Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎՏՈՄԱՏՈՎ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հունվար 17,2002 00:00

ԱՎՏՈՄԱՏՈՎ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ Որ մեր երկրում տնտեսության նույնիսկ չնչին եկամտաբերությամբ բոլոր ոլորտները խմբավորված են ու որ յուրաքանչյուր խումբ մի ապահով «տանիք» ունի, ակնհայտ է։ Այս պայմաններում մրցակցության մասին խոսք անգամ չի կարող լինել եւ, ցավոք, նույնիսկ դժվար է փորձ անել այդպիսի ոլորտներում գործունեություն սկսել։ Դրա համար է, որ գործ սկսելու քիչ թե շատ ցանկություն եւ հնարավորություն ունեցող շատ ձեռներեցներ նախընտրում են դա անել հայրենիքից դուրս։ Բայց մեկ-մեկ էլ պատահում է, որ ձեռնոց են նետում զանազան կլաններին ու որոշում իրենց երկրում տնտեսական գործունեություն ծավալելու իրավունքն իրացնել։ Այդպես վարվեց նաեւ պետական հանրախանութի (ԳՈՒՄ) տնօրինությունը՝ դեկտեմբերի 20-ից այստեղ տոնավաճառ բացելով։ Ընդ որում, գործի սկիզբը հաջող է լինում. միանգամից վարձակալվել են գրեթե բոլոր վաճառասեղանները։ Առեւտրականների հետ զրույցից դատելով, այստեղ ոչ միայն վարձավճարներն են մատչելի, այլ նաեւ նրանք ղեկավարների կողմից արժանացել են մարդկային վերաբերմունքի։ Նոր գործ սկսելու բոլոր բարդությունները, «Առավոտի» հավաստի տեղեկություններով, հաջողել էր հաղթահարել ԳՈՒՄ-ի փոխտնօրեն Նորիկ Թորոսյանը, որը Գժոյանների հայտնի գերդաստանից է եւ «գողական աշխարհում» հարգանք է վայելել։ Ամենատարբեր շրջանակներից Թորոսյանի մասին հակասական կարծիքներ արտահայտեցին, նշելով նաեւ, որ հանգիստ, աշխատող, ինտելիգենտ մարդ էր։ Որքան հայտնի է դարձել «Առավոտին», «Փեթակ» տոնավաճառի մի շարք առեւտրականներ, դժգոհելով ղեկավարությունից, ցանկություն են հայտնել տեղափոխվել ԳՈՒՄ-ի տոնավաճառ, եւ փոխտնօրենն ընդունել է նրանց։ Փոխտնօրենը, որովհետեւ փաստացի նա էր ղեկավարում այդ կառույցը։ Իսկ «Փեթակի» սեփականատերը, համաձայն «ժողովրդական բանահյուսության», ոչ միայն ղարաբաղցի է, այլ նաեւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հորաքրոջ որդին է։ Մի օր (ավելի կոնկրետ՝ հունվարի 10-ին) հայտարարվեց Նորիկ Թորոսյանի՝ ավտոմատով կատարված, սպանության մասին։ Նրա սպանության դրդապատճառների եւ բուն հաշվեհարդարի վերաբերյալ «Առավոտին» հասած վարկածներից մեկն այն է, թե «Փեթակի» տիրոջը (կամ տերերին) դուր չի եկել իրենից դժգոհ առեւտրականներին աշխատանքի երկրորդ շանս տալու Ն. Թորոսյանի քայլը, այդ պատճառով էլ հաշվեհարդար է տեսել։ Գործը քննում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազությունը։ Համայնքների դատախազ Վահրամ Շահինյանից ճշտեցինք, որ քննչական խումբը մշակել է նաեւ այս վարկածը, «ինչպես նաեւ համանման վարկածներ»։ Դատախազը հրաժարվեց էական տեղեկատվություն տրամադրել, նշելով, որ շատ բան կպարզվի փորձաքննական եզրակացությունները ստանալուց հետո։ Երեկ գործում էր ԳՈՒՄ-ի տոնավաճառը։ Այնտեղ, իրոք, «Փեթակից» տեղափոխված առեւտրականներ էին աշխատում։ Նրանց տեղը վաճառականներից իմանալով, «Առավոտը» հարցուփորձի միջոցով պարզեց, որ մի մասն, իրոք, նեղացած ու վիրավորված է հեռացել նախկին աշխատավայրից։ Առեւտրականներից մի քանիսը (որոնց նույնիսկ տարիքը եւ սեռը հասկանալի պատճառներով չենք նշում) որպես իրենց տեղափոխման պատճառը նշեցին «Փեթակի» տնօրինության կոշտ վերաբերմունքը. «Գինը (տեղի վարձավճարի չափը) սա է, սա էլ («Փեթակը») իմ տունն է, ուզում եք՝ մնացեք, չեք ուզում՝ գնացեք»։ Նրանց խոսքերով, ոչ մի փոխզիջման չի գնում «Փեթակի» տնօրինությունը։ Տեղափոխվածներից մեկն էլ ասաց, որ ոչ մի խնդիր էլ չկա, պարզապես տրանսպորտային պրոբլեմների պատճառով է տեղափոխվել։ «Փեթակի» տնօրինությունից ոչ ոք չցանկացավ պարզաբանումներ տալ «Առավոտի» հարցերին։ Գործավարուհու պահած խոսափողից միայն լսվեց. «Ասա տեղում չի»։ Գուցե հենց այս բառերը տնօրենը չասաց, բայց այդպես թվաց։ Դժբախտ դեպքի հետ կապված ՊՀԽ-ի ադմինիստրացիայից էլ չհաջողվեց որեւէ բան պարզել։ Գուցե այս վարկածը չէ իրականը, այլ «Առավոտին» հասած վարկածներից մեկ ուրիշը, բայց բազմիցս արդեն ապացուցվել է, որ Հայաստանում կլանները տնտեսական մրցակցություն չեն հանդուրժում եւ հարմար քաղաքական իրավիճակում ընդունված եւ չընդունված մեթոդներով դաշտից դուրս են մղում անցանկալի կամ արդեն «անտանիք» մրցակցին։ Այս վարկածը թեեւ տարբեր առումներով խելքին մոտ է, բայց նախադեպերը (երբ նախագահի հետ որեւէ առնչություն ունեցող որեւէ հանցագործության բացահայտումը «լղոզվում է») նկատի ունենալով, կարելի է ենթադրել, որ քննչական խումբը չի հաստատի այն։ Այստեղ առավել հետաքրքիրն այն է, թե քննիչները հատկապես ինչ ապացույցներով են այս վարկածը հերքելու։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել