Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՐԵՄՆ Ո՞Վ ԷՐ ԿՈՒՅՍԸ

Հունվար 17,2002 00:00

ՈՒՐԵՄՆ Ո՞Վ ԷՐ ԿՈՒՅՍԸ Առիթ ունեցել ենք նշելու, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով նախաքննության մարմինը, տարածված կարծիքին հակառակ՝ ահաբեկչության կազմակերպման մեջ ոչ թե նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղսակցության ապացույցներն էր փորձել գտնել կամ ստեղծել, այլ ավելի շատ նրա քաղաքական հակառակորդների, ասենք՝ Սամվել Բաբայանի եւ Վանո Սիրադեղյանի։ Վերջինիս եւ Առաքել Մովսիսյանի (Շմայսի) ու նրա եղբոր՝ Մուշեղ Մովսիսյանի փոխհարաբերությունները պարզելու հանձնարարականի մասին արդեն հիշատակել ենք։ Այժմ հավելենք, որ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը ՆԳՆ Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հրաչյա Հարությունյանին 1999 թ. դեկտեմբերի 1-ին խնդրել էր ձեռնարկել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելու, թե ի՞նչ հարաբերությունների մեջ են Ալեքսան Հարությունյանն ու Վանո Սիրադեղյանը, ո՞ր տարիներին են ծանոթացել, 1999 թ. սեպտեմբեր-հոկտեմբերին հանդիպե՞լ են իրար։ Գնդապետ Հրաչյա Հարությունյանն էլ 2000 թ. փետրվարի 4-ին պատասխան գրությամբ տեղեկացրել էր. «Համաձայն ձեռք բերված օպերատիվ տեղեկությունների, Վանո Սիրադեղյանն Ալեքսան Հարությունյանի հետ մտերմացել է դեռեւս վերջինիս Ֆրանսիայում ՀՀ դեսպանատանը աշխատելու ժամանակ։ Հետագայում այդ հարաբերությունների արդյունքում Վանո Սիրադեղյանը մասնակցել է Ա. Հարությունյանի պսակադրությանը եւ եղել նրա հարսանիքի քավորը»։ Առնվազն վերջին տեղեկությունը, որ ձեռք էր բերվել 2 ամսվա «տքնաջան» աշխատանքի արդյունքում, բացարձակ սուտ է։ Վայ մեզ, եթե այս է մեր օպերատիվ-հետախուզական ծառայությունների մակարդակը։ Ի դեպ, Ալեքսան Հարությունյանին «ստի դետեկտորով» ստուգման ժամանակ հարցեր էին տվել նաեւ Վանո Սիրադեղյանի մասին։ Եվ նախագահի խորհրդականը հաստատել էր, թե նախկինում մտերիմ փոխհարաբերություններ է ունեցել ՀՀՇ ղեկավարի հետ։ Սակայն հերքել էր, թե Սիրադեղյանի հետ խոսել է ահաբեկչության նախապատրաստման մասին, կամ նա դրա կազմակերպիչն է։ Իզուր չփնտրեք՝ պոլիգրաֆ որեէ հետազոտման ժամանակ որեւէ մեկին հարց չեն տվել Ռոբերտ Քոչարյանի առնչակցության մասին, չկան նաեւ նախագահի առնչությամբ օպերատիվ գործողություններ ձեռնարկելու հանձնարարականներ։ Եվ դեռ իշխանամետ լրատվամիջոցները բողոքում են, թե ինչու Զինդատախազությանը չի հետաքրքրել Սիրադեղյանը՝ «Մի՞թե Վանոն կույս էր»։ Թերեւս Զինդատախազությունը հաշվի էր առել, որ ըստ Կենդանակերպի Ռոբերտ Քոչարյանն է «կույս», ուստիեւ վեր է կասկածներից։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել