Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ

Հունվար 17,2002 00:00

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ Օրերս ինչ-որ առիթով ընդունելություն էի խնդրել քաղաքապետի մոտ: Քաղաքապետարան մտնելիս կամա թե ակամա ուշադրություն ես դարձնում, որ ԽՍՀՄ փլուզումից ի վեր այդ շենքը երեւի թե չի վերանորոգվել՝ կանաչ յուղաներկ պատեր են, գունաթափ սպիտակ դռներ, մաշված գորգեր: Հասկանալի է. եթե նույնիսկ միջոցներ էլ գտնվեն եւ վերանորոգում նախաձեռնվի, կչարախոսեն, թե քաղաքի բյուր կարիքների մեջ սեփական հարմարավետությունն են հոգում: Հետո մտածեցի, իսկ եթե վերանորոգեն եւ նույնքան անճաշակ ստացվի, որքան Կառավարության տան սեխագույն պատերը, ճերմակ պատուհաններն ու գորշ երանգի դռները… Արդեն չորրորդ հարկում էի, ուր գտնվում է քաղաքապետի ընդունարանը: Շտապում էի, բայց ուշադրությունս գրավեց պատին փակցված ապակեպատ, փայտե շրջանակով գրություն-լուսանկարների ինչ-որ շարք: Վերջին երկուսը հասցրեցի նայել՝ Սուրեն Աբրահամյան՝ լուսանկարն էր եւ «Ծնվել է… Սովորել է…»: Պարզ էր՝ կենսագրությունն է: Հաջորդը՝ Ալբերտ Բազեյան: Շտապում էի, այլապես կանգ կառնեի: Անշուշտ ոչ հատկապես քաղաքապետների հանդեպ հարգանքից, առավել եւս Բազեյանի: Այլ սեփական անցյալը ժառանգելու, հիշելու ու ապագային փոխանցելու այս ակցիայի տպավորությունից: Վերջապես գոնե Երեւանում հեղափոխությունն ավարտվեց: Պատին փակցված հուշաթերթերով անուն առ անուն, առանց կրքի ու հիշաչարության հիշվում են բոլորը, ովքեր ղեկավարել են մեր «դարե կարոտն ու քարե նազանքը» տասնամյակներ շարունակ՝ 1917-ից մինչեւ այսօր: Հավանաբար որպես քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը բազմաթիվ թերություններ ունի: Բայց անցյալի հանդեպ իր վերաբերմունքում նա ակներեւաբար հրաժարվել է մերժողական գործելակերպից: Մնում է միայն սպասել, թե երբ հեղափոխության՝ անցյալը մերժող ու ներկան ավերող շունչը կմարի նաեւ նախագահական պալատում: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել