ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԼՌՈՒԹՅՈՒՆ «Ընկեր Փանջունու անկյան» մեջ սրամիտ պատասխան էր տրված այն հարցին, թե ինչու նախագահ Քոչարյանն այդպես էլ չի խոսում «Հոկտեմբերի 27»-ի մասին. «Որովհետեւ երբեմն ավելի լավ է ծամել, քան խոսել»։ Ահա նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանն էլ, թեեւ անընդհատ պնդում է այս գործի մասին իր ասելիքի առկայությունը եւ խոստանում պատասխանել այս առնչությամբ բոլոր հարցականներին՝ ըստ էության, շարունակում է լռել։ Մինչդեռ անգամ նախաքննության փուլում է նա բազմիցս ակնարկել, թե իր տրամադրության տակ ունի փաստեր, որոնք կարող են լույս սփռել հոկտեմբերի 27-ին կատարված եւ դրան հաջորդած դեպքերի վրա։ Առաջին անգամ նման ակնարկներ Ալեքսան Հարությունյանն արել էր դեռ 2000 թ. փետրվարի 24-ին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին հասցեագրված դիմումում. «Վերջերս տեղեկացա, որ «Հոկտեմբերի 27»-ի գործը վարող քննչական խումբը համալրվել է Գլխավոր դատախազության քննիչներով։ Խնդրում եմ ինձ մոտ ուղարկել մի քննիչ, որին Դուք լրիվ վստահում եք, ես նրան շատ բան ունեմ ասելու՝ քննության ընթացքի մասին»։ Նրան իսկապես սկսեց հարցաքննել Գլխավոր դատախազության ՀԿԳ քննիչ Ջոն Ֆարխոյանը, բայց նրան էլ Ալեքսան Հարությունյանը չհայտնեց այդ փաստերը։ 2000 թ. մարտի 30-ին, հրաժարվելով ցուցմունք տալ, նա դարձյալ գրել էր. «Ես ունեմ ծանրակշիռ փաստարկներ, որոնք կներկայացնեմ քննությանը, եթե Զինդատախազությունից գործը վերցվի։ Այդ փաստարկները կարող են որոշակի լույս սփռել քննության ընթացքի եւ «Հոկտեմբերի 27»-ի դեպքերի վրա, բայց վերաբերում են նաեւ Զինդատախազությանը»։ Շուրջ մեկ ամիս անց՝ ապրիլի 21-ին, կրկին պնդելով քննչական խմբին իր բացարկը, Ալեքսան Հարությունյանն այն հիմնավորել էր հետեւյալ հանգամանքներով. «Ինձ հայտնի են քննությանը խորթ մեթոդների, կեղծիքների, «առեւտրի» միջոցով քննությունը շեղելու բազմաթիվ փաստեր, որ կատարվել են Զինդատախազության կողմից։ Ես ունեմ փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ Զինդատախազության քննչական խումբն աջակցում է Նաիրի Հունանյանին եւ իր հանցավոր խմբին։ (…) Կան նաեւ այլ փաստեր, որոնք կարող են աջակցել բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն կատարելու գործում, բայց մանրամասն ցուցմունքներ կարող եմ հայտնել այդ մասին քննչական այն խմբին, որը ենթակա չի լինի Զինվորական դատախազությանը եւ պրն Գ. Ջհանգիրյանին»։ Մեկ ամիս էլ չանցած՝ Ալեքսան Հարությունյանի այս վճռականության հետքն էլ չմնաց։ Եվ չնայած նա որեւէ պաշտոնական պատասխան չէր ստացել իր բացարկին՝ վերսկսեց ցուցմունքներ տալ։ «Հուսով եմ, որ նման դեպքեր չեն լինի այլեւս»,- գրել էր նա արդեն ազատության մեջ տված՝ մայիսի 13-ի իր ցուցմունքում։ Եվ կտրուկ նշել էր. «Ես չեմ ցանկանում մեկնաբանել, թե ինչու եւ ինչպես ծնվեց այս մեղադրանքը՝ ամեն ինչ միայն Ն. Հունանյանի զրպարտությո՞ւնն էր, թե՞ այլ պատճառներ եւս կան (…)։ Չեմ բացառում նաեւ, որ Նաիրի Հունանյանն ընդհանրապես ցանկություն չուներ ինձ զրպարտելու, սակայն արել է դա որոշ հանգամանքների պատճառով, որի մասին ես խոսելու կամ ենթադրելու ցանկություն չունեմ, ինչքան էլ գայթակղիչ լինի դա»։ Անգամ քննիչի լրացուցիչ հարցին, թե իրեն հայտնի՞ է, կամ Նաիրի Հունանյանն ասե՞լ է՝ ովքեր են ստիպել ցուցմունքներ տալ նախագահի խորհրդականի դեմ, վերջինս էլի նախընտրել էր ոչինչ չասել. «Ես ունեմ որոշակի կարծիք այդ ամենի մասին, բայց չէի ցանկանա այդ մասին խոսել»։ Այսինքն, ոչ այդ ժամանակ, ոչ դրանից հետո եւ ոչ մինչեւ այժմ հանրությանը չներկայացվեցին այդ «ծանրակշիռ փաստարկները», որոնք կարող էին լույս սփռել պետական հեղաշրջման փորձի եւ դրան հաջորդած գործողությունների վրա։ Գուցե դա արդյունք էր այն բանի, որ զինդատախազի նկատմամբ իշխանական վերնախավի բարկությունը փոխվեց ողորմածության։ Գուցե սա ուղղակի գործարք էր։ Իսկ գուցեեւ նման փաստարկներ չկային էլ։ Գուցե այժմ են ստեղծվում։ Ի դեպ, հատկանշական է նաեւ այն, թե մեր դատարաններն ինչպես հիմնավորեցին Ալեքսան Հարությունյանին ազատ արձակելը։ Այդ վճիռը կայացրեց Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների 1-ին ատյանի դատարանի նույն դատավորը՝ Ա. Առաքելյանը, որն ավելի վաղ երկու անգամ որոշում էր կայացրել նախագահի խորհրդականին երկուական ամսով կալանքի տակ պահելու մասին։ Ընդսմին, դատավճիռների ոճը փոխվում էր՝ քաղաքական իրավիճակի փոփոխությանը զուգահեռ։ 1999 թ. դեկտեմբերի 18-ին դատավոր Առաքելյանը վճռում գրում էր. «Դատարանը, հաշվի առնելով Ալեքսան Հարությունյանին վերագրվող արարքի բնույթը եւ վտանգավորության աստիճանը եւ, որ նա մնալով ազատության մեջ կարող է խոչընդոտել քրեական գործի քննությանը…»: 2000 թ. փետրվարի 7-ին նույն դատավորը գրեթե անփոփոխ տեքստին արդեն հավելել էր. «… քրեական գործի հանգամանքների բազմակողմանի օբյեկտիվ ճշտման համար անհրաժեշտ է ժամանակ…»։ Իսկ վերաքննիչ դատարանը, փետրվարի 25-ին ուժի մեջ թողնելով 1-ին ատյանի դատարանի վճիռը, նշել էր. «Նկատի ունենալով, որ Ա. Հարությունյանն ազատության մեջ մնալով իր հեղինակությամբ կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում եւ դատարանում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով…»։ Իշխանական ուժերի հարաբերակցության փոփոխությունից հետո այս նույն անձինք սկսեցին ներկայացնել սկզբունքորեն տարբեր հիմնավորումներ։ Դատավոր Առաքելյանը ապրիլի 10-ին արդեն վճռեց. «Նկատի ունենալով, որ չներկայացվեցին կալանքի ժամկետը եւս 2 ամսով երկարացնելը հիմնավորող բավարար հիմքեր, այն է՝ կոնկրետ ինչպիսի քննչական գործողություններ են անհրաժեշտ, ինչը կհիմնավորեր Ա. Հարությունյանի կալանքի տակ մնալու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ, որ չներկայացվեցին մինչդատական վարույթում Ա. Հարությունյանի կողմից քրգործին խոչընդոտելը հիմնավորող բավարար ապացույցներ…»։ Եվ իզուր էր Զինդատախազությունը դեռ մի կարճ շրջան պայքարում՝ իր վերաքննիչ բողոքում նշելով, թե դատարանին ներկայացվել են «մեղադրանքը հաստատող բավարար եւ արժանահավատ ապացույցներ», սակայն դրանք անտեսվել են։ Գագիկ Ջհանգիրյանն այս բողոքում, հիշեցնելով այդ դատավորի ավելի վաղ կայացրած երկու վճիռները, նշում է. «Ստացվում է, որ միեւնույն հիմքերի, սակայն ավելի քիչ ապացույցների առկայության պայմաններում դատարանը մի դեպքում դրանք բավարար է համարել եւ հարգել միջնորդությունը, իսկ մեկ այլ՝ առավել ծավալուն ապացույցների առկայության դեպքում մերժել այն»։ Այս մոտեցումը գնահատող որակումների պակաս վերաքննիչ բողոքում չկա՝ «կամայական, սուբյեկտիվ, անթույլատրելի, անօրինական, անտրամաբանական…»։ Վերաքննիչ դատարանը սակայն ապրիլի 14-ին որոշեց, որ 1-ին ատյանի դատարանի որոշումը «օրինական է եւ հիմնավոր»։ Նաեւ նշվել էր. «Համաձայն ՀՀ քր. դատ. օր. 152 հոդվածի, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մեղադրյալն իր պաշտոնում մնալով կխոչընդոտի մինչդատական վարույթում գործի քննությանը, ապա նախաքննության մարմինն իրավունք ունի ժամանակավոր դադարեցնել պետական ծառայող մեղադրյալի պաշտոնավարությունը»։ Հետաքրքիր է, ինչո՞ւ էր ՔԴՕ-ի այս հոդվածն անտեսել վերաքննիչ դատարանի նախագահող դատավոր Ա. Խաչատրյանը, որը մեկն է այն դատավորներից, որ փետրվարի 25-ին հիշել էր Ալեքսան Հարությունյանի «հեղինակության» մասին։ Ո՞չ այն պատճառով, որ այն ժամանակ քաղաքական պատվերն ուրիշ էր, իսկ ապրիլի 14-ին՝ բոլորովի՜ն ուրիշ։ … «Եթե անգամ իմ նկատմամբ այսքան անօրինականություն է կատարվում, ես պատկերացնում եմ, թե վիճակն ընդհանրապես ինչպիսին է,- գրել էր 2000 թ. փետրվարի 22-ին դեռեւս կալանավոր Ալեքսան Հարությունյանը նաեւ Արդարադատության խորհրդի նախագահ Ռոբերտ Քոչարյանին։- Ես արդեն ոչնչի չեմ հավատում։ Երջանիկ եղեք»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ