Լրահոս
Օրվա լրահոսը

«Խփվող կաբելի» ու «Ձեթ-օճառի» մասին

Հունվար 18,2002 00:00

«Խփվող կաբելի» ու «Ձեթ-օճառի» մասին 50-ական թվականներից Ձեթ-օճառի կոմբինատին հարող տարածքի բնակիչներն էլեկտրական հոսանք էին ստանում նույն աղբյուրից, ինչ հիշյալ կոմբինատը։ Ներկայումս էլ հարավային ենթակայանից բարձր լարման հոսանքը հասնում է Ձեթ-օճառի կոմբինատ եւ լարումն իջեցվելուց հետո տրվում բանվորական ավանին։ Այսինքն բանավանի բնակիչներն այժմ օգտվում են նույն ենթակայանից՝ Ձեթ-օճառի կոմբինատի հետ միասին։ Կոմբինատի գլխավոր ինժեներ Ռոբերտ Աֆրիկյանը մեզ հավաստիացրեց, որ ներկայումս կոմբինատը հոսանք չի օգտագործում, քանի որ արտադրական կառուցվածքները սնող տրանսֆորմատորները կնքված են, իսկ բանավանի համար դրված է ընդհանուր հաշվիչ, որն արձանագրում է բնակիչների օգտագործած էլեկտրաէներգիան։ Ըստ վերջինիս՝ էլցանցի տնօրինությունը զուր է բնակիչներին ժամանակ առ ժամանակ հոսանքազրկելու մեղքը բարդում իրենց՝ այսինքն կոմբինատի վրա։ Չժխտելով կոմբինատի ունեցած հոսանքի խոշոր պարտքը, նա պնդում էր նաեւ, որ դրա 6-7 մլն դրամը բանավանի բնակիչներից է «ժառանգված»։ Նա իրենց պարտքի մոտավոր չափը ընդամենը 14 մլն դրամ էր համարում։ Ռ. Աֆրիկյանը գտնում էր, որ հանիրավի վերցրել ու իրենց պարտքին են գումարել անգամ տրանսֆորմատորների աշխատանքի ընթացքում ծախսված հոսանքը, չնայած այդ հոսանքից օգտվում են բանավանի բնակիչները։ Բագրատունի էլցանցի փոխտնօրեն Ժորա Ստեփանյանը, սակայն, մնում էր այն կարծիքին, որ մասնավորապես Տյուլենինի փողոցի բնակիչների հոսանքի անջատման հիմնական մեղավորը Ձեթ-օճառի կոմբինատն է, որը 21 մլն 20 հազար 74 դրամ պարտք ունի, ինչի պատճառով էլ «ստիպված Երեւան էլցանցի տնօրեն Ավագյանի կարգադրությամբ անջատվել է բնակիչների հոսանքը»։ Նա դառնորեն հիշեց, որ պետությունն իրենց պարտք է 6 ամսվա աշխատավարձ, ինչպես նաեւ քիչ չեն պարտաճանաչ հոսանք սպառողները։ Նույնիսկ ապագա ենթակայանի կառուցման մասին երազեց, որը, իբր, պիտի բնակիչներին վերջնականապես ազատեր հիշյալ քաշքշուկներից, կառուցվելու դեպքում՝ իհարկե։ Սակայն այդ ենթակայանի կառուցման մոտավոր ժամկետ չնշեց, որովհետեւ չէր կարող նշել։ Ախր ո՞ւմ «դարդն է կտրվել», որ «ավելորդ» ֆինանսներ ու ժամանակ ծախսի ու նոր ենթակայան կառուցի, ինչ է թե «բարաքներում» ապրող շուրջ 40 տնտեսություն (որտեղ մարդիկ 60 սմ խորությամբ գետնափոր տներում են ապրում եւ լույսի միակ աղբյուրը էլեկտրաէներգիան է) հոսանք ստանա։ Բացի դրանից, Բագրատունի էլցանցի փոխտնօրենը հպարտացավ բնակիչների նկատմամբ սեփական բարեհաճ վերաբերմունքով, հիշեց, որ անգամ պարտքերի մարման գրաֆիկ են կազմել, ըստ որի, մեծ պարտքեր ունեցող քաղաքացիները կարող են դրանք մարել 6 ամսվա ընթացքում։ Նա իր կողմից խոստացավ, որ տյուլենինցիների հոսանքն էլ չի անջատվի, եթե միայն «կաբելը չխփի»։ Իսկ Տյուլենինի փողոցի բնակիչները հակառակն են պնդում, որ իրենց չարաբաստիկ «կաբելը կոճի թելի նման բարակ է» եւ «խփելու» վտանգ անընդհատ կա ու իրենք ճակատագրով դատապարտված են ժամանակ առ ժամանակ անլույս մնալու։ Ի դեպ, Ժ. Ստեփանյանը տեղեկացրեց, որ անջատված է նաեւ «Դողագործի» հոսանքը, որի պարտքը հասնում է շուրջ 85 մլն դրամի։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել