Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ձախերն» ընտրարշավն արդեն սկսել են

Հունվար 17,2002 00:00

«Ձախերն» ընտրարշավն արդեն սկսել են Երեկ «Սոցիալիստական Հայաստան» միավորման անդամ վեց կուսակցությունների ղեկավարները, ովքեր այսօր ներկայացնում են նաեւ հիշյալ Միավորման քաղաքական խորհուրդը, համատեղ ասուլիս էին հրավիրել: Հիմնական ասելիքն այն էր, որ Հայաստանի ներքաղաքական դաշտում «ձախերի» միավորումն արդեն փաստ է եւ, մնում է, որ այդ միավորումը համալրեն նաեւ այլ՝ սոցիալիստական եւ սոցիալիստամետ ուժեր: Առայժմ տեղեկություններ կան, որ այդ Միավորման մեջ ընդգրկվելու պատրաստակամության մասին կիսաձայն եւ բանավոր հայտարարություն է արել նաեւ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը: Երեկ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սոցիալիստական Հայաստանի» ներկայացուցիչները լրատվամիջոցների ներկայացուցիչների բազմաբնույթ հարցերին պատասխանելուց հետո հրապարակեցին, այսպես կոչված, Վեցյակի՝ Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն, «Հայրենիք եւ պատիվ» միություն, «Հայաստանի կոմունիստների միություն» կուսակցություն, Հայաստանի Սոցիալ-Դեմոկրատական կուսակցություն, Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցություն, «Սոցուժերի եւ մտավորականների» միություն, համատեղ հայտարարությունը, ուր մասնավորապես ասված է. «Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական-քաղաքական կազմակերպություններս, ընդունել ենք միասնական ծրագիր՝ «Դեմոկրատական սոցիալիզմի ազգային մոդելը», եւ այն իրականացնելու համար համախմբվել «Սոցիալիստական Հայաստան» միավորման մեջ՝ նպատակ ունենալով սահմանադրական ճանապարհով օր առաջ պարտության մատնել ներկա սնանկ ռեժիմն ու երկրում հաստատել դեմոկրատական սոցիալիզմի համակարգ: Մենք հայտարարում ենք, որ քաղաքական, հատկապես, գաղափարական հակառակորդն ենք այն ուժերի, առաջին հերթին՝ ներկա իշխանությունների, որոնք դավանում են անսահմանափակ ազատական գաղափարախոսությունը՝ նվազագույնի հասցնելով պետության դերը տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, սոցիալական եւ հոգեւոր ոլորտներում: Մենք մերժում ենք այսօրվա իշխանությունների քաղաքականությունը, որի արդյունքում ժողովրդավարության շղարշի տակ երկիրը տքնում է կլանային համակարգի կապանքների, կոռուպցիայի ճիրանների, աղքատության եւ անարդարության մեջ»: Ապա Միավորման անդամներն ընդգծել են, թե երկրում ստեղծված վիճակի շտկումը պահանջում է, որ առաջիկա ընտրություններում՝ ստանալով ժողովրդի քվեն, ձեւավորվեն սոցիալիստական ուղղվածության գործադիր եւ օրենսդիր իշխանություններ: Այդ նպատակին հասնելու համար Միավորումն ակնկալում է ստանալ հասարակության սոցիալիստամետ հատվածի գաղափարական, բարոյական եւ գործնական աջակցությունը: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել