Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Դեմիրճյանը՝ պետության փոխարե՞ն

Հունվար 18,2002 00:00

Ստեփան Դեմիրճյանը՝ պետության փոխարե՞ն Կոմիտասի այգին, թերեւս, շատ է տարբերվում մայրաքաղաքի մյուս այգիներից, որովհետեւ այստեղ են ամփոփված մեր մեծերի աճյունները։ Մի բանով, սակայն, այն նման է մյուս այգիներին։ Դա նրա ոչ բարեկարգ ու անխնամ վիճակն է, ինչի պատճառը սովորաբար կապվում է համապատասխան դրամական միջոցների բացակայության հետ։ Քաղաքապետարանի կանաչապատման ձեռնարկության տնօրեն Աշոտ Ղազարյանը չժխտեց, որ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը այգում կատարել է որոշ բարեկարգման աշխատանքներ, սալապատել է ինչ-ինչ հատվածներ, լուծել այգու լուսավորության խնդիրը։ Մեր տեղեկություններով, նա նաեւ պահակներ է նշանակել, որպեսզի կատարված աշխատանքները համապատասխան մարմինների անուշադրության պատճառով ջուրը չլցվեն։ Կանաչապատման ձեռնարկության գլխավոր դենդրոլոգ Սուրեն Մաքսապետյանից տեղեկացանք, որ անցած տարի ձեռնարկությունը կատարել է չորուկների հեռացում, ծառերի նոսրացում։ Նոսրացվել են նաեւ անլույս տարիներին կտրտրված ծառերի կոճղերի ավելորդ շիվերը։ Սակայն նա համոզված է, որ միայն պետբյուջեի «հույսին լինելով», հնարավոր չէ այգու բոլոր հարցերը լուծել, քանի որ կարիք կա թարմացնելու այգու գիպսացված («հարամի») հողերը, անհրաժեշտ է տորֆ լցնել այնտեղ, խնամքի ու պահպանության խնդիրներ հոգալ եւ նորացնել բուսական կազմը։ Ըստ Ս. Մաքսապետյանի՝ անմխիթար վիճակում է հատկապես այգու ջրագիծը, որը 35-40 տարվա վաղեմության պատճառով վաղուց փտել է, իսկ խողովակների մի մասը՝ գողացվել։ Ջրի սակավությունը նպաստում է այգու ներքեւի հատվածի չորացմանը։ Ս. Մաքսապետյանը հաստատեց իր շեֆի այն խոսքերը, թե Ստ. Դեմիրճյանը բավականին օժանդակել է Կոմիտասի այգու բարեկարգման ու կանաչապատման աշխատանքներին, որը, սակայն, բավարար չէ ամբողջ այգին տեսքի բերելու համար։ Քաղաքապետարանի կանաչապատման ձեռնարկության գլխավոր դենդրոլոգը նաեւ տեղեկացրեց, որ մշակվել է մոտ 20 մլն դրամ արժողությամբ այգու բարեկարգման ծրագիր, որը ներկայացվել է քաղաքապետարան, այնտեղից էլ՝ կառավարություն։ Եվ ապագան ցույց կտա՝ ազգիս կառավարության հավանությանն արժանանալուց հետո կհատկացվե՞ն համապատասխան ֆինանսական միջոցներ, թե՞ բազմաթիվ այլ ծրագրերի նման սա էլ կյանքի կոչվելու բախտին չի արժանանա։ Լավ է, որ Ստ. Դեմիրճյանի ջանքերով գոնե բարեկարգվել է Պանթեոնի հատվածը, ուր ննջում են ազգի մեծերը՝ այս ամենին անտեղյակ։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել