Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԴԱՐՁԱՎ ՍԱԿ-Ի ՆԱԽԱՊԱՅՄԱՆ

Հունվար 18,2002 00:00

ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԴԱՐՁԱՎ ՍԱԿ-Ի ՆԱԽԱՊԱՅՄԱՆ Կրթության եւ գիտության համակարգերին այս տարվա պետբյուջեով հատկացված է ընդամենը 29 մլրդ 455 մլն դրամ։ Մինչդեռ այդ համակարգերը տարեկան միլիոնավոր դոլարներ են ստանում տարատեսակ կազմակերպություններից, սակայն դրանց ծախսման արդյունավետությունը չափազանց ցածր է։ ԿԳ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո Լեւոն Մկրտչյանի առաջին հանձնարարականներից մեկը եղել է այս առնչությամբ։ Նախարարը պահանջել է հաշվետվություն ներկայացնել համակարգին հատկացվող վարկերի, դրամաշնորհների, բարեգործական միջոցների մասին։ Ամբողջական տվյալներ դեռեւս չեն ներկայացվել, ինչը մեկ անգամ եւս վկայում է, թե որքան բարձիթողի է այս հարցը։ Նախարարի գնահատմամբ՝ նույնիսկ թռուցիկ հաշվետվությունը ցույց է տալիս, որ Հայաստանում տարբեր կազմակերպություններ իրականացնում են նույնանման ծրագրեր, իսկ ֆինանսական միջոցները հաճախ ինքնանպատակ են ծախսվում։ Այսինքն՝ այդ ծրագրերի համակարգման անհրաժեշտություն կա, ինչի շնորհիվ կխուսափենք նաեւ մեկ այլ ոչ ցանկալի երեւույթից։ Ըստ Լեւոն Մկրտչյանի՝ «Հայաստանի համար նախատեսված գումարների մի զգալի մասը ծախսվում է դրսում՝ տարբեր խորհրդատվությունների, նախապատրաստական փուլերի վրա։ Ամենամոտավոր, դեռեւս ոչ ճշգրիտ հաշվարկներով, եթե մեկ տարվա ընթացքում Հայաստան է մտնում 10-11 մլն դոլար, ապա, այսպես ասած՝ առկա, կանխիկ ծախսվում է 3-4 մլն-ն միայն»։ Ըստ մեր տեղեկությունների, այդ գումարների մի մասն էլ ընդհանրապես իր նպատակին չի ծառայում։ Այս թեմային «Առավոտը» ավելի մանրամասն կանդրադառնա առաջիկայում։ Իսկ համակարգի ամենախոշոր վարկատուի՝ ՀԲ-ի հետ հարաբերություններում համագործակցության նոր փուլ է սկսվում։ Լեւոն Մկրտչյանից տեղեկացանք, որ նախնական բանակցություններով բարձրագույն կրթական համակարգի օպտիմիզացիան ներառնված է ՍԱԿ-5-ի տրամադրման նախապայմանների մեջ։ Համակարգի նման կարեւորումը ինչ արդյունքներ կտա՝ ապագայում կերեւա, իսկ համակարգի օպտիմիզացիան պիտի իրականացվի պետբյուջեի եւ այլընտրանքային այլ միջոցների հաշվին։ Օպտիմիզացիայի ծրագիրը նախատեսում է ֆինանսավորման նոր մեթոդների ընտրություն, համակարգի օպտիմիզացիա, ընդունելության համակարգի բարելավում, իսկ հանրակրթական համակարգում՝ ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման հիմնահարցի լուծում եւ հանրակրթական բարեփոխումների շարունակում։ Կրթական համակարգում ՀԲ-ի վարկով իրականացվող բոլոր ծրագրերն այս տարի արդեն ավարտվում են։ Դրանք ԿԳ նախարարը հաջողված որակեց՝ քանի որ ծրագրերի հիմնական նպատակը կատարվել է՝ «նպատակն էր՝ ունենալ դասագրքային բազա եւ մոդելավորել, մշակել դպրոցների գոյատեւման եւ գործունեության արդյունավետ մեխանիզմներ»։ Դասագրքերի վարձակալման համակարգը հնարավորություն է տալիս դասագրքերի հրատարակման համար ունենալ հատուկ ֆոնդ։ Հաջողված, ուսուցիչների կողմից ընդունված դասագրքերը կվերահրատարակվեն, իսկ մյուսների համար դարձյալ մրցույթ կանցկացվի։ Այս տարի մրցույթ կանցկացվի անգլերենի եւ ինֆորմատիկայի դասագրքերի համար։ Այժմ բանակցություններ են գնում ՀԲ-ի՝ 2003թ.-ին տրամադրվելիք նոր վարկի համար։ Առայժմ պարզ է ճապոնական դրամաշնորհի չափը՝ մոտ 370 հազար դոլար, որը նախատեսված է վարկային ծրագրի նախապատրաստման համար։ Վարկը դարձյալ հանրակրթության բնագավառի համար է եւ ամենայն հավանականությամբ՝ վարկի մի մասը կնպատակաուղղվի դպրոցների գույքային խնդրի լուծմանը, իսկ մյուս մասը պետք է օգտագործվի դպրոցից բուհ սահուն անցումը ապահովող համակարգի ստեղծման նպատակով։ Ըստ Լեւոն Մկրտչյանի՝ եթե դա հաջողվի՝ «կլուծենք մեր հասարակությանը տարիներ շարունակ հուզող ընդունելության քննությունների հիմնախնդիրը, որպեսզի բնակչությունն ավելորդ գումարներ չծախսի ռեպետիտորների, կաշառքի եւ նման այլ բաների համար»։ ԿԳ նախարարի գնահատմամբ, մեր կրթական եւ գիտական համակարգերի օպտիմիզացիայի ցուցանիշները շատ վատն են։ «Մենք բոլորս խոսում ենք, որ Հայաստանը բարձր մակարդակի կրթության եւ գիտության երկիր է, բայց բնակչության ընդհանուր թվի եւ ուսանողության ու գիտնականների թվի տոկոսային հարաբերակցությունը խիստ ցածր է միջազգային ցուցանիշներից»։ Վերջին 10 տարիներին տեղի է ունեցել ինստիտուցիոնալ կառույցների շեշտակի աճ (10 տարի առաջ ունեինք 14 պետական բուհ, այժմ՝ 16 պետական՝ 7 մասնաճյուղերով եւ շուրջ 60 ոչ պետական բուհ), իսկ ուսանողների թիվը կրկնակի կրճատվել է։ Եթե միջազգային միջին ցուցանիշներով բնակչության 4-5%-ն է ուսանողությունը, ապա Հայաստանում՝ 2-2,5%-ը։ Իսկ դասախոսների թիվը մնացել է գրեթե նույնը։ Գիտության համակարգում եւս նկատվում է գիտական ինստիտուտների աճ եւ գիտնականների թվի նվազում. ունենք 125 գիտական ինստիտուտ՝ այս փոքր հանրապետության խղճուկ բյուջեի հաշվին գործող, իսկ գիտնականների թիվը չի անցնում 7 հազարից։ Ըստ ԿԳ նախարարի՝ «այս փաստերը հրատապ են դարձնում կտրուկ բարեփոխումների անհրաժեշտությունը»։ Այս առումով Լեւոն Մկրտչյանը կարեւորում է կրթությունը նաեւ որպես բիզնես դիտելու անհրաժեշտությունը, մասնավորապես մեր բուհերը օտարերկրյա ուսանողների համար գրավիչ դարձնելու խնդիրը, ինչը դրսից ֆինանսական հոսքեր կբերի։ Օրինակ, ԵԲՀ-ն այս առումով բավականին հաջող է աշխատում, մանավանդ Հնդկաստանի հետ, ֆինանսական եկամուտներ ապահովելով թե իր, թե պետության համար։ Սա նաեւ քաղաքական նշանակություն ունի, որովհետեւ արտասահմանցի ուսանողների ներգրավմամբ Հայաստանը, ըստ Լեւոն Մկրտչյանի՝ «բացվում է աշխարհին, հնարավորություն է ստանում ներկայանալ աշխարհին, ցույց տալ իր դեմքը, կենցաղը, կյանքը»։ Այս տեսակետից ԿԳ նախարարը կարեւորեց վերջերս ՀՀ նախագահի Իրան կատարած այցի ժամանակ կնքված պայմանագիրը՝ բարձրագույն կրթության եւ գիտության բնագավառում վկայականների փոխադարձ ճանաչման մասին։ Ըստ նախարարի՝ Իրանը հզոր պոտենցիալ ունեցող երկիր է, երիտասարդությունը կազմում է բնակչության 60-70%-ը եւ սովորելու ցանկություն ունեցող, սակայն ընդունելության քննությունների մրցույթից դուրս մնացողների թիվը կազմում է 600 հազար մարդ։ Արտասահմանցի երիտասարդներին գրավելու համար Հայաստանը պետք է զարգացնի միջազգային համալսարանական կրթական ցանցը։ Ամերիկյան, ֆրանսիական եւ սլավոնական համալսարաններն արդեն կան եւ ծրագրեր կան եվրոպական կրթական համալիր ստեղծելու ուղղությամբ։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել