Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային եւս երկու մրցանակ

Հունվար 18,2002 00:00

Միջազգային եւս երկու մրցանակ 2001թ. դեկտեմբերի 1-10-ը Հունաստանի Պիրեա քաղաքում տեղի ունեցավ դաշնակահարների «Konzerteum» միջազգային 7-րդ մրցույթը։ Մասնակցեցին տարբեր երկրներից ժամանած դաշնակահարներ։ Հայաստանից ժամանած Նարա Ավետիսյանը իր ինքնատիպությամբ եւ բարձր կատարողականությամբ հմայեց հույն երաժշտասեր հանրությանը, ինչպես եւ տարբեր երկրներից հրավիրված աշխարհահռչակ երաժշտագետների, որոնք վերոհիշյալ մրցույթի ժյուրիի անդամներն էին՝ Էմանուել Կրասովսկի (Իսրայել), Կոնստանտինոս Գիոտիս (Հունաստան), Պատրիցիա Կուրտեր-Զագորսկի (ԱՄՆ), Պետեր Այլեր (Գերմանիա), Ստելլա Ավեսոլոն (Ռումինա) եւ այլք։ Շնորհալի աղջնակն արժանացավ A Yunior կատեգորիայի (մինչեւ 9 տարեկան, մասնակիցներ՝ 14 հոգի) 1-ին մրցանակին, ինչպես եւ A կատեգորիայի (մինչեւ 14 տարեկան, մասնակիցներ՝ 27 հոգի) 2-րդ մրցանակին։ «Նարան մասնակցում էր միաժամանակ 2 մրցույթի, այն էլ 2 տարբեր ծրագրերով,- պատմում է Նարայի մայրը՝ կոմպոզիտոր Ռուզաննա Սիմոնյանը։- Ահա թե ինչու, երբ իմացանք, որ 2 կատեգորիաներում Նարան արժանացել է բարձր մրցանակների, հաղթանակն առավել արժեքավոր դարձավ»։ Մինչ մայրը կխոսեր մրցույթի մասին, Նարան պատմում էր Հունաստանից ստացած իր տպավորությունները։ Կարդացի նաեւ Նարայի մասին գրված կարծիքները։ Էմանուել Կրասովսկի – Նրա երաժշտականությունը, գործիքին կատարյալ տիրապետելը եւ հնչյունների գեղեցիկ արտաբերումը վկայում են հազվագյուտ, ոչ սովորական տաղանդի, ե՛ւ դասատուի հոյակապ աշխատանքի մասին։ Համոզված եմ, որ Նարան կդառնա իսկական, հրաշալի դաշնակահարուհի: Կոնստանտինոս Գիոտիս – Նրա ելույթը հոյակապ է, պրոֆեսիոնալ եւ պատկերավոր։ Նա հարգանքով է վերաբերվում եւ մատուցում կոմպոզիտորների նյութերը՝ հետեւելով նրանց ոճին այնպիսի ճշգրտությամբ, որ շատ մենակատարներ նրան կնախանձեին։ Պատրիցիա Կուրտեր-Զագորսկի – Դու քո նվագով յուրաքանչյուրի հոգում առաջացնում ես անկրկնելի ներդաշնակություն։ Քո փոքրիկ մատների ներքո երաժշտությունը երբեմն պարում է, երբեմն էլ արարում գեղեցիկ կտավներ։ Նարա Ավետիսյանը արվեստի աշխարհում իր առաջին քայլերը կատարել է 6 տարեկանից։ Սովորում է թիվ 114 միջնակարգ դպրոցում, միաժամանակ ուսանում Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնի 3-րդ դասարանում՝ վաստակաշատ դասատու Արքուհի Հարությունյանի մոտ։ 1999թ. «Իզաբել» կենտրոնի «Դարավերջի շնորհալիներ» մրցույթի դափնեկիր է։ 2000, 2001թթ. մենահամերգներով ելույթ է ունեցել Կամերային երաժշտության տանը։ 2000 թ. Վիլնյուսում կայացած Բալիս Դվարիոնասի անվան դաշնակահարների միջազգային մրցույթում արժանացել է դափնեկրի վկայականին եւ 3 հատուկ մրցանակների։ Մասնակցել է կոնցերտների մանկական 3-րդ փառատոնին, համագործակցել Երեւանի սիմֆոնիկ նվագախմբի հետ։ 2000-ից «Տիգրան Քնուջյան» հիմնադրամի կրթաթոշակառու է։ 2001-ից «Նոր անուններ» բարեգործական ծրագրի անդամ է։ 2001թ. արժանացել է Երեւանի քաղաքապետարանի կողմից պատվոգրի՝ միջազգային բեմահարթակներում հայ երաժշտական կատարողական արվեստը բարձր մակարդակով ներկայացնելու համար։ ՆԵԿՏԱՐ ԳԻԶԻԼՋՅԱՆ Երեւանի Սմբատ սպարապետի անվ. ինստիտուտի ժուռնալիստիկայի 3-րդ կուրսի ուսանողուհի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել