Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐԸ

Հունվար 19,2002 00:00

ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐԸ «Հոկտեմբերի 27»-ի գործի ամենաարտառոց փաստերից մեկն այն է, ինչ կատարվեց նախկին մեղադրյալ Միսակ Մկրտչյանի հետ։ Տարբեր ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի եւ Ռոբերտ Ամիրխանյանի վստահված անձ Միսակ Մկրտչյանը 1999 թ. նոյեմբերի 5-ին, դեռեւս իբրեւ վկա հարցաքննության ընթացքում, փաստորեն, ինքն իր դեմ ցուցմունք էր տվել՝ հայտնելով, թե տանն ունի երկու տուփ փամփուշտ. «Դրված են պահարանի վերեւի մասում եւ իմն են, թե ինչու եմ պահում՝ չգիտեմ»։ Եվ նրան անմիջապես առաջադրել էին ապօրինի կերպով ռազմամթերք պահելու մեղադրանք, որի վերաբերյալ համաներում կիրառվեց միայն դատարանի դահլիճում։ Միսակ Մկրտչյանն ազատվեց Սարգիս Եթիմյանի եւ Սաշիկ Ղլեչյանի հետ միասին, որոնք իրենց պահած զենքերը տվել էին Դերենիկ Բեջանյանին՝ չիմանալով, թե ինչ ոճրի է նա պատրաստվում ծառայեցնել դրանք։ Իսկ Միսակ Մկրտչյանն իր փամփուշտները որեւէ մեկին չէր տրամադրել եւ, ինչպես նշել էր 2000 թ. հուլիսի 7-ի ցուցմունքում, «փամփուշտների տուփի վրա գրված էր մարզա-որսորդական», ուստի միայն նախաքննության փուլում էր տեղեկացել, որ դրանք ռազմամթերք են, եւ իրեն ճանաչել մեղավոր, խնդրելով ցուցաբերել մեղմ վերաբերմունք՝ հաշվի առնելով իր առողջական ծանր վիճակը. «2-րդ կարգի հաշմանդամ եմ, շաքարախտով հիվանդ եւ տարել եմ սրտի ինֆարկտ»։ Թվում է, ռազմամթերքի մասին ինքնակամ հայտնած մարդը պիտի չենթարկվեր քրեական հետապնդման։ Եվ առավել եւս՝ նա չպիտի մեղադրյալ լիներ մի գործով, որի մասին տեղեկանալով հեռուստատեսային լուրերից, իր իսկ վկայությամբ՝ սարսափ էր ապրել։ Սակայն Միսակ Մկրտչյանի մեղավորությունը, այսպես ասած, ատավիստական էր, մնացորդային։ Նրա մեղքն իրականում այդ փամփուշտները չէին, այլ այն, որ 1999 թ. ապրիլին ծանոթացրել էր Մուշեղ Մովսիսյանին եւ Նաիրի Հունանյանին, որը նախկինում եղել էր իր հարեւանը։ Մի քանի անգամ նրա համար վարորդի դեր էր ստանձնել, քանի որ իրեն պարտավորված էր զգացել՝ Նաիրի Հունանյանը փորձել էր օժանդակել, որ կարգավորվի «Վերածնունդ» խորհրդի առնչությամբ Միսակ Մկրտչյանի եւ Սարգիս Մուրադյանի գույքային վեճը։ «Ես զգացի, որ Նաիրին եւ Մուշեղը գոհ էին, որ ես իրենց ծանոթացրել եմ, քանի որ նույն հայացքները եւ գաղափարներն ունեին,- իր զանազան ցուցմունքներում վկայել էր Միսակ Մկրտչյանը։- Նույն՝ բռնի գործողություններով քաղաքական հարցեր լուծելու հայացքներ ուներ նաեւ Մուշեղ Մովսիսյանը։ Իմ մասնակցությամբ նրանք հանդիպել են 3 անգամ եւ հայրենասիրական թեմաներով զրույցներ են ունեցել իրար հետ, որոնց ես չեմ մասնակցել։ Երբ սկսում էին զրուցել, խորանում էին այդ հայացքների մեջ՝ ես թողնում-գնում էի, զբաղվում էի մեկ այլ բանով»։ Միսակ Մկրտչյանը, իր վկայությամբ, երբեք Նաիրի Հունանյանի համախոհը չի եղել։ «Երբեք նրա գաղափարակիցը չեմ եղել։ Ես նույնպես գիտակցել եմ, որ երկրի եւ ժողովրդի վիճակը ծանր է, սակայն համոզված եմ եղել, որ դրա լուծման միակ տարբերակը երկրի տնտեսական բարելավումն է, այլ ոչ թե զինված հեղափոխումները, հարձակումները եւ հեղաշրջումները»,- գրել է Միսակ Մկրտչյանը նոյեմբերի 6-ի իր ցուցմունքում։ Նաեւ նշել էր, որ թեեւ մտքով երբեք չէր անցնի, թե Նաիրի Հունանյանը կարող է որոշակի քայլերի դիմել, բայց զգում էր, որ ընդունակ է ամեն ինչի. «Իսկ Մուշեղ Մովսիսյանը, ի տարբերություն Նաիրիի, ավելի հավասարակշռված է եւ կարող էր ցանկացած պահին օգտագործել Նաիրիին եւ դրդել նրան ցանկացած ոճրագործության»։ Այսուհանդերձ, Միսակ Մկրտչյանն, իր պնդմամբ, ոչինչ չի իմացել Հունանյանի ծրագրերի կամ պայմանավորվածությունների մասին։ Թեեւ անգամ ներկա է եղել նաեւ Շանթ Հարությունյանի հետ հանդիպմանը։ Ահա թե 1999-ի մարտին տեղի ունեցած այդ հանդիպման ընթացքում կայացած զրույցն ինչպես էր վերաշարադրել «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը 1999 թ. դեկտեմբերի 25-ի հարցաքննության ժամանակ. «Մեր տան մեջ Նաիրին իր ընկերոջ ներկայությամբ խոսակցություն բացեց երկրի վիճակի մասին, ասելով, որ ժողովրդի վիճակը վատ է, այսպես չի լինի, անհրաժեշտ է մի բան մտածել, կազմակերպել։ (…) Ավելացրեց, որ մինչեւ Վազգենին չվերացնեն՝ արդար ընտրություն չի լինի եւ երկիրը չի զարգանա։ Նաիրիի խոսքը գնում էր Վազգենին ֆիզիկական ոչնչացնելու, վերացնելու մասին, քանի որ երբ ես հարցրեցի՝ դրանով ի՞նչ է ցանկանում անել, ուզում է իշխանությունը տալ Սերժին եւ Ռոբերտի՞ն, նա ասաց, որ նրանց էլ կկախենք, չենք թողնի։ Ապա ես հարցրեցի՝ ի՞նչ է, ուզում ես դաշնակների՞ն բերել իշխանության գլուխ։ Նա ասաց, որ ինքը Դաշնակցությունից դուրս է եկել, եւ մեր սերունդը պետք է գա իշխանության գլուխ»։ Շանթ Հարությունյանը, իր վկայությամբ, այնքան էլ լուրջ չէր ընդունել այս ամենը եւ դեռ կասկածել էր, որ Հունանյանին ուղարկել է… Վազգեն Սարգսյանը, իր տրամադրվածությունն, այսպես ասած, շոշափելու համար. «Ես որոշել էի այդ մասին տեղյակ պահել Վազգեն Սարգսյանին եւ ասել, որ ինչո՞ւ է նա ինձ ստուգում, սակայն չի հաջողվել նրան հանդիպել առանձին»։ Միսակ Մկրտչյանը տեւական ժամանակ հերքել էր, թե ներկա է եղել այս խոսակցությանը, պնդել, որ մնացել է մեքենայի մեջ եւ սպասել Նաիրի Հունանյանին։ Թեեւ Շանթ Հարությունյանը Միսակ Մկրտչյանի մասին ասել էր, որ նա ոչ մի անգամ չի միջամտել իրենց զրույցին. «Եղել է լսողի դերում եւ խոսակցությանը չի մասնակցել… Ես ենթադրել եմ, որ նա ուղղակի վարորդ է»։ … Ամենամեղմ որակումն ընտրենք՝ ուղղակի արտառոց փաստ է, որ չնայած Մուշեղ Մովսիսյանի նկատմամբ գործը կարճվել էր եւ նրան ու Նաիրի Հունանյանին ծանոթացնելն այլեւս «հանցակազմ» չէր պարունակում՝ Միսակ Մկրտչյանը «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունում ընդգրկվեց որպես ամբաստանյալ՝ երկու տուփ փամփուշտի համար։ Այս ամենի մասին էլ գրեթե ծպտուն չեղավ՝ ոչ հեռուստատեսային ցասկոտ ելույթներ հնչեցին, ոչ կուսակցական հայտարարություններ եղան, ոչ հանձնախմբեր այցելեցին մեկուսարան՝ Միսակ Մկրտչյանի առողջական վիճակին ծանոթանալու համար։ Դե՛, նա ոչ պատգամավոր էր, ոչ նախագահի մերձավորը եւ, իր իսկ խոստովանությամբ՝ քաղաքական որեւէ գործչի անձնապես չէր ճանաչում եւ որեւէ կուսակցության անդամ չէր։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել