Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ծանրամարտիկները որակազրկվեցին

Հունվար 17,2002 00:00

Հայ ծանրամարտիկները որակազրկվեցին Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ դոկտոր Թամաշ Աժանի հարցազրույցը Հունվարի 11-ին «Մեդիամաքս» գործակալությանը հայտնի դարձավ, որ չորս հայ ծանրամարտիկներ որակազրկվել են դոպինգ օգտագործելու պատճառով եւ զրկվել 2001 թ. նոյեմբերին Անթալիայում կայացած վերջին աշխարհի առաջնությունում նվաճած մրցանակներից: Հայ ծանրամարտիկներ Արսեն Մելիքյանը եւ Գագիկ Խաչատրյանը որակազրկվել են 2 տարով, իսկ Հակոբ Փիլոսյանը եւ Ռաֆիկ Չախոյանը այլեւս երբեք չեն կարողանա մասնակցել միջազգային մրցումներին: Ծանրամարտի ՀՀ ֆեդերացիայի մասնակցությունը միջազգային մրցույթներին դադարեցվել է մեկ տարով: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Օգսեն Միրզոյանն ի պատասխան հայտարարել էր, որ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայից պաշտոնական ծանուցում չի ստացել չորս հայ ծանրամարտիկների որակազրկման վերաբերյալ եւ այդ մասին որեւէ տեղեկություն չունի: Նա ասել էր, որ սպառիչ պատասխաններ կտա հունվարի 17-ին Բուդապեշտում կայանալիք Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի /IWF/նստաշրջանին մասնակցելուց հետո: Նստաշրջանի նախօրեին «Մեդիամաքս» գործակալությունը դիմեց Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի /IWF/ նախագահ Թամաշ Աժանին /Հունգարիա/՝ մեկնաբանություններ ստանալու խնդրանքով: – Ինչո՞ւ է հայ ծանրամարտիկների որակազրկման մասին որոշումը ընդունվել Անթալիայում աշխարհի առաջնությունից երկար ժամանակ անց: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը հայտարարել է, որ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայից պաշտոնական ծանուցում չի ստացել հայ ծանրամարտիկների որակազրկման վերաբերյալ եւ այդ մասին ոչինչ չգիտի: – Աշխարհի առաջնությունը ավարտվել էր 2001-ի նոյեմբերի 11-ին: Մեզի նմուշները վերցվել եւ անալիզի էին ենթարկվել Միջազգային օլիմպիական կոմիտեի լաբորատորիայում: Թեստերի պատասխանները ստացվել են նոյեմբերի վերջին: Նկատի ունեցեք, որ անալիզներ անցկացնող լաբորատորիայի աշխատակիցները չգիտեն, թե ո՞ւմ են պատկանում նմուշները, նրանց հայտնի են միայն դրանց հերթական համարները: Արդյունքները ներկայացվում են IWF, եւ միայն մենք գիտենք՝ ո՞ւմ է պատկանում այս կամ այն նմուշը: Երբ պարզվեց, որ չորս հայ մարզիկների թեստերի արդյունքները դրական են, մենք անմիջապես տեղեկացրինք ՀՀ ֆեդերացիային՝ մեկ տարով իր միջազգային անդամակցության դադարեցման եւ չորս ծանրամարտիկների որակազրկման մասին: Որպեսզի համոզվենք, որ թեստերի արդյունքներում սխալներ չկան, դեկտեմբերի վերջին մենք պատվիրեցինք B նմուշների անալիզ, որը հաստատեց A նմուշների դրական արդյունքը: – Հայաստանում ոմանք քաղաքական աստառ են տեսնում կատարվածի մեջ՝ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ, եւ, այդ իսկ պատճառով, ասում են նրանք, թուրք փորձագետները, որոնք անց էին կացրել դոպինգ-ստուգումը, կարող էին նենգափոխել դրա արդյունքները: – Այդ ենթադրությունը բացարձակապես սխալ է: Դոպինգ-ստուգման անցկացմանը չի մասնակցել ոչ մի թուրք փորձագետ: Բոլոր թեստերը վերցրել են IWF-ի Բժշկական կոմիտեի անդամները եւ դրանք անալիզի են ենթարկվել Միջազգային օլիմպիական կոմիտեի լաբորատորիայում՝ Գերմանիայում: – Արդյո՞ք IWF-ի որոշումը վերջնական է: – Որոշումը վերջնական է: Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ IWF-ի Գործադիր կոմիտեի անդամների մեծ մասը, հաշվի առնելով հայ ծանրամարտիկների դրական թեստերի մեծ քանակը, հանդես էին գալիս Հայկական ֆեդերացիայի միջազգային անդամակցությունը երկու տարով դադարեցնելու օգտին: Սակայն, օգտվելով իմ իրավունքներից, եւ հաշվի առնելով ծանրամարտի հայկական դպրոցի ավանդույթները եւ հեղինակությունը, ես կրճատեցի այդ ժամկետը մինչեւ մեկ տարի: Ես սպասում եմ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի եւ Ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարների հետ հանդիպմանը, ուր կպահանջեմ հստակ երաշխիքներ, որ նման խնդիրներ այլեւս երբեք չեն ծագի: – Ի՞նչ է ենթադրվում Ծանրամարտի հայկական ֆեդերացիայի միջազգային անդամակցության դադարեցման տակ: Արդյո՞ք դա նշանակում է, որ մեկ տարվա ընթացքում հայ ծանրամարտիկները չեն կարողանա մասնակցել միջազգային մրցումներին: – Այո, հայ ծանրամարտիկները չեն կարող մասնակցել միջազգային մրցումներին մինչեւ 2002 թվի նոյեմբերի 11-ը: ՄԵԴԻԱՄԱՔՍ հատուկ «Առավոտի» համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել