ԽՄՈՐՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԱԺ Սահմանադրական ժամանակավոր հանձնաժողովում կրքերը գնալով շիկանում են։ Թեպետ ի՞նչ կրքերի մասին կարող է խոսք լինել, երբ ի սկզբանե ստեղծվել էր անկիրք մի մարմին, որից լուրջ երկունք ոչ ոք չէր էլ ակնկալում։ Հանձնաժողովը անթաքույց բաժանվել է երկու ճամբարի՝ նախագահական տարբերակի կողմնակիցներ եւ խորհրդարանական տարբերակի կողմնակիցներ։ Եվ ոչ մեկի համար զարմանալի չէ, որ ընդհանրապես խորհրդարանական կառավարման համակարգի կողմնակից ՀՅԴ-ն գտնվում է նախագահական թեւում, իսկ կիսանախագահական կառավարման համակարգի կողմնակից ՀԺԿ-ն՝ խորհրդարանական թեւում։ Երեկվա նիստի առաջին մեկ ժամը բացարձակ ջուրծեծոցի էր. հանձնաժողովականները՝ Տիգրան Թորոսյանի գլխավորությամբ, գցում-բռնում էին՝ ինչպես վարվեն արդեն քննարկված խորհրդարանական տարբերակի հետ։ Եզրակացություն ներկայացնե՞ն, գնահատականներ տա՞ն, թե՞ համբերեն մինչեւ քննարկվի նախագահական տարբերակը եւս, համեմատելու բան ունենան եւ ըստ այդմ եզրակացություն ներկայացնեն այս կամ այն տարբերակին։ Հանձնաժողովի կազմում, ի դեպ, փոփոխություն կար։ ՀՅԴ-ն ներկայացնող Արմեն Ռուստամյանի փոխարեն հանձնաժողովում Դաշնակցությունը կներկայացնի խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը։ Վերջինիս մասնակցությունը կարեւոր էր թեկուզ այն պատճառով, որ քվեարկության ժամանակ նախագահականի կողմնակիցները հանդես էին գալիս որպես անդավաճան յոթնյակ։ Նրանք միաձայն դեմ քվեարկեցին Շավարշ Քոչարյանի սահմանադրության նախագծին դրական գնահատական տալուն։ Դեմ քվեարկածներին անուն առ անուն հիշելու կարիք կարծես թե չկա, սակայն հիշեցնենք, որ «Ժողպատգամավոր», «Օրինաց երկիր», Ագրոարդյունաբերողներ, ԺԴԿ, ՀՅԴ, ՀՀԿ, ԱԺՄ խմբերն ու խմբակցությունները (ԺԴԿ-ի պարագայում պարզ չէ, թե ինչը) միասնական էին այն հարցում, որ խորհրդարանական կառավարման համակարգի սահմանադրական նախագծին ոչ միայն պետք է դեմ լինել, այլեւ՝ հարկավոր չէ մանրամասն եզրակացություն ներկայացնել այդ մասին։ Իսկ Շ. Քոչարյանական թեւը տատանվեց։ ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանը քվեարկության ժամանակ նախ ձեռքի անորոշ շարժում արեց, հետո էլ հանձնաժողովի նախագահի հարցին՝ նա ինչպե՞ս է քվեարկում՝ դե՞մ, թե՞ կողմ, պրն Խաչատրյանը պատասխանեց, թե ինքը ծխում է։ Այդպես ծխելով էլ չքվեարկեց։ Ավելի ուշ, պատասխանելով «Առավոտի» հարցին, ասաց, թե ինքը չքվեարկեց, որովհետեւ համաձայն չէր քվեարկության դրված հարցի ձեւակերպմանը։ Հարցը ձեւակերպած հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը իրավացիորեն նկատեց, որ. «Պրն Խաչատրյանը եթե ասելիք ուներ, կարող էր ասել նիստի ժամանակ»։ Ի դեպ, դեմ քվեարկածներից միայն «Ժողովրդական պատգամավոր» խումբն էր, որը ներկայացրեց իր գնահատականը եւ փաստարկները, թե ինչից ելնելով է բացասական կարծիք հայտնում խորհրդարանական տարբերակին։ Շավարշ Քոչարյանը հանձնաժողովի պատկերը նկարագրելիս ասաց, որ «նախագահի նախագիծը կես տարուց ավելի գոյություն ունի, սակայն մինչեւ այսօր տպագրված չէ, քննարկումներից միշտ խուսափել են, այսօր առաջին անգամն է, որ ստիպված սկսում են քննարկումը»։ Ըստ Շ. Քոչարյանի, ճիշտ կլիներ խորհրդարանական լսումներ անցկացնել սահմանադրության տարբերակների քննարկման համար։ Այս ամենի մեջ Քոչարյանը շատ պարզ միտում է տեսնում. «Մարդիկ համոզված են, որ իրենց ապրանքը լավը չէ, թաքցնում են, որ վերջին պահին մի կերպ կարողանան վաճառել»։ Ինչեւէ, ժամանակավոր հանձնաժողովը երեկ սկսեց քննարկել նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ներկայացրած բարեփոխումների փաթեթը։ Այն ներկայացրեց Ա. Հարությունյանը։ Վերջինիս ներկայացմամբ իրենք աշխատել են մի շարք ուղղություններով. մարդու իրավունքների, հակակշիռների, զսպանակների եւ տեղական ինքնակառավարման վերաբերյալ։ Ըստ Ա. Հարությունյանի, Սահմանադրության մարդու իրավունքներին վերաբերող բաժնում մեթոդաբանական ճշգրտման կարիք կար՝ մարդու իրավունքները ճանաչել որպես բարձրագույն արժեք, շեշտել, որ դրանք սահմանափակիչ են իշխանության համար եւ ապահովել այնպիսի համակարգ, որտեղ մարդու իրավունքների եւ իշխանության իրավունքների համակարգում ապահովվի մարդու իրավունքների գերակայությունը իշխանության իրավունքների նկատմամբ։ Ըստ Արմեն Հարությունյանի, իրենք նպատակ են ունեցել «հստակ ուժեղացնել ԱԺ-ի դերը եւ նրա գործունեության ֆունկցիոնալ դաշտը, ուժեղացնել նրա մասնակցությունը կառավարության ձեւավորման հարցում, նրա վերահսկողական ֆունկցիաները ուժեղացնել»։ Առավել մանրամասն քննարկումներ դեռեւս կլինեն, սակայն հենց առաջին օրվանից ՀԿԿ-ն ներկայացնող Ֆրունզե Խառատյանը մի շարք լուրջ առարկություններ ներկայացրեց, որոնցից մի քանիսին նախագահի տարբերակը ներկայացնող Արմեն Հարությունյանը համաձայնեց, եւ խոստացավ քննարկումների ընթացքում նկատի ունենալ։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ