Լրահոս
Օրվա լրահոսը

Հարված թիկունքից

Հունվար 17,2002 00:00

Հարված թիկունքից Հայաստանի հազվագյուտ ու անգնահատելի բնական հարստություններից է Արարատյան որդան կարմիրը, որի համբավը որպես կայուն կարմիր ներկի հումք, գալիս է դարերի խորքից։ Խոսուն վկայությունը միջնադարյան հայկական ձեռագրերն են, որոնք առայսօր պահպանում են գույների թարմությունն ու հմայքը։ Որդան կարմրից ստացվող վառ կարմիր ներկը՝ կարմինը, տնտեսական ու արդյունաբերական կարեւոր նշանակություն է ունեցել Հայաստանի համար։ Որպես էկոլոգիապես մաքուր ու անվնաս բնական նյութ, կարմինը ներկայումս էլ կարող է ունենալ բացառիկ կարեւոր նշանակություն արդյունաբերության տարբեր բնագավառների համար, առողջապահության, սննդի ոլորտներում եւ այլն։ Արարատյան որդան կարմիրը Արարատյան դաշտի այնպիսի տեսակ է, որ երկրագնդի վրա հանդիպում է միայն մեզ մոտ՝ Հայաստանում եւ դեռեւս ոչ շատ վաղ անցյալում զգալի տարածքներ էր զբաղեցնում։ Այն բացառապես աղուտային հողերում ապրող միջատ է։ 1972թ. տվյալներով, 11000 հա աղուտներից միայն 3000 հա-ի վրա է գրանցված եղել։ Դրանից մեկ-մեկուկես տասնամյակ անց որդան կարմիրի բնակավայրերը կրճատվել են ավելի քան 1000 հեկտարով, այնուհետեւ այդ գործընթացը շարունակվել է ավելի մեծ ինտենսիվությամբ, վտանգի տակ դնելով այդ արժեքավոր կենդանու՝ հայկական հողի ֆենոմեններից մեկի հետագա գոյությունը։ Դրությունը փրկելու, ինչպես նաեւ բնական ներկանյութի հումքի տնտեսական կարիքների հետագա բավարարման համար Հայաստանի Հանրապետությունը 1971թ. հանձնարարում է Գիտությունների ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտին կատարել բազմակողմանի գիտական հետազոտություն, ինչն արվում է բարձր մակարդակով, նախանշելով հետագա գիտագործնական աշխատանքները։ 1978թ. Գիտությունների ակադեմիայի առաջարկությամբ միջատի առավել խիտ բնակեցված տարածքներից երկուսում հիմնվում են Արարատյան որդան կարմիրի արգելավայրերը՝ 217 հա ընդհանուր մակերեսով։ Արգելավայրերը գտնվում են Արմավիրի մարզի Ջրառատ (17 հա) եւ Արազափ (200 հա) գյուղերի մերձակայքում։ Արգելավայրերի պահպանությունը, ի թիվս մի շարք այլ հատուկ պահպանվող տարածքների, դրված է բնապահպանության նախարարության Արգելոցապարկային համալիրի վրա։ Որդան կարմիրի գոյատեւման հույսը կապված է այդ արգելավայրերի հետ։ Սակայն ներկայումս արգելավայրերը հայտնվել են ծանր վիճակում։ Վերջին մի քանի տարվա ընթացքում կտրուկ փոխվել է բուսածածկը, նվազել միջատի կերաբույսերի՝ որդանախոտի եւ եղեգի քանակը։ Բուսածածկում գերիշխող են դարձել բույսեր, այլ խմբավորումներ, որոնց ճնշման ներքո հյուծվում, մասսայաբար շարքից դուրս են գալիս որդանի կերաբույսերը։ Արարատյան որդան կարմիրի պոպուլյացիայի բնականոն կենսագործունեության միջավայրի՝ գլխավորապես համապատասխան բազմամյա բուսական համակեցության վերականգնումը բնական էկոհամակարգերում շատ ավելի բարդ է, ծախսատար ու ռիսկային, քան խնամքի ու բարելավման ընթացիկ աշխատանքների կատարումը։ Ստեղծված անմխիթար իրավիճակը, որում հայտնվել են որդանի արգելավայրերը, հետեւանք են անլուրջ կադրային քաղաքականության արդյունքում ստեղծված բարձիթողի վիճակի, տրամադրված ֆինանսական սուղ միջոցների ոչ նպատակային ծախսման։ Հզոր գիտական ներուժի ու նյութատեխնիկական անհրաժեշտ բազայի առկայության պայմաններում չի ձեռնարկվում որեւէ միջոցառում, որը կնպաստի բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը։ Անիրազեկության, իրավիճակին չտիրապետելու հետեւանքով ողջ համալիրը գործում է տարերայնորեն՝ չունենալով կանոնադրություն։ Տարիներ շարունակ չեն իրականացվում մոնիտորինգի, արգելավայրային ռեժիմի մշակման ու իրականացման աշխատանքներ։ Վերջինիս հետեւանքները աչքի են զարնում առաջին իսկ հայացքից։ Մասնավոր դիտարկումների հիման վրա հնչած ահազանգերը, ինչպես նաեւ մշակված հանձնարարականներն անտեսված են, մատնված անտարբերության։ Նման թեթեւամիտ, անտարբեր ու ոչ պետական գործելակերպի հետեւանքով կարող ենք կորցնել մեր ազգային հարստություններից այս մեկը եւս։ ՋՈՒԼԻԵՏԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Կենսաբանական գիտությունների թեկնածու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել