Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԴԻՄԱՆԿԱՐ, ՈՐԻ ՀԵՂԻՆԱԿԸ ՍՏԻ ԴԵՏԵԿՏՈՐՆ Է

Հունվար 17,2002 00:00

ԴԻՄԱՆԿԱՐ, ՈՐԻ ՀԵՂԻՆԱԿԸ ՍՏԻ ԴԵՏԵԿՏՈՐՆ Է Նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանին «Հոկտեմբերի 27»-ի գործի նախաքննության ընթացքում մի քանի անգամ տրվել էր նույն հարցը. «Ինչո՞ւ պետք է Ն. Հունանյանը զրպարտեր հատկապես Ձեզ»։ 1999 թ. նոյեմբերի 27-ի իր ցուցմունքում Ալեքսան Հարությունյանը նախ բացասաբար էր պատասխանել այն հարցին, թե արդյոք ինքը Հունանյանի հետ ունեցե՞լ է ընդհարումներ կամ հակասություններ։ Սակայն հետո քննիչի այն հարցին, թե «Ն. Հունանյանը որեւէ հիմք ունի՞ արդյոք Ձեզ զրպարտելու, թե՞ ոչ։ Եթե այո, ապա ինչո՞ւ», պատասխանել էր. «Գուցե այն, որ նախանձում է ինձ, կամ աշխատանք չեմ տվել։ Կամ ուզում է իմ անձի միջոցով ավելի մեծ ասպարեզի մարդկանց զրպարտել… Գուցե նա փորձում է բարձր պաշտոնյաների զրպարտել, ենթադրելով, որ ամեն ինչ կխառնի»։ Իսկ ի՞նչ պահանջներ էր իրենց հանդիպման ընթացքում առաջադրել Նաիրի Հունանյանը։ «Երեւում էր, որ նա ավելի շատ մտածում է իր կաշին փրկելու մասին, որովհետեւ ձեւեր էր փնտրում, թե ինչպես կենդանի մնա, ուր գնա (եկեղեցի, դեսպանատներ, Թուրքիա, օդանավով որեւէ երկիր, ուր մահապատիժ չկա) ԱԺ նիստ անի, որ իրենց ներում շնորհեն»,- պատմել էր նախագահի խորհրդականը նոյեմբերի 27-ին։ Սակայն ըստ նույն ցուցմունքի, հենց ինքը՝ Ալեքսան Հարությունյանն էլ ասել էր, թե ԱԺ-ն չի ներում շնորհողը. «Ներում շնորհում է նախագահը, դատապարտվելուց հետո։ Երբ իրենց դատը լինի, դիմեն նախագահին, միայն այդ դեպքում կարող են նման հույս ունենալ։ Հիմա պետք է հանձնվել։ Նույն բանը նրանց հետո ասաց նաեւ նախագահը։ Նպատակը՝ որ նրանք հանձնվեն։ Թեեւ չեմ կարծում, որ իրենք շատ էին հավատում, թե ներում կստանան։ Իսկ ուր կտեղափոխվեն, նրանք ինձանից չէին պահանջում, ասում էին, որ Գրիգոր Գրիգորյանն ասել է, թե ԱԱ-ում ավելի ապահով կլինի, որ իրենց հետ հաշվեհարդար չեն տեսնի, եւ նրանք ուզում էին դա երաշխավորի անձամբ նախագահը»։ Ի դեպ, Նաիրի Հունանյանի առաջադրած պայմաններից մեկն էլ այն էր, որ իրենց լավ դատապաշտպան տան։ Սա Ալեքսան Հարությունյանը հայտնել էր արդեն 2000-ի մայիսի 13-ի իր ցուցմունքում։ Նույն հարցաքննության ընթացքում նա արդեն այլ կերպ էր պատասխանել այն հարցին, թե ինչու է Հունանյանը հատկապես իրեն մատնանշել որպես դրդիչ։ «Նախ Ն. Հունանյանը պատճառներ ուներ ինձ չսիրելու,- պատասխանել էր Ալեքսան Հարությունյանը։- Նաեւ այդ գիշեր (հոկտեմբերի 27-ի) փաստորեն նրան խոստացվեց, որ արդար քննություն կլինի եւ դատ, կտան իրեն լավ դատապաշտպան։ Ն. Հունանյանը կարող է գնահատել, որ այդ խոստումները չեն կատարվել։ Հաջորդը՝ նա այժմ փորձում է իր պաշտպանության համար անել ամեն ինչ, գուցե ինձ զրպարտելը եւ այդպիսով մեծ քաղաքական խաղի մեջ մտնելն իր պաշտպանական տակտիկայի մաս է կազմում»։ Մի կողմ թողնենք Նաիրի Հունանյանի կամ նրա հանցակիցների հարափոփոխ ցուցմունքները. մենք «Հոկտեմբերի 27»-ի գործի նյութերից ընտրում ենք միայն այն տվյալները, որոնց արժանահավատությունը երբեք չի վիճարկվել՝ վկաների եւ նախկին մեղադրյալների հարցաքննությունները, պոլիգրաֆ (ստի դետեկտորով) հետազոտման արդյունքները։ Վերջիններիս եզրակացություններն էլ երբեք չենք ներկայացրել իբրեւ 100%-ով հիմնավորված, թեեւ նախկին մեղադրյալ Հարություն Հարությունյանը, իր վերջին հարցազրույցից դատելով, այլ կերպ էր ըմբռնել մեր հրապարակումը։ Ի դեպ, ուշագրավ է, որ չնայած պոլիգրաֆ հետազոտման արդյունքներով հաստատվել էր, թե Հարություն Հարությունյանն առնչություն չունի «Հոկտեմբերի 27»-ի գործին՝ այժմ նա պնդում է, թե ստի դետեկտորի վրա չի կարելի հիմնվել… Իսկ ի՞նչ եզրակացության են հանգել ռուս մասնագետները Ալեքսան Հարությունյանին պոլիգրաֆ հետազոտման ենթարկելուց հետո։ Նշենք, որ նա այդ սարքով հարցաքննվել է երկու անգամ՝ 2000 թ. փետրվարի 5-ին եւ փետրվարի 10-ին։ Թերեւս երկրորդ հետազոտման անհրաժեշտությունն էր առաջացել, քանի որ առաջին ստուգումից առաջ Ալեքսան Հարությունյանը մեկ շաբաթ շարունակ հանգստացնող դեղամիջոցներ էր ընդունել։ Իսկ այս սարքը գործում է «որսալով» հոգեֆիզիոլոգիական ռեակցիաները, ուստի դրանք չմատնելու լավագույն ձեւը հենց նախապես տրանկվիլիզատորներ ընդունելն է։ Սակայն առանձնապես էական հակասություններ չկան Ալեքսան Հարությունյանի երկու պոլիգրաֆ ստուգման արդյունքների միջեւ։ Այսպես, երկու անգամ էլ հաստատվել էր, որ նախագահի խորհրդականը ճիշտ է ասում, որ հանդիպել է Նաիրի Հունանյանին 1999 թ. ապրիլին եւ ստում է, երբ պնդում է, թե նրա հետ չի հանդիպել նույն տարվա սեպտեմբերին եւ հոկտեմբերի կեսին։ Ռուս փորձագետները եզրակացրել էին, որ Ալեքսան Հարությունյանը ճիշտ է ասում, որ Նաիրի Հունանյանի հետ հանդիպել է իր աշխատավայրում, բայց եւ նշել էին, թե այդ հարցը նրա համար զգայականորեն խիստ կարեւոր է. «Ինչը կարող է վկայել հանդիպման ժամանակ քննարկված հարցերի վերաբերյալ նրա ոչ լրիվ անկեղծության մասին»։ Վերլուծելով նրա պատասխաններն այն հարցերին, թե արդյոք Հունանյանի հետ հանդիպե՞լ է Օպերայի կամ «Առագաստ» սրճարանի մոտակայքում (ըստ Հունանյանի ցուցմունքների, հենց այդ վայրերում էր իրեն փոխանցվել դավադրության ծրագիրը), մասնագետները եզրակացրել էին. «Հետազոտվողի համար առավել կարեւոր է հանդիպման փաստը եւ ում հետ էր այն, ընդ որում, կարելի է ենթադրել, որ տրված հարցերում նշված չէ հանդիպման իրական տեղը»։ Երկրորդ հետազոտման մեջ «անորոշ…» է գնահատվել Ալեքսան Հարությունյանի ռեակցիան այն հարցին, թե արդյոք ահաբեկչությունից առաջ ինքը Նաիրի Հունանյանի հետ քննարկե՞լ է հեղաշրջման ծրագիրը։ Իսկ առաջին հետազոտման ժամանակ մասնագետները նաեւ ենթադրել էին, թե նրա ռեակցիան ավելի շատ վերաբերում է ոչ թե «ծրագիր» բառին, այլ «քննարկե՞լ եք Հունանյանի հետ» արտահայտությանը։ Զինդատախազության առաջադրած հարցին, թե Ալեքսան Հարությունյանը պայմանավորվե՞լ է Նաիրի Հունանյանի հետ այն մասին, որ Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո իրեն հանդիպման է կանչելու ԱԺ, պոլիգրաֆ երկու ստուգմամբ էլ նույն արդյունքն է ստացվել. «Հետազոտվողի ռեակցիան գնահատվում է ընդհանուր առմամբ իբրեւ կեղծ, սակայն գլխավորապես այն պետք է վերագրել «Դուք պայմանավորվե՞լ եք Նաիրի Հունանյանի հետ» բառերին»։ Սակայն ռուս մասնագետները հաստատել են, թե Ալեքսան Հարությունյանը չի ստում, երբ պնդում է, որ ինքը Նաիրի Հունանյանին չի հանձնարարել սպանել Վազգեն Սարգսյանին եւ Կարեն Դեմիրճյանին, եւ չգիտի այդ սպանությունների կազմակերպչի անունը։ Բայց առաջին հետազոտմամբ «բավականաչափ ճշմարտացի», իսկ երկրորդով՝ «անորոշ» գնահատականների է արժանացել նրա այն պատասխանի հավաստիությունը, թե արդյոք ինքը Նաիրի Հունանյանին խոստացե՞լ էր ուղիղ եթեր տրամադրել ԱԺ դահլիճում ահաբեկչությունից հետո։ «Բացարձակապես ոչ անկեղծ»,- երկու ստուգման ժամանակ էլ նույնն է եղել եզրակացությունը, թե արդյոք Ալեքսան Հարությունյանը ճի՞շտ է ասում, որ Նաիրի Հունանյանն իր ընկերը չէ։ «Շատ մոտ է ստին»,- սա էլ գնահատականն է Ալեքսան Հարությունյանի այն հերքմանը, թե սպանություններից հետո բանակցությունների ընթացքում ինքը չի ունեցել զրույցի գաղտնի թեմա, որը ցանկացել է թաքցնել ուրիշներից։ Մասնագետները նաեւ եզրակացրել են, թե նա սուտ է ասում, որ ԱԺ շենքում գտնվելու ընթացքում հատուկ չի առանձնացել Նաիրի Հունանյանի հետ հեռախոսազրույցի համար։ Պոլիգրաֆ ստուգումների ընթացքում տրվել են նաեւ հարցեր, որոնց միջոցով պիտի հնարավոր լիներ առավել ճշգրիտ բնութագրել հետազոտվողի անձը։ Ալեքսան Հարությունյանը բացասաբար էր պատասխանել այն հարցին, թե արդյոք իրեն համարո՞ւմ է ազնիվ մարդ։ Եվ հաստատել էր, թե իրեն համարում է վախկոտ։ Բայց պնդել էր, թե չի խաբում՝ պատասխանելով հարցերին եւ չի խաբել իր գործով քննիչներին։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ (Շարունակելի)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել