Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ՋԱՐԴԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Հունվար 17,2002 00:00

ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ՋԱՐԴԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության մրցաշարերում դեռ այսպիսի բան չէր եղել։ Աշխարհի ներկայիս ուժեղագույն թենիսիստները մեկը մյուսի ետեւից դուրս են մնում հետագա պայքարից՝ ասպարեզը թողնելով ավելի թույլերին։ Այն բանից հետո, երբ հաղթողի գլխավոր հավակնորդ Անդրե Աղասին վնասվածքի պատճառով հրաժարվեց կորտ մտնելուց, իսկ առաջին տուրից հետո հանդիսականների շարքերը համալրեցին Լեյթոն Հյուիթն ու Գուստավո Կուերտենը, մասնագետներն ու մարզասերները հայացքներն ուղղեցին ռուսաստանցի Եվգենի Կաֆելնիկովի վրա՝ գրեթե համոզված լինելով, որ առաջնության ավարտին հենց նրան կհանձնվի գլխավոր մրցանակը։ Սակայն նա, ինչպես նաեւ նախնական ցուցակում հինգերորդ վարկանիշն ունեցող ֆրանսիացի Սեբաստյան Գրոսժանը, երկրորդ տուրում նույնպես անհաջողության մատնվեցին։ Ռուսաստանցի վետերանը 3։6, 5։7, 3։6 հաշվով պարտվեց Ալեքս Կիմին (ԱՄՆ), իսկ Գրոսժանը տանուլ տվեց Իսպանիայի ներկայացուցիչ Ֆրանսիսկո Կլավետին՝ 4։6, 6։3, 0։6, 7։5, 4։6։ Ասել է, թե այս անգամ Կաֆելնիկովի՝ համեմատաբար պակաս հայտնի մրցակիցն իրեն դրսեւորեց լավագույն կողմերով ու հրաշքներ կատարեց, ճիշտ չի լինի։ Պարզապես, ռուսաստանցին շատ վատ խաղաց՝ թույլ տալով բազմաթիվ մեծ ու փոքր սխալներ։ Այս հարցում Կաֆելնիկովին «չզիջեց» նաեւ Գրոսժանը։ Եվ դա խոստովանեցին երկուսն էլ։ Հետաքրքիր է, որ մրցամարտից անմիջապես հետո կազմակերպված մամուլի ասուլիսին երկու թենիսիստներն էլ երկար ժամանակ չէին կարողանում ուշքի գալ. Կիմը՝ զարմանքից, Կաֆելնիկովը՝ շոկից։ «Մեծ սաղավարտի մրցումներում ես դեռ երբեք այսքան վատ չէի խաղացել,- ասաց Կաֆելնիկովը։- Պարտվեցի բոլոր առումներով եւ հիմա պետք է անհրաժեշտ հետեւություններ անեմ»։ Ինչեւէ, սպորտը մնում է սպորտ։ Յուրաքանչյուր մարզիկ, անկախ հեղինակությունից, ճանաչման աստիճանից ու վարպետության մակարդակից, ինքն է պատասխանատու տեղի ունեցած լավ կամ վատ իրադարձության համար։ Միայն, ափսոս, որ ուժեղագույնների աննախադեպ «հունձը» Ավստրալիայի բաց առաջնության մեկնարկային փուլում ինչ-որ չափով ստվերում է մրցաշարը, թուլացնում հետաքրքրությունը հետագա ընթացքի նկատմամբ։ Ք. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել