Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՇՏԱՐԱԿ-ԿԱԹԸ» ԱՊԱՑՈՒՑՈՒՄ Է

Հունվար 18,2002 00:00

«ԱՇՏԱՐԱԿ-ԿԱԹԸ» ԱՊԱՑՈՒՑՈՒՄ Է «Առավոտի» 15.12.2001թ. համարում տպագրված «Աշտարակ-Կաթը» զարմացնում է» նյութը ֆիրմայի կողմից կազմակերպած խաղարկության վերաբերյալ էր։ Մրցույթի ընթացքում խաղարկվել են ուղեգրեր Կիպրոս, համակարգիչ, բջջային հեռախոս։ Ինչպես նյութի հեղինակ «Աշտարակ-Կաթի» սպառողն էր նշել, մրցույթը հետաձգվել էր մեկ ամսով եւ պետք է անցկացվեր նոյեմբերի սկզբներին, սակայն սպառողն այդպես էլ չէր իմացել խաղարկության ժամկետը եւ գրել էր, որ այն տեղի չի ունեցել։ Վերը նշված հրապարակման առիթով «Առավոտին» արձագանքեցին «Աշտարակ-Կաթ» ընկերությունից եւ ի առարկումն հիշյալ նյութի, անցկացված խաղարկության վերաբերյալ տրամադրեցին ապացուցող փաստերն ու փաստաթղթերը։ Ըստ դրանց, սույն թվականի նոյեմբերի 3-ին «Արմենիա TV» հեռուստաընկերության ուղիղ եթերով կատարվել է խաղարկությունը, որի ընթացքում հարցաթերթիկներում նշված բոլոր շահումները խաղարկվել են եւ մեկ ամսվա ընթացքում շահողները ստացել են իրենց մրցանակները։ Ինչ վերաբերում է խաղարկության օրվա հետաձգմանը, ընկերությունից հայտնեցին, որ հետաձգվել է ոչ թե խաղարկության օրը, այլ խաղարկվող հարցաթերթիկների ընդունման ժամկետը, այն էլ բազմաթիվ սպառողների խնդրանքով։ Իսկ կայանալիք մրցույթի օրվա մասին նախօրոք հայտնվել է «Ռուսսկոյե ռադիո» եւ «Hit FM» ռադիոկայաններով՝ օրը 5 անգամ եւ «Արմենիա TV» հեռուստաընկերության «Ինչպես ես, բարեկամ» ծրագրով։ Իսկ ընկերությունից նեղացած սպառողին «Աշտարակ-Կաթը» բարեկամաբար խորհուրդ տվեց այցելել ընկերության գրասենյակ եւ սեփական աչքերով տեսնել ու համոզվել, ստուգել իր մոտ եղած կտրոնի համարը, ինչպես նաեւ՝ ով գնաց Կիպրոս, ով թանկարժեք իրերի տեր դարձավ։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել