեկույցի հեղինակները չեն շրջանցել բանակում մահացության դեպքերի հետ կապված հետաքննություններն ու դատավարությունները: Մատնանշել են նաեւ Եհովայի վկաների նկատմամբ կիրառվող Քրեական օրենսգրքի հոդվածները, որոնք ընդունվել էին դեռեւս 1960-ական թվականներին: Աղաղակող դեպքերի շարքում է դասվել նաեւ «Առագաստ» սրճարանում կատարված սպանությունը: Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության փորձագետները արձանագրում են, որ թեեւ Հայաստանի իշխանությունները պնդում են, թե 7 տարի անընդմեջ տնտեսական աճ է արձանագրվում, բնակչության մեծամասնությունը ապրում է չքավորության պայմաններում: Կառավարությունը հռչակում է հակակոռուպցիոն պայքար, մինչդեռ այն խիստ ընտրովի եւ քաղաքականացված բնույթ է կրում: Նախկին տարիների պես, փոքրաթիվ վերնախավը վերահսկում է տնտեսական եւ քաղաքական բոլոր ռեսուրսները: Քաղաքական այլախոհությունը չի հանդուրժվում: Մամուլում առավել քննադատական հոդվածների հեղինակներին սպառնում են: Հակակառավարական ցույցերի, մասնավորապես 2000 թվականի հոկտեմբերին եւ 2001 թվականի սեպտեմբերին կայացած ցույցերի կազմակերպիչներին կալանել եւ վարչական պատժի են ենթարկել, իսկ ցույցը լուսաբանող լրագրողներից առգրավել են տեսախցիկներն ու ժապավենները: Այս տարվա հաշվետվության հեղինակները ներկայացրել են նաեւ միջազգային մյուս կազմակերպությունների դիտողությունները, որոնք հիմնականում վերաբերում են իշխանությունների դանդաղկոտությանը՝ մարդու իրավունքների պաշպանությանն ուղղված բարեփոխումների իրականացման հարցում: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել