Լրահոս
Օրվա լրահոսը

Փողերը պահեք դոշակի տակ կամ

Հունվար 17,2002 00:00

Փողերը պահեք դոշակի տակ կամ Ամենալավ բանկը սեփական դոշակն է – Հարամ լինի ձեր տված փողը,- ճչացին «Կրեդիտ-Երեւանի» ավանդատուները, երբ նրանցից մեկը՝ մեծահասակ մի կին, ուշագնաց ընկավ հատակին։ Շուրջ մեկամսյա աղմկոտ հավաքներից հետո սա, այսպես կոչված, մարմնական վնասվածք ստանալու առաջին դեպքն էր ու, եթե այսպես գնա, բանկի մոտ պետք է սահմանել մշտական բժշկական հերթապահություն։ Ավելին, կրքերն այնպես են բորբոքված, որ բանկի ղեկավարությունը պետք է ուժեղացնի պահպանական ռեժիմը, որովհետեւ շուրջ 3 հազար ավանդատուներից շատ քչերն էին տեղյակ «Կրեդիտ-Երեւանի» ժամանակավոր կառավարիչ Հ. Մալխասյանի հրապարակած որոշմանը։ Ըստ այդ որոշման, առաջիկա օրերին քիչ-քիչ կմարվեն մինչեւ 1000 դոլար ավանդ ունեցողների պարտքերը, իսկ դրանից բարձր գումար ներդրողները պարտավոր են (ուզեն-չուզեն) 1 տարով երկարացնել իրենց պայմանագրերը։ Ընդ որում, նոր պայմանագրեր կնքվելու են նախորդ տոկոսադրույքների 50%-ի չափով, իսկ տոկոսադրույքների ամենամսյա վճարումներին սպասել պետք չէ՝ դրանք սառեցվում են անհայտ ժամանակով։ Երեկվանից դադարեցվեցին նաեւ բոլոր ավանդատուներին միանվագ 500-ական դոլարների վճարումները։ Կենտրոնական բանկի ներկայացուցիչն այս որոշումը բանավոր ներկայացնելուց հետո հավաքվածներին բացատրեց, որ ամեն ինչ արված է գործող օրենքի սահմաններում, եւ որ բանկը ոչ թե սնանկացել է, այլ սպասում է ներդրումների։ Ի դեպ, Հ. Մալխասյանը չգիտեր, թե երբ եւ ում կողմից կլինեն ներդրումները եւ ընդամենն ասաց, որ նախկին կառավարիչը (Մարտին Հովհաննիսյան) փողերը դրել է մասնավոր բիզնեսում ու «սկել», իսկ մոսկվացի Լյովան մտադիր չէ իր վրա վերցնել նրա վատնած գումարների փոխհատուցումը։ Ավանդատուներն այս մասին առավել քաջատեղյակ էին. ըստ նրանց, «մոսկվացի Լյովան» կամ նույն ինքը՝ «Մարկոս-Հոլդինգի» տերը, բանկը վերցրել է մեր կառավարությանը ժամանակին պարտք տված 100 միլիոն դոլարի դիմաց, եւ որ Մարտինն ընդամենը զոհն է ավելի մեծ խաղերի։ Այսպես թե այնպես, «Կրեդիտ-Երեւան» բանկի շուրջ 3 հազար ավանդատուները երեկվա որոշումից հետո արդեն իրենց գրանցեցին խաբված ավանդատուների ցանկում եւ այժմ պատրաստվում են կազմակերպված պայքար սկսել իրենց ավանդները հետ ստանալու համար։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել