Լրահոս
Օրվա լրահոսը

Չեն ուզո՞ւմ վատամարդ լինել

Հունվար 17,2002 00:00

Չեն ուզո՞ւմ վատամարդ լինել Կարելի է ենթադրել, որ անտեղի չէր Շենգավիթի թաղապետարանի քարտուղար Արբակ Աբրահամյանի՝ մեր թերթին օրերս հայտնած մտահոգությունը, թե չի բացառվում, որ, ասենք, մանկապարտեզում աշխատանքի ընդունվի ինչ-որ «ռեցիդիվիստ», որովհետեւ չկան տվյալ կադրի մասին համապատասխան տվյալներ տրամադրող որեւէ մարմին եւ կադրերի ընտրության չափորոշիչներ։ Կրթության եւ տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքները, ինչպես նաեւ նախագահի երկու հրամանագրերը նախադպրոցական հիմնարկների կադրերի ընտրության եւ նշանակման բոլոր իրավասությունները թողել են համայնքների վրա։ Բացի դրանից, ինչպես տեղեկացանք Կրթական բարեփոխումների կենտրոնի տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանից, մանկապարտեզները դուրս են մնացել լիցենզավորվող կառույցների շարքից։ Մինչդեռ, ըստ Վ. Մարտիրոսյանի՝ լիցենզավորման գործընթացը թույլ կտար ունենալ որոշակի վերահսկման մեխանիզմներ ե՛ւ բովանդակային, ե՛ւ կադրային առումով, ինչն այսօր բացակայում է։ Նախադպրոցական հիմնարկների կադրերի ատեստավորման հարցը եւս կարելի է ցավոտ համարել։ Կրթական բարեփոխումների կենտրոնի տնօրենի հավաստմամբ, «ընդհանրապես նախադպրոցական հաստատությունների կադրերի ատեստավորում, որպես այդպիսին, չի էլ եղել»։ Եղել են միայն ուսուցիչների ատեստավորման որոշակի փուլեր, որոնք այժմ չկան եւ «մտածում ենք նրանց ատեստավորման նոր համակարգ մշակելու մասին»։ ԿԲԿ-ի տնօրենի ներկայացրած տվյալների համաձայն, ներկայումս նախադպրոցական հաստատություններում աշխատում է շուրջ 6934 մանկավարժ, որից 4866-ը դաստիարակ է, 844-ը՝ տնօրեն, մնացածը սպասարկող անձնակազմն է։ Ընդհանուր կրթական ցենզի առումով մանկապարտեզների աշխատակիցների 92,6%-ը ունի բարձրագույն կրթություն, իսկ 7,4%-ը մասնագետ չէ։ Վ. Մարտիրոսյանի կարծիքով, ատեստավորումը այն օպտիմալ տարբերակը չէ, որի շնորհիվ հնարավոր լիներ ազատվել ոչ մասնագետ կադրերից։ Այլ խնդիր է, եթե այն դիտարկվում է մանկավարժական կադրերի որակական դիմանկարը ճշտելու նպատակով։ Վ. Մարտիրոսյանին հատկապես զայրացրեց այն հանգամանքը, որ ատեստավորման դրոշ պարզած համայնքներն ընդամենը ուզում են ունենալ ինչ-որ գործիք, որ իրենց ապահովագրի ավելորդ գլխացավանքից եւ «իրենք առանց վատամարդ լինելու կարողանան ազատվել ոչ ցանկալի կադրերից»։ «Ատեստավորում միշտ էլ կարելի է անել, եթե խնդիր է հետապնդվում ավելորդ աշխատուժից ազատվել։ Համայնքներն իրենք էլ կարող են այն իրականացնել՝ առանց որակական չափանիշներ կիրառելու։ Դրա համար կա աշխատանքային օրենսգիրք, կա թոշակային տարիք։ Եվ եթե համայնքը վերցրել է նախապատրաստական հաստատությունների պատասխանատվությունն իր վրա, ուրեմն պարտավոր է կիրառել պետական մոտեցում՝ առանց մտածելու, թե մի մանկապարտեզում 2 հոգի կարող են նեղանալ»,- հայտարարեց նա։ Ըստ Վ. Մարտիրոսյանի՝ հարցի լուծման քաղաքակիրթ ճանապարհներից մեկն այն է, որ ԿԳ նախարարությունը, որպես կրթության պատասխանատու կառույց, «դուրս գա հաստատության վրա», այսինքն պահանջներ ներկայացնի տվյալ հաստատությանը։ Ըստ նրա, ԿԳ նախարարությունը, մարզային եւ համայնքային կառույցները պիտի ներկայացնեն որոշակի պահանջներ տվյալ կրթական հաստատությանը։ Եվ համայնքը պիտի կայացնի իր որոշումը, եթե, ասենք, որեւէ մանկապարտեզում կրթական ծրագրի որեւէ բաղադրիչը որեւէ մասով չի գործել։ Ու խնդիրը կկարգավորվի, եթե վերջինս իր կադրին ուղարկի վերապատրաստման, ազատի աշխատանքից կամ դիմի համապատասխան մարմիններին՝ կադրերի գնահատման խնդրով։ Այս ամենը դեռեւս բարի ցանկություն է ու ցավալի է, որ մոտ ապագայում ոչ իրագործվելիք։ Մանկապարտեզները դեռեւս կշարունակեն ուռճանալ ծանոթ-բարեկամ եւ ոչ մասնագետ կադրերի հաշվին (Վ. Մարտիրոսյանը չժխտեց, որ որոշ հաստատություններում 1/4 հաստիքով աշխատող կադրեր էլ կան), քանի որ համայնքներում գործում են թաղային «օրենքներ», իսկ ԿԲԿ-ի տնօրենի բառերով՝ «նախադպրոցական հաստատությունների կառավարման պարագայում օրենսդրական շփոթ կա»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել