ԱՎՄ-ն արվեստասեր ժողովուրդ է Միայն թե արվեստագետի ու նրա ջուրը մի առվով չեն գնում Երեկ Ազատամարտի վետերանների միությունը արտահերթ համագումար էր հրավիրել: Օրակարգային հարցը կազմակերպության կանոնադրական փոփոխություններն էին, որոնք տեղի ունեցան: Ըստ այդմ, ԱՎՄ-ն այսուհետ կգլխավորեն ոչ թե չորս համանախագահներ, այլ՝ կազմակերպության նախագահը: Որպես այդպիսին՝ երեկ, ընդամենը մեկ «դեմ»-ով, ընտրվեց նախկին չորս համանախագահներից մեկը՝ Համլետ Հովսեփյանը: Արդյունքն առանց քվեարկությունների էլ պարզ էր, առավել եւս, որ ԱՎՄ-ում երկու հակադիր ճամբարների բաժանված կողմերից մեկի՝ համանախագահ Արմեն Մազմանյանի, կողմնակիցները համագումարին չէին էլ մասնակցում: Իհարկե, ինքը՝ Արմեն Մազմանյանը համագումարին ներկա էր եւ, ինչպես առաջ, երեկ էլ պնդում էր, թե ԱՎՄ արտահերթ համագումարն անօրինական է. «Սա ԱՎՄ-ն չէ: Այստեղ լրիվ ուրիշ կուսակցության համագումար է»: Ավելի ուշ, երբ մենք պարոն Մազմանյանին հարցրինք, թե ինչու իր մեծամասնություն կազմող կողմնակիցները չէին եկել համագումարին, որպեսզի պնդեին իրենց ճշմարտացիությունը, պարոն Մազմանյանը պատասխանեց. «Որովհետեւ այդ մարդիկ՝ իրական վետերանները, ապօրինի համագումարների չեն մասնակցում»: Իսկ համագումարը շարունակվեց: Ելույթ ունեցավ նորընտիր նախագահ Հ.Հովսեփյանն ու հայտարարեց, թե արդեն 6 ամիս է, ինչ պատահականորեն կամ թե անձնական խնդիրներ լուծելու համար ԱՎՄ մտած որոշ ստահակներ խաթարում են կուսակցության բնականոն գործունեությունը: Ու թեեւ Հ.Հովսեփյանն ակնարկեց, որ նրանք եղել են նույնիսկ ԱՎՄ համանախագահներ, այդուհանդերձ, այդ անձանց շարքն այդպես էլ չորոշակիացրեց: Հասկանալի էր, որ ակնարկն ուղղված էր հատկապես Ա.Մազմանյանին: Մենք դիմեցինք հենց նրան՝ ինքն իրեն այդպիսին համարո՞ւմ է եւ ինչպե՞ս է արձագանքում նման հայտարարություններին: «Նման ղզիկ հայտարարություններին ես պատասխան չունեմ: Ես դրան կարող եմ պատասխանել որպես տղամարդ»,- ասաց նա եւ խորհուրդ տվեց լավ ուսումնասիրել, թե իրականում ով ով է եւ ում պատճառով էր, որ ԱՎՄ-ում ֆինանսական աշխատանքներն ամիսներ շարունակ պարալիզացված են եղել: Ավելին. պարոն Մազմանյանն անդրադառնալով Հ.Հովսեփյանի այն հայտարարությանը, թե նա զբաղված է «Գոյակի» պարտքերով ու ԱՎՄ-ում երբեք չի լինում, նկատեց, թե այդ պարտքերի մասին խոսելը, որոնց մի մասն, ի դեպ, ժամանակին գոյացել է հենց «Գոյակի» կողմից ԱՎՄ-ին տրամադրված լինելու պատճառով, բարոյականության խնդիր է: Եթե այսօր կարիք լինի, հնարավոր է՝ 2-3 հազարանոց նոր համագումար հրավիրել: Ա.Մազմանյանը երեկ կարծիք հայտնեց, թե համագումարում Հ.Հովսեփյանը, որ փորձում է ԱՎՄ-ին անկախ կուսակցություն լինելու ճանապարհից շեղել, մեկ՝ աթոռի խնդիր լուծեց: Այդուհանդերձ, հիմա Ա.Մազմանյանն իրեն ԱՎՄ անդամ համարո՞ւմ է, թե՞ ոչ: «Ես չեմ կարող ինձ ԵԿՄ-ից կամ ԱՎՄ-ից դուրս համարել եւ որեւէ քայլ չեմ անում, որ ԱՎՄ-ն չպառակտվի ու ժողովուրդն էլ չհիասթափվի, թեեւ մեր թիկունքում կա շուրջ 5 հազար հոգի, Երեւանի 7 եւ մարզային բազմաթիվ կառույցներ: Մենք միայն պնդում ենք, որ կատարվեն կանոնադրության պահանջն ու սկզբունքները եւ օրինական համագումար հրավիրվի»,- հայտարարեց պարոն Մազմանյանը: Թերեւս, մոռանալով, որ ԱՎՄ գործունեությունն իր իսկ որակմամբ արդեն 6-8 ամիս խաթարված է, կամ, գուցե, նկատի ունենալով համանախագահող Ա.Մազմանյանից առաջ իր համանախագահության օրոք կատարված աշխատանքները, Հ.Հովսեփյանը երեկ համագումարի ընթացքում փորձեց ներկայացնել կուսակցության կատարած «տիտանական» աշխատանքները՝ քաղաքական եւ սոցիալական ոլորտում: Իբրեւ այդպիսին, նա, իհարկե, առաջին հերթին նշեց Թալեաթի սպանության 80-ամյակին նվիրված նիստի անցկացումը: Սա, ըստ ամենայնի, վերաբերում էր ԱՎՄ-ի քաղաքական գործունեությանը, իսկ սոցիալական ոլորտում, պարզվում է, եւս մեծ աշխատանքներ են տարվել. մասնավորապես ԱՎՄ անդամները հանգստացել են հանգստյան տներում ու այցելել թատրոններ: Դա հուսադրող է, իհարկե, առավել եւս, որ, ըստ Հ.Հովսեփյանի, ավելի քան 20 հազարանոց այդ կուսակցությունն ամեն ամիս համալրվում է հարյուրավոր, ըստ երեւույթին, նաեւ արվեստասեր մարդկանցով, ովքեր կարող են մեր թատրոններում նույնիսկ «անշլագ» ապահովել: Իհարկե, պարոն Մազմանյանը մեր զրույցի ժամանակ ճշտեց, որ ԱՎՄ անդամների թիվն իրականում ոչ թե 20, այլ՝ 14 հազար է: Նույնիսկ այդ դեպքում, եթե առավել եւս Հ.Հովսեփյանի կողմնակիցները մեծամասնություն էին, երեկվա համագումարում, ըստ Մազմանյանի, պետք է որ ներկա լիներ գոնե 800 հոգի: Մինչդեռ, տեղի ունեցածը մոտ 200 հոգանոց եւ խղճուկ համագումար էր: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ