Երեւան-Անկարա համագործակցությո՞ւն Դա Բաքվին մահ է թվում Շարունակվում է Թուրքիայի վարչապետ Բյուլենթ Էջեւիթի այցը ԱՄՆ: Անցած օրերի ընթացքում այդ երկրի վարչապետը հասցրել է հանդիպումներ ունենալ ինչպես ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Արմիթաջի, այնպես էլ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հետ: Այդ հանդիպումները մնում են հայկական եւ ադրբեջանական պաշտոնական շրջանակների, նաեւ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Այդ այցին անդրադառնալով ՝ ադրբեջանական «Զերկալոն» տեղեկացնում է, որ Թուրքիայի վարչապետի եւ ԱՄՆ պաշտպանության նախարարի հանդիպման ժամանակ քննարկվել են միջազգային հակաահաբեկչական գործողություններում եւ ընդհանրապես Հարավային Կովկասում ու Միջին Ասիայում Անկարայի դերի բարձրացման խնդիրները: Այդ համատեքստում Դ.Ռամսֆելդը պաշտպանել է Մեծ Բրիտանիայից հետո Աֆղանստանում խաղաղարար գործողության հրամանատարությունը ստանձնելու՝ Անկարայի առաջարկությունը եւ կարեւորել է Թուրքիայի դերը՝ որպես ԱՄՆ ռազմավարական գործընկերոջ, ահաբեկչության դեմ պատերազմում, նաեւ ՆԱՏՕ-ի շրջանակներում: Սա, իհարկե, ըստ ադրբեջանական մամուլի, Թուրքիայի վարչապետի այցի դրական մասն է: Հետո սկսվում են նույն այցի ավելի հոռետեսական մեկնաբանությունները՝ մասնավորապես Թուրքիայի վարչապետի ԱՄՆ կատարած այցի ընթացքում պաշտոնական Երեւանի եւ Անկարայի միջեւ լարված հարաբերությունների լիցքաթափման եւ այդ երկրների միջեւ հնարավոր համագործակցության խնդիրների քննարկման վերաբերյալ: Այսպես, Սպիտակ տունն՝ ի դեմս նախագահ Ջ.Բուշի, վերստին պնդել է հայ-թուրքական սահմանի ապաշրջափակման եւ երկկողմ նորմալ հարաբերությունների հաստատման անհրաժեշտությունը: Ջ.Բուշը «դրական քայլ» է համարել հունվարի 10-ից Հայաստանի քաղաքացիներին Թուրքիայի վիզա տրամադրելու պարզեցված կարգը: Հիշեցնենք, որ դեռեւս 2000-ի աշնանը թուրքական կառավարությունը Հայաստանի քաղաքացիների վիզա ստանալու կարգում սահմանափակումներ էր մտցրել՝ կապված Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի ԱՄՆ օրենսդիր մարմնում ընթացող քննարկումների հետ: Ահա այդ փաստը Ադրբեջանում որոշակի ջղաձգումների տեղիք է տվել: Երեւանի եւ Անկարայի հարաբերությունների հաստատման խնդիրը Բաքուն, անշուշտ, շատ ծանր է տանում, եւ այն դիտվում է իբրեւ ԱՄՆ-ի միջոցով Անկարայի վրա պաշտոնական Երեւանի կողմից գործադրված ճնշում: Ըստ ադրբեջանական աղբյուրների, այդ ճնշումները դեռեւս կարող են շարունակվել այս անգամ Հայաստանի տնտեսական շրջափակումը վերացնելու համատեքստում, առավել եւս, որ օրերս Ստրասբուրգում ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը բարձրացրել է այդ հարցը: Ադրբեջանական լրատվամիջոցներն ընդունում են, որ Անկարան տնտեսական շրջափակման է ենթարկել Հայաստանին, բայց միայն՝ Ադրբեջանի տարածքները գրավելու պատճառով: Ադրբեջանում լրջորեն կարծում են, որ այդ ճնշումները եւս կարող են հաջողություններ ունենալ, թեեւ Թուրքիան ԵԽ-ի նկատմամբ Հայաստանն ապաշրջափակելու պարտավորություն չի ստանձնել: Բաքուն մտահոգված է, որ հաջողության դեպքում միջազգային կառույցներն ու ԱՄՆ-ը կարող են Հայաստանի ճնշման տակ պարտադրել, որ մինչեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ էլ վերականգնվի տնտեսական համագործակցությունը, առավել եւս, որ այդ հարցում ԼՂ հիմնախնդրի կարգավորման միջնորդ երկրները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Ռուսաստանն ամբողջությամբ պաշտպանում են Երեւանի դիրքորոշումը: Միաժամանակ, Բաքուն կարծում է, թե միջազգային կազմակերպություններն ու մասնավորապես ԵԽ-ն, եթե նույնիսկ այդ հարցը քննարկման առարկա չդարձնեն, կարող են այն օգտագործել որպես ճնշամիջոց՝ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված պահանջները կատարել տալու եւ քաղբանտարկյալների ազատ արձակելու համար: Պատրաստեց Ն. ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ