Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվար 18,2002 00:00

Մեր Երդիկից Դուրս Պարեք այն ժամանակ, երբ խառնվածքը թույլ է տալիս, իսկ սովը չի արգելում… Խոսե Իգնասիո ԱՐԳԵՆՏԻՆՅԱՆ ՏԱՆԳՈ Արգենտինան առաջին հերթին հիշեցնում է տանգո, իսկ երկրորդը՝ սերիալ։ (Ախ այդ սերիալները… ծո՜վ, արեւ՜ եւ սե՜ր։) Երրորդը՝ արգենտինյան տնտեսական հրաշքն է։ Եվ հանկարծ նման բան… Արգենտինայու՜մ։ Բայց ինչու՞… Որովհետեւ նույն «հավերժ թեման» է։ Չէ՛, խոսքը սիրո մասին չէ. այլ, իհարկե՝ աղքատության։ Արգենտինյան աղքատ տանգո՝ սերիալների լաքապատ պատկերների սալահատակի վրա։ Եվ ով կարող էր ենթադրել, որ հենց Արգենտինան, այն էլ այդպիսի վայրի ու անսանձ թափով։ Ոչ մի զարմանալի բան՝ խառնվածքն է։ Խառնվածքը այնպիսի բան է, որ կարող է ծնել նույնիսկ արժանապատվություն։ Հանկարծ զարթնում է արժանապատվությունը եւ հասկանում ես, որ այդպես ապրել այլեւս չի կարելի։ Կարելի է վիճել՝ մոնետարիզմ, կեյնսականություն, կարգավորվող, տարերայնորեն զարգացող կամ այլ տեսակի շուկայական հարաբերություններ։ Բայց ակամաից հիշում ես Կարլ Մարքսին։ Ժամանակին Բիսմարկը կարծես ասել էր, որ Եվրոպան դեռ կտանջվի այդ «հաշվապահի» ձեռքից։ Եվրոպան, ասես, իր տանջանքի բաժինը ապրեց, հիմա հերթը Լատինական Ամերիկայինն է։ Եվ միգուցե ոչ միայն դրանը։ Ողջ 20-րդ դարը նվիրեցին նրան, որ մարդկանց գլուխները մտցնեն, թե սոցիալական դժվարությունների հիմքում ոչ այնքան տնտեսությունն է, որքան քաղաքականությունը։ Մարդկանց ի վերջո հասկացրին, որ այնտեղ, ուր իր ազատության թեւերը շուկայի եւ մարդկանց վրա տարածում է ժողովրդավարությունը, սոցիալական խնդիրների հետ ամեն ինչ «օքեյ» է։ Ինքնին «բանվոր դասակարգ» հասկացությունը աստիճանաբար շրջանառությունից դուրս եկավ։ Դրան փոխարինելու եկավ «միջին խավը»՝ որպես կուշտ հասարակության հիմնասյուն։ Սակայն բյուրգերները բյուրգերություն են անում, չգիտես ինչու, միայն Եվրոպայում եւ դրա «դուստր ձեռնարկություններում»՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում։ Մնացյալ աշխարհում «եվրոպական հաշվապահի» մարգարեությունները արդիական են։ Միգուցե պատճառը դարձյալ խառնվա՞ծքն է…8230 Միգուցե ամեն ինչում մեղավոր են սերիալները եւ ԶԼՄ-ները։ Իսկապես, նայում ես, թե ուրիշ մարդիկ ինչ գեղեցիկ եւ կուշտ են ապրում եւ դու էլ ես ուզում։ Ուզում են բոլորը, բայց կարող են, ցավոք, ոչ բոլորը։ Միգուցե ժամանակակից աշխարհի գլխավոր խնդիրը հենց ուզենալու եւ կարողանալու միջեւ տարբերությունն է։ Կարելի է, իհարկե, ասել, որ դա բոլոր ժամանակների խնդիրն է։ Այդպես է, պարզապես վերջին ժամանակներս բոլորիս ներշնչել են, որ բոլորն ունեն հավասար իրավունքներ եւ որ մարդու իրավունքներն ամեն ինչից վեր են։ Եվ ահա տես, թե ինչ եղավ՝ եղան այնպիսիք, որ հավատացին այդ ամենին։ Սկսեցին հիշեցնել իրենց իրավունքների մասին՝ ցանկանալով հավասարեցնել իրենց իրավունքները իրենց հնարավորություններին։ Տնտեսագետները կարող են դեռ երկար շարունակել իրենց խորաթափանց մտորումները «արգենտինյան տնտեսական հրաշքի» մասին եւ դրա «հրաշալի» հետեւանքների մասին։ Նրանք կարող են տարբեր ելքեր առաջարկել։ Ախր չէ՞ որ վախենալու է՝ երկրագունդը փխրուն է, դժվարությունները շատ են, իսկ արի ու տես՝ ինչպիսի «հավերժ» աղքատություն, սով, անհուսություն… Մեկ էլ տեսար՝ հեղափոխությունների նոր շարք սկսվեց։ Չէ՛, պետք է մի բան մտածել, բայց պետք չէ լսել տնտեսագետներին։ Իսկական հրաշքները հասու են միայն գիտությանը։ Այ, եթե գիտնականները մի այնպիսի սարքիկ հորինեին, որ հատուկ ալիքներով կուշտ լինելու պատրանք ստեղծեր… Այդ սարքիկը կարելի էր ամրացնել հեռուստացույցներին, որոնցով կշարունակեին սերիալներ ցուցադրել։ Ու՜խ, ի՜նչ լավ կլիներ։ Ու այն ժամանակ, թքած Մարքսի, Կեյնսի, սոցիալական արդարության, իրավունքների եւ հնարավորությունների վրա… Իսկ հիմա ոչ նման սարքիկ կա, ոչ էլ սոցիալական արդարություն, եւ «հրաշալի արգենտինյան տանգոն» որպես սարսափելի ուրվական հայտնվելու է աշխարհի տարբեր անկյուններում։ Ի՞նչ արած՝ «հավերժ թեմա» է8230… ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել