Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՎՄ-Ն ՈՒ ՆՐԱ

Հունվար 17,2002 00:00

ԱՎՄ-Ն ՈՒ ՆՐԱ ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ Ազատամարտի վետերանների միությունը սկսեց քայքայվել հատկապես այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ այդ՝ ի սկզբանե ազատամարտիկների սոցիալական խնդիրները լուծելու համար ստեղծված կազմակերպությունը որոշել է դառնալ հասարակական-քաղաքական կուսակցություն: Դե, մարդիկ գրասենյակ, կնիք ու աշխատակազմ ունեին, իրենց շուրջ, շատ թե քիչ, մարդիկ էին համախմբել, պետք էր մի բան մտածել եւ մտածեցին՝ զուտ ինքնապահպանման, թերեւս, նաեւ գործազուրկ չմնալու բնազդից դրդված: Իսկ, ըստ էության, ի՞նչ է կատարվել ԱՎՄ-ում, եւ ո՞րն է պատճառը, որ 4 համանախագահներից մնացել են երկուսը՝ արվեստագետ Արմեն Մազմանյանն ու նախկին դատավոր Համլետ Հովսեփյանն, ովքեր այսօր փոխադարձաբար միմյանց դեմ ուղղված հայտարարություններով են շփվում եւ հրապարակայնորեն կասկածներ են հայտնում, թե, մի դեպքում՝ Ա.Մազմանյանը, մյուս դեպքում՝ Հ.Հովսեփյանը, կուսակցությունը քայքայելով, չգիտես՝ ում պատվերն է կատարում: Ա.Մազմանյանին չենք հարցրել, բայց պարոն Հովսեփյանին երեկ հարցրինք՝ Ա.Մազմանյանն ո՞ւմ պատվերն է կատարում: «Չգիտեմ»,- եղավ պատասխանը: Իրականում ԱՎՄ-ն քայքայելու պատվիրատու թերեւս, չկա էլ: Այդ պարոնայք կամ ԱՎՄ-ի շուրջ խորհրդավորություն ստեղծելու համար են մութ սենյակում սեւ կատու փնտրում, կամ որոշել են՝ որքան հնարավոր է, միմյանց «փչացնել»: Եթե հավատանք Ա.Մազմանյանին եւ Հ.Հովսեփյանին՝ ԱՎՄ-ում սկսված կռիվը իսկական «Մի կաթիլ մեղր» է: Ըստ Հ.Հովսեփյանի եւ նրա կողմնակիցների, ԱՎՄ համանախագահներից մեկը՝ Ա.Մազմանյանը, որ կազմակերպության աշխատանքները նախագահելու իրավունք է ստացել դեռ 2001-ի հոկտեմբերից՝ համաձայն կանոնադրության եւ մեկ տարի ժամանակով՝ «երեք ամսվա ընթացքում երեք անգամ կուսակցությունում չի եղել»: «… չգիտեմ՝ «Գոյակի՞», վարկերի՞ խնդիր ունի, թեեւ մենք էլ պատրաստ ենք մեր ընկերոջն օգնել եւ ինչ-որ չափով նաեւ օգնել ենք: Բայց էդ մարդն արվեստագետ է ու պետք է զբաղվի իր դերասանական աշխատանքով, իսկ համանախագահի ինստիտուտը ամեն մեկն իր կողմն է քաշում»,- երեկ հայտարարեց ԱՎՄ համանախագահ Հ.Հովսեփյանը: Կռվի հիմնական պատճառն այն է, որ, ըստ Հ.Հովսեփյանի՝ ԱՎՄ կառույցների 1/3-ի պահանջով, Հանրապետական խորհրդի նախաձեռնությամբ կուսակցությունը պարտավոր է արտահերթ համագումար հրավիրել՝ կանոնադրական խնդիրներ լուծելու՝ համանախագահողների ինստիտուտը կուսակցության միանձնյա նախագահով փոխարինելու համար: Ա.Մազմանյանի պնդմամբ, ոչ մի արտահերթ համագումար էլ չի կարող լինել. ո՛չ այդ 1/3-ի պահանջը կա, ո՛չ էլ վարչության ու ԱՎՄ նախագահի որոշումն ու հրամանը: Ինչպես հիշում եք՝ մի ժամանակ ԱԺՄ-ում էր, հիմա էլ ԱՎՄ-ում է փաստացի երկիշխանություն, եւ կողմերից յուրաքանչյուրը պնդում է, թե հատկապես իր կողմնակիցներն են մեծամասնություն կազմում, ուստի դեմոկրատական ցենտրալիզմից ելնելով հենց իր ասածը պետք է հիմք լինի համագումար անցկացնել-չանցկացնելու հարցում: Ընդ որում, ԱՎՄ-ում էլ է տեղ գտել կուսակցության կնիքն ու փաստաթղթերը մեջ-մեջ անելու արատավոր, բայց արդեն ավանդույթ դարձող երեւույթը: «Մի կնիքն է մնացել պարոն Մազմանյանի մոտ, որը մի երկու օրից շատ հանգիստ կվերադարձնի մեզ: Նա հայտարարում է, թե իբրեւ մենք կուսակցության փաստաթղթերը գողացել ենք: Չենք գողացել. բացահայտ վերցրել-տարել ենք, որովհետեւ կառույցների մեծամասնությունն ասում է՝ փաստաթղթերը չթողնեք իրենց, իրենք տասնքանի հոգի են»,- վստահեցրեց Հ.Հովսեփյանը: Ա.Մազմանյանն էլ նախորդ օրը դեռ հայտարարեց, թե այդ նույն Հ.Հովսեփյանի, որ ԱՎՄ համանախագահն է, լիազորություններն ու իրավունքները ԱՎՄ շարքերում դադարեցվում են: «Իմ լիազորությունները ինչ-որ մարդու ինչ-որ հրամանով ո՞նց կարող են դադարեցվել, երբ ես ընտրվել եմ համագումարի կողմից: Եթե չեն վախենում՝ թող գան համագումարի, թող պարոն Մազմանյանն էլ դնի իր թեկնածությունը: Ես՝ որպես համանախագահ, պատրաստում եմ հունվարի 18-ին համագումարի անցկացումը: Թե այնտեղ ով կառաջադրվի կամ կընտրվի՝ թող ընտրվի: Ով ընտրվի՝ նրան էլ կշնորհավորենք»,- իրենն էր պնդում Հ.Հովսեփյանը: Ահավասիկ այս կեղտոտ մթնոլորտում գործունեություն ծավալող մարդիկ եւ մասնավորապես պարոն Հովսեփյանը շարունակում են հերքել լրագրողների այն դիտարկումը, թե ԱՎՄ-ում պարզապես աթոռակռիվ է ընտրություններից առաջ եւ պնդում են, թե հարցը ո՛չ անձնական է, ո՛չ գաղափարական: Ըստ Հ.Հովսեփյանի, պարզվում է ԱՎՄ-ում արդեն շուրջ 8 ամիս սկսված խառնաշփոթի, 4 համանախագահներից երկուսի հրաժարականների ու բացարկների, կնիքն ու փաստաթղթերը տակով անելու միակ պատճառն ու մեղավորը ԱՎՄ-ի համանախագահության ինստիտուտի գոյությունն է: Չգիտես, ասես՝ պատճառաբանությունը միամի՞տ է, թե՞ խորամանկ: Պարզապես հիշեցինք կռիլովյան առակը: «Քառյակի» /«Կվարտետ»/ հերոսներին էլ էր թվում, թե նվագելու արվեստը ոչ թե տաղանդի, այլ՝ քառյակի դասավորության մեջ է: Ահա տեղական ինքնակառավարման մարմինների, նախագահական ու խորհրդարանական ընտրությունների պատրաստվող ԱՎՄ-ում էլ կարծում են, թե իրենց դժբախտությունների պատճառը ոչ թե իրենց արհեստական ծնունդն ու քաղաքական գաղափարախոսության, ինտելեկտի պակասն է, այլ՝ համանախագահների ինստիտուտը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել