Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ ՄՆԱԼ ՔԱՂԱՔԱՊԵՏ»

Հունվար 17,2002 00:00

«ԵՍ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ ՄՆԱԼ ՔԱՂԱՔԱՊԵՏ» Գրեթե դասականներից արված մեջբերումներով ավելի բարձր պաշտոնի անցնելու պաշտոնապես չարված առաջարկը երեկ պաշտոնապես մերժեց Երեւանի քաղաքապետը։ Հետաքրքիր զուգադիպությամբ աշխատանքային տարվա ամփոփումը համընկավ քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարվա հետ՝ Ռոբերտ Նազարյանը քաղաքապետ նշանակվեց 2001թ. հունվարի 11-ին։ Եվ պրն Նազարյանի երեկվա ասուլիսը նվիրված էր այս մեկ տարում քաղաքապետարանի կատարած աշխատանքների ամփոփմանը։ Չնայած զբաղեցրած բոլոր պաշտոններից ամենածանրն ու անշնորհակալը Ռ. Նազարյանը համարում է քաղաքապետի պաշտոնը, բայց. «անկեղծ եմ ասում՝ չեմ գնա, ես այստեղ ինձ լավ եմ զգում։ Այլ բան է, եթե հանկարծ դուք որոշեք, որ ես լավ չեմ աշխատում, դրա արդյունքում հանեն՝ ոչինչ, բայց եթե առաջ պիտի տանեն, նշանակում է՝ վատ չեմ աշխատում՝ չեմ ուզում գնալ։ Ամբողջ էությամբ՝ մտքով, հոգով, ինձ նվիրել եմ այն մտքին, որ ամբողջ 2002թ. դեռ պիտի աշխատեմ։ Ծրագրեր ենք կազմում։ Անձնապես խոր ցավ կզգամ, եթե ինձ առաջարկեն որեւէ այլ տեղ աշխատել, որովհետեւ այս մեկ տարվա աշխատանքի արդյունքում նոր հասկացա՝ Երեւանի քաղաքային տնտեսությունն իրենից ինչ է ներկայացնում, ինչ կարելի է անել»։ Քաղաքապետի պաշտոնը «ծանր» է նաեւ նրանով, որ եռակի վերահսկողության տակ է. «Մի կողմից՝ ձեր (լրագրողների- Մ.Բ.), մի կողմից՝ ժողովրդի, մյուս կողմից՝ վերադասի։ ձւՏՊ անելու տեղ չունեմ»,- նեղսրտում էր ամենավերադասի անվանակիցն ու թվարկում իր արածն ու չարածը, չմոռանալով պարբերաբար համեստորեն ավելացնել՝ «թող այդ մասին երեւանցիները դատեն»։ Սակայն տարիներ շարունակ, չինովնիկական պաշտոններ զբաղեցրած մարդուն հատուկ զգուշավորությամբ, ինքն իրեն ապահովագրում էր այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում էր ստվերայնությանը, հիմնականում մտքերն ավարտելով՝ «ես ամեն ինչ կանեմ, որ այդ թերացումներն ուղղվեն, բայց բոլորս գիտենք, որ այդ ամենը միանգամից չի լուծվի» փրկարար նախադասությամբ։ Խոսքը մասնավորապես վերաբերում է հասարակական տրանսպորտի ոլորտում առկա խոշորամասշտաբ ստվերայնությանը, չհարկվող գումարներին։ «Մեր կատարած աշխատանքները տվեցին բաղձալի արդյունք, թվով 930 մեքենա բերեցինք հարկային դաշտ, դրա արդյունքում ապահովեցինք 193 մլն դրամից ավելի մուտքային մաս, քան 2000-ին։ Այս տարի շարունակելու ենք։ Ստվերում գործող տրանսպորտային միջոցները բերելու ենք հարկման դաշտ՝ ՊԵՆ-ի եւ ՆԳՆ-ի օգնությամբ։ Բնականաբար, բոլորին հնարավոր չի լինելու, բայց մեղմելու ենք խնդիրը, որակ կկազմի»։ Գրեթե նույն իրավիճակն է մեկ այլ, ավանդաբար «փողոտ» բնագավառում. գերեզմանների համար տարածքներ հատկացնելը բավականին եկամտաբեր, միեւնույն ժամանակ՝ միանշանակորեն ստվերային բիզնես է դարձել։ Այս ոլորտը «հարկման դաշտ բերելու» հարցում էլ քաղաքապետը վերապահումներ ուներ. «Մենք այդ բնագավառը պարտավոր ենք վերահսկել եւ վերահսկում ենք, բայց արատավոր երեւույթներ, իհարկե, կան (խոսքը գերեզմանի տարածք տրամադրելու համար ապօրինաբար գանձվող հարյուրավոր, երբեմն՝ հազարների հասնող դոլարների մասին է- Մ.Բ.)։ Ես դա չեմ կարող բացառել։ Ես այդ բնագավառի պատասխանատուներին զգուշացրել ու զգուշացնում եմ։ Բնակիչներն իրենք են նպաստում այս երեւույթի պահպանմանը, թող հասցեատիրոջով, փաստերով ասեն, մենք պատժամիջոցներ կկիրառենք։ Նախորդ տարի որոշ մարդկանց պատժեցինք, պաշտոնազրկեցինք, բայց դա այնպիսի երեւույթ է, որ եթե ասեմ՝ այս տարի կվերացնեմ, ճիշտ չի լինի, ինքնախաբեություն կլինի։ Կան նաեւ ապօրինի թաղումներ՝ սահմաններից դուրս։ Այս տարի պիտի աշխատենք այդ ոլորտն էլ որոշակի ձեւով շտկելու վրա»։ Ճարտարապետության եւ քաղաքաշինության ասպարեզներում եւս բավականին հարցեր կան լուծելու եւ այս բնագավառին վերաբերող թվերն ու տվյալները հիմնականում մոտ ապագային էին վերաբերում։ Մասնավորապես քաղաքապետը խոստացավ, որ 2004-ին պատրաստ կլինի Երեւանի նոր գլխավոր հատակագիծը, որ փետրվարին իրենց երկար սպասված բնակարանների բանալիները կստանան Քոչար-Վաղարշյան եւ Կուզնեցով-Սպորտինտերնի փողոցների հատումներում կառուցվող 4 շենքերի թվով 192 ընտանիքները։ Սկսվել են Հյուսիսային պողոտայի կառուցապատման առաջին քայլերը։ Շատ ավելի գայթակղիչ էր քաղաքապետի մյուս խոստումը՝ 2004-ին Երեւանի բոլոր թաղերում կլինի 24-ժամյա ջրամատակարարում, թեեւ դրան հասնելու համար հարկավոր են «ռադիկալ փոփոխություններ՝ սկսած հաշվիչների տեղադրումից յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտի եւ ֆիզիկական անձի համար, որպեսզի ջրամատակարար-ջուր սպառող հարաբերություններում պարզեցում մտցվի»։ Իսկ դա առավել քան հրատապ է, քանզի ջրամատակարարման դիմաց վճարումների ցածր մակարդակի պատճառով, ԵրՋԿԸ-ն այսօր էներգետիկներին պարտք է 10 մլրդ դրամ։ Բավականին մեծ պարտքեր ունի նաեւ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մեկ այլ ընկերություն՝ «Ջերմային տնտեսությունը»՝ գազի դիմաց մոտ 5 մլրդ դրամի եւ էլեկտրաէներգիայի դիմաց 112 մլն դրամի պարտք։ Էներգետիկներին պարտք է նաեւ էլեկտրատրանսպորտի բնագավառը. «Էլեկտրատրանսպորտն ընդհանրապես վնասաբեր ոլորտ է, 860 մլն դրամ պարտք ունենք եւ ամեն ամիս եւս 30 մլն դրամ ավելանում է։ Տրանսպորտի այդ միջոցից օգտվողների հիմնական մասը արտոնություններ ունի, չի վճարում։ Նրանց համար դոտացիա պիտի ստանայինք, բայց 2000, 2001թթ. չստացանք, ու, չնայած իմ առաջարկներին, այս տարվա բյուջեի քննարկումների ժամանակ էլ դա հաշվի չառան։ Եվ եթե մի օր ստիպված լինենք հրաժարվել էլեկտրատրանսպորտից, պատգամավորներն ինձ են քննադատելու»,- ասաց Ռ. Նազարյանը։ Պրն քաղաքապետը լիքը-լիքը փաստերի ու թվերի տարափի տակ երբեմն-երբեմն ընկնում էր ռոմանտիկ զեղումների մեջ։ Խոսելով քաղաքի արտաքին լուսավորությունից, նշելով, որ քաղաքային նշանակության 57 եւ թաղային նշանակության 9 փողոցներում վերականգնվել է արտաքին լուսավորությունը, նա հիշեց. «Երեկոյան Երեւանն ենք մեր երգերում գովերգել։ Խավարի տարիներին կորցրել էինք երեկոյան Երեւանի հմայքը, այդ պատճառով խնդիր դրեցինք վերականգնել լուսավորությունը»։ Պակաս ռոմանտիկ չէր նաեւ նրա հայտարարությունը, որ «2002թ. հայտարարվել է բակային տարի»։ Բակայինը՝ չգիտեմ, բայց ինչ-որ իմաստով նաեւ «փողոցային տարի» կլինի 2002-ը, քանի որ մինչեւ տարեվերջ Լինսի հիմնադրամի միջոցներով (7 մլն դոլարի չափ գումարով) կնորոգվեն քաղաքի մի շարք կարեւորագույն փողոցներ, կստանան «նոր եւ անճանաչելի տեսք»։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել